Շնորհավորում ենք համաեվրոպական «Օրեր» ամսագրի 25-ամյա հոբելյանը

14:13 27-09-2024

Արդեն 25 տարի Եվրոպայի կենտրոնում՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, լույս է տեսնում համաեվրոպական «Օրեր» ամսագիրը:
25 տարի շարունակ շատերիս համար սիրելի այս պարբերականը լուսաբանում է Հայաստանի և Արցախի կարևոր իրադարձությունները, Հայաստան-Եվրոպա հարաբերությունները, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերը, տնտեսական համատեղ ծրագրերը, հայ-չեխական բոլոր ձեռնարկները, նշանավոր մարդկանց, կառավարության անդամների ու հասարակական գործիչների գործունեությունը, կարևոր մշակութային միջոցառումները, Սփյուռքի խնդիրները, ներկայացնում է աշխարհասփյուռ հայերի հաջողության պատմությունները…

Ամսագրի հիմնադիրներին հաջողվել է դառնալ հայի ինքնությունը պահպանող և քարոզող մի հարթակ, որն իր շուրջն է համախմբել մտավորականությանը:

Մենք գիտենք՝ որքան դժվար է այսօր ստեղծել և կայացնել հայալեզու լրատվամիջոց, առավել ևս՝ Սփյուռքում: Մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկեր, ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին և նրա ստեղծագործական թիմին:

44-օրյա պատերազմից և Արցախի կորստից հետո էլ «Օրեր» ամսագիրը շարունակում է իր սուր պայքարն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ քարոզչական պատերազմում՝ ներկայացնելով Հայաստանը, Արցախը, հայկական մշակույթը, պատմական ժառանգությունը, մեր պետության առջև կանգնած մարտահրավերները:

Հայաստանի ժուռնալիստների միությունը 25-ամյա հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում է «Օրեր» ամսագրի խմբագրակազմին ու ընթերցողներին, մաղթում, որ Եվրոպայի 25 երկրներում տարածվող ամսագիրն ընդլայնի իր աշխարհագրությունը և շարունակի իր գործունեության առանցքում պահել հայապահպանության և Հայաստանի ազգային ու պետական նվիրական երազանքների իրականացման խնդիրները:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
Սաթիկ Սեյրանյան
26.09.2024թ.