Ոստիկաններն այդ կարգավորումների իրավական զոհն են․ Թաթոյանը՝ ԶԼՄ-ների համար սահմանված սահմանափակումների մասին

19:49 04-11-2020

«Ռազմական դրության ժամանակ, հասկանալի պատճառներով, կարող են լինել խոսքի ազատության սահմանափակումներ, որպեսզի պետությունը կարողանա կառավարել  տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը, սակայն, դրա հետ մեկտեղ, այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ․ չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են անգամ ընկալման տեսակետից,  կամ որոնք տարակարծություններ և անորոշություններ են առաջացնում, առավելևս, որ դրանք տարածվում են անհատ լրագրողների և լրատվամիջոցների վրա»,- անդրադառնալով  ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իր որոշմանը՝ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այդ կարգավորումները պետք է լինեն բարձր աստիճանի կոնկրետության, որ քաղաքացու, լրագրողի և լրատվամիջոցի համար հստակ լինի, թե որ արարքն ինչ պատասխանատվության կարող է բերել։ Խնդիրներ են առաջացել նաև ոստիկանության համար։ Ես տեսնում եմ ոստիկանների նկատմամբ քննադատություն, բայց այդ քննադատությունն անարդար է ինչ-որ տեղ թվում,  որովհետև ոստիկաններն այս կարգավորումների իրավական զոհն են։ Նշեմ, որ ես՝ Մարդու իրավունքների պաշտպանս, դիմել է ոչ թե այդ սահմանափակումները չեղարկելու կամ զրոյացնելու, այլ հստակ կոնկրետություն մտցնելու հարցով»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ օրենքի նախագծերը նախապես ՄԻՊ գրասենյակ չեն ուղարկվել կարծիքի համար։

Արման Թաթոյանը նշեց, որ Սահմանադրական դատարան է  դիմել իր համար խնդրահարույց համարվող չորս կետով՝ կարծիքի արտահայտման ազատության, որոշակիության, համաչափության և ինչպես նաև այն հարցով, որ պետության ներսում սահմանված սահմանափակումները չեն կարող լինել ծավալով ավելին, քան միջազգային կարգավորումներն են։

Արման Թաթոյանը հավելեց, որ դիմումն արդեն մուտքագրվել է ՍԴ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ը ռազմական դրության հիմքով մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան երեկ՝ նոյեմբերի 3-ին։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Հրապարակումը՝ 168.am-ի