«Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության նախապատրաստումն ու հանդիսության անցկացումը հանրային դրամահավաքով կազմակերպելը խորհրդանշական է. հայտնի լրագրողը երկրպագուների մեծ լսարան ուներ, և սա յուրօրինակ ձև է՝ նրան վերադարձնելու իր անմնացորդ մասնագիտական նվիրումի արդյունքները։ Կարևոր է նաև, որ լրագրողները նույնպես մասնակցեն դրամահավաքին, որում ձևավորվելու է իրենց լավագույն գործընկերներից մեկի մրցանակային պարգևը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը (բնօրինակը՝ կից լուսանկարում)։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվում։
Մրցանակաբաշխությունը հանդիսավոր հավաքով կամփոփվի Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։
Իսկ մրցանակն ինքնին կխրախուսի բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և անկողմնակալության վրա հիմնված լրագրությունը Հայաստանում։ Այն կարևոր է, քանի որ նպաստում է ոլորտի արժևորմանը, մասնագիտական չափանիշների բարձրացմանը և հանրային վստահության վերականգնմանը լրագրողների նկատմամբ։
«Հո դեմ չե՞ք», ինչպես իր հայտնի հեռուստատեսային հաղորդաշարերից մեկն էր («Անցում Դուլյանի հետ») ավարտում Արմեն Դուլյանը։

Ինքն՝ Արմեն Դուլյանը, երբևէ չի ստացել մասնագիտական որևէ մրցանակ։ Ուրախ կլիներ ստանալ, բայց չի ստացել։
Հայաստանում լրագրողական հեղինակավոր և անկողմնակալ համազգային մրցանակ չկա կամ գրեթե չկա։ Շատ լավագույն լրագրողներ ոչ միայն կենդանության օրոք չեն խրախուսվում մրցանակներով, այլև մահվանից հետո նրանց մասնագիտական ժառանգությունն ու պրոֆեսիոնալ կարևոր սկսզբունքները մոռացության են մատնվում։ Մրցանակն այդ ամենը մի փոքր շտկելու միջոց է։
Արմեն Դուլյանի «լրագրողական պատվիրանների» հանրայնացումը կշեշտի պրոֆեսիոնալ, ազնիվ, անկողմնակալ լրագրող լինելու կարևորությունը, ինչը կարող է դաշտի համար օրինակելի նշանակություն ունենալ։
«Արմեն Դուլյան» մրցանակը կխրախուսի բարձր պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով առաջնորդվող, անկողմնակալ լրագրությունը։ Իսկ բարձրաճաշակ և բարձրորակ հեղինակային արձանիկը կխթանի և կընդգծի ամեն ինչում որակյալ լինելու, կատարելության հասնելու մասնագիտական ձգտումը, ինչը բնորոշ է եղել Արմեն Դուլյանին
Հայտնի լրագրող և հրապարակախոս Արմեն Դուլյանի հիշատակին, ինչպես նաև պրոֆեսիոնալ, անկողմնակալ լրագրությունը խթանելու նպատակով՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը 2025 թվականին հայտարարեց «Արմեն Դուլյան» ամենամյա մրցանակ հիմնելու մասին, որը կշնորհվի 2026 թվականից։

2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։ Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվեց reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։ Այս տարվա մրցանակակրին ընտրելու համար ձևավորվել է մրցութային հանձնաժողով, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է, և որում ընդգրկված են Արմեն Դուլյանի լրագրողական վաստակը գնահատող և սկզբունքներն ընդունող հայտնի լրագրողներ։
Այժմ, ինչպես մրցանակը հիմնելիս կամեցել են նախաձեռնող խումբը և Հայաստանի ժուռնալիստների միությունը, հայտարարվում է դրամահավաք՝ մրցանակային ֆոնդը ձևավորելու և մրցանակաբաշխության հանդիսությունը կազմակերպելու, ըստ պատշաճի անցկացնելու համար։

Արմեն Դուլյանի լրագրողական 10 «պատվիրանները»
1.Մի՛ ստիր:
2.Մարդկային արժանապատվությունը մի՛ վիրավորիր:
3.Չստուգված փաստեր մի՛ հրապարակիր:
4.Իշխանությունների կամ ընդդիմության կողմը մի՛ բռնիր:
5.Գործընկերոջդ դեմ մի՛ գրիր:
6.Քաղաքական պատվեր մի՛ կատարիր:
7.Խղճիդ դեմ մի՛ մեղանչիր:
8.Ընթերցողին և ունկնդրին մի՛ հաճոյացիր:
9.Խելք մի՛ սովորեցրու:
10.Անձանց և ազգերի նկատմամբ ատելություն մի՛ սերմանիր:
ԲՅՈՒՋԵ
Ծրագրի բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ.
