Հայաստանի Ժուռնալիստների միությունը ստեղծվել է 1959թ մարտի 27-ին։ Ավելի քան 55 տարվա ընթացքում միությունը կայացման, բարեփոխումների լուրջ ճանապարհ է անցել․ բազմապատկվել է միության անդամների թիվը, ժուռնալիստների, հատկապես երիտասարդների, մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ բազմաթիվ նախագծեր են իրագործվել։
Հայաստանի Ժուռնալիստների միության գործունեության արմատական փոփոխություն կատարվեց անկախության տարիներին՝ ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման, օրենսդրական դաշտի հստակեցման, խոսքի, մամուլի ազատության գերակայության, ժուռնալիստների իրավունքների պաշտպանության և այլ հարցերում: 2003թ դեկտեմբերի 12-ի ՀԺՄ X համագումարում ընդունվեց Հայաստանի Ժուռնալիստների միության անդամի էթիկայի կանոնագիրը։
ՀԺՄ գործունեությունը
Հայաստանի Ժուռնալիստների միությունը գործում է ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի, այլ իրավական ակտերի և ՀԺՄ կանոնանդրության համապատասխան։
Կազմակերպության նպատակն է՝
- Նպաստել մամուլի և խոսքի ազատության սկզբունքների իրականացմանը
- Պաշտպանել կազմակերպության անդամների մասնագիտական շահերը, իրավունքները, պատիվը և արժանապատվությունը, ինտելեկտուալ սեփականության իրավունքը,
- Աջակցել ժուռնալիստների օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովմանը, մասնագիտական վարպետության բարձրացմանը, լրագրողների մասնագիտական համերաշխության ապահովմանը
- Միջազգային օրենքների համապատասխան կատարելագործել ԶԼՄ –երի օրենսդրական դաշտը։