ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ «ԱՌԱՎՈՏ»-Ի ՏԱՐԵԴԱՐՁԸ

17:58 02-08-2025

Նորանկախ Հայաստանի առաջին լրատվամիջոցներից մեկը՝ «Առավոտ» օրաթերթը, նշում է հիմնադրման 31-ամյակը։ Դա պատկառելի ժամանակահատված է ցանկացած լրատվամիջոցի համար և վկայում է ժամանակի ու վայրիվերումների փորձություններին դիմակայելու կարողության, «Առավոտի» ստեղծագործական թիմի բացառիկ պրոֆեսիոնալիզմի և լրագրությանն անվերապահորեն նվիրվածության մասին։

Հիմնադրման 31-ամյակն «Առավոտը» նշում է հերթական, բայց անցած տասնամյակների համատեքստում՝ գուցե ամենազազրելի փորձության պայմաններում․ իշխանությունները՝ իրավական ինչ-որ անհեթեթ ձևակերպմամբ, լրատվամիջոցին վտարում են Մամուլի շենքի տարածքից, որում «Առավոտը» գործել է 31 տարի շարունակ։ Ցանկացած խելամիտ իշխանություն կվարվեր ճիշտ հակառակ կերպ՝ հենց երեք տասնամյակ գործելու առիթով պետական տարածքը կհատկացներ լրատվամիջոցին՝ ի նշան Հայաստանի հանրային, քաղաքական ու քաղաքացիական կյանքում նրա ունեցած բացառիկ դերակատարության ու ներդրումի։ «Առավոտի» հետ այսօր կատարվողը, սակայն, հերթական անգամ վկայում է մեր հանրային, քաղաքական ախտահարվածության մասին, ինչը, վստահաբար, չի ընկճելու մեր գործընկերներին և ավելի ամրացնելու է ազատ խոսքի ու պատասխանատու լրագրության միջոցով պետությանն ու հասարակությանը ծառայելու նրանց հավատամքը։

«Առավոտ» օրաթերթը սոսկ լրատվամիջոց չէ և ոչ էլ օրաթերթի հաջողության պատմություն։ «Առավոտը» հայկական մամուլի հիմնադիր անբաժան միավորներից մեկն է, որը, միևնույն ժամանակ, լրագրության չհայտարարված դպրոց է եղել ու է բազմաթիվ լրագրողների համար։ «Առավոտը» ստեղծել է արժեքներ, սկզբունքներ, ձևավորել է դրանց հավատարիմ պրոֆեսիոնալների՝ իր հենց այդ առաքելությամբ ու ավանդույթներով դառնալով հակաարժեքային, անսկզբունք ու պոպուլիստ իշխանությունների թիրախը։ Արեժքներն ու ավանդույթները, սակայն, մնայուն են, դրանց դեմ պայքարն ու պայքարողները՝ անցողիկ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է «Առավոտ» օրաթերթի ողջ անձնակազմին՝ նրա գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի գլխավորությամբ, մաղթելով ժամանակի մանր փորձություններին դիմագրավելու կարողություն և հայաստանյան մամուլում ունեցած դերն ու առաքելությունը շարունակելու հաստատակամություն։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ