Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
Հատուկ զեկույց հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ
Նախաբան
Սույն հատուկ զեկույցում անդրադարձ է կատարվում հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման կազմակերպած հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ։
Նախորդ ամիսներին անդրադարձել էինք ոստիկանության կողմից հավաքների նկատմամբ անհարկի միջամտություններին, բռնություններին և ձերբակալություններին[1], խաղաղ հավաքների իրավունքի իրացման դեմ օրենքով չնախատեսված «պատիժներով»՝ վարժական հավաքներին ներգրավելու սպառնալիքներին[2], ինչպես նաև ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի՝ «կարմիր բերետների» աննախադեպ բռնություններին, անպատժելի գործելաոճին և վերջիններիս անհամատեղելիությանը՝ խաղաղ հավաքների վարչարարության հետ[3]։
Վերջին իրադարձությունների և զարգացումների համատեքստում արձանագրում ենք, որ վերհանված խնդիրները չեն լուծվել, ինչի բացասական ազդեցությունը շարունակում է դրսևորվել, ներառյալ՝ հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված հավաքի թերի վարչարարությամբ, մասնակիցների նկատմամբ կիրառված բռնություններով, օրենքի և անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով և առանց անհրաժեշտության հատուկ միջոցների կիրառմամբ, որից արդյունքում տուժել են 100-ից ավելի անձ, ներառյալ՝ լրագրողներ և օպերատորներ։
Հավաքի ընդհանուր նկարագրությունը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որի ղեկավարը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, սկիզբ էր առել ապրիլին՝ Տավուշի մարզում սկսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների ընթացքում Հայաստանի միակողմանի տարածքային զիջումների դեմ։
Մայիսի 9ին շարժումը տեղափոխվեց Երևան, որի շրջանակներում կազմակերպվում էին հանրահավաքներ, երթեր, քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողություններ՝ պահանջելով Ն․ Փաշինյանի հրաժարականը։ Հունիսի 10-ին շարժման մասնակիցները Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկին՝ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նստավայրին հարող տարածքում վրաններ տեղադրեցին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։
Հավաքի մեկնարկը և առաջին ընդհարումը
Հունիսի 12-ին, ժամը 15։00-ից մեկնարկեց շարժման հանրահավաքը։ Հավաքին զուգահեռ ԱԺ-ում տեղի էր ունենում Կառավարության հարցուպատասխանը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը, իսկ նստավայրի բոլոր մուտքերն արգելափակված էին ոստիկանական ուժերով։ Ոստիկանությունը արգելափակել էր նաև Դեմիրճյան փողոցի հակառակ մայթում գտնվող Սիրահարների այգու՝ խաչմերուկին առընթեր մուտքը, թեև մետրոյի Բաղրամյան կայարանի կողմից այգին բաց էր տեղաշարժի համար։ Ոստիկանության ուժերում ներգրավված էին ծառայողներ գրեթե բոլոր ՀՀ մարզերից, ինչպես նաև ոստիկանության զորքերը և «կարմիր բերետների» գումարտակը։ Ոստիկանության ուժերը ԱԺ նստավայրի շուրջ։
Ճաղավանդակների մոտ տեղակայված են Սյունիքի մարզի ոստիկանության ծառայողները, որոնք ոստիկանին անձնապես նույնականացնող տարբերանշաններ չեն կրում։ Հավաքի ղեկավարները ելույթներ ունեցան բեմահարթակից, շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնելու վերաբերյալ և պահանջեց հանդիպում Ն․ Փաշինյանի հետ՝ վերջինիս «խաղաղ, անցնցում հեռանալը» քննարկելու նպատակով[4]։
Միաժամանակ, արքեպիսկոպոսը կոչ արեց ցուցարարներին ոստիկանության հետ չհաղորդակցվել[5], իսկ այլ քաղաքացիներին՝ միանալ իրենց հավաքին։
Ելույթից կարճ ժամանակ անց՝ 5։30-ի սահմաններում, նա մոտեցավ Դեմիրճյան փողոցի ոստիկանության շղթային, պահանջելով բացել ճանապարհը, ինչը մերժվեց ոստիկանության կողմից։ Արքեպիսկոպոս Գալստանյանը բարձրախոսով հավաքի մասնակիցներին կոչ արեց մնալ իրենց տեղերում՝ «կանգնել այնքան, որքան անհրաժեշտ է»[6]։
Ոստիկանությունը, պնդելով արգելքը, հղում կատարեց «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածին, ճանապարհը չբացելը պայմանավորելով ԱԺ բնականոն գործունեությունը ապահովելու անհրաժեշտությամբ[7]։
Արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին պահանջեց ճանապարհը բացել, ինչին հաջորդեց ձեռքի բարձրախոսով ոստիկանության զգուշացումը՝ «դադարեցնել ագրեսիվ կոչերը, հայտարարությունները և հակաօրինական գործողությունները․ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու դեպքում, ձեր հանդեպ կկիրառվեն հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ և ողջ պատասխանատվությունը կընկնի կազմակերպիչի վրա»[8]։
Շարունակելով, ոստիկանությունը հորդորեց կանանց, երեխաներին և տարեցներին իրենց անվտանգության համար հեռանալ։ Ոստիկանության կոչը լսվում էր միայն առաջին շարքերում, որտեղ ցուցարարների աղմուկի ներքո էլ ավելի էր խլանում[9]։
Հայտարարությունը առաջացրեց առաջին շարքերում կանգնած ցուցարարների վրդովմունքը, որոնք սկսեցին սուլել և վանկարկել։ Հավաքի ղեկավարների և ոստիկանների փոխադարձ պահանջներից որոշ ժամանակ անց ցուցարարները ետևի շարքերից սկսեցին հրել իրար դեպի ոստիկանության շղթան, ինչին ոստիկանները հակազդեցին վահաններով և ռետինե մահակներով։ Որոշ ցուցարարներ պլաստիկ շշեր և այլ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ, ոստիկանները՝ նույնպես։ Այդ ընթացքում հավաքի բազմաթիվ մասնակիցներ և ղեկավարները կոչ էին անում առարկաներ չնետել[10]։
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և «կարմիր բերետները»՝ ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոցի ընթացքում։ Ցուցարարների կողմից նետված պլաստիկ շշեր և այլ առարկաները ոստիկանները ետ էին նետում մարդկանց բազմության վրա, ինչը ավելի էր խորացնում լարվածությունը։ Ընդ որում, «կարմիր բերետները» շշեր էին նետում ցուցարարների վրա ոչ միայն «ի պատասխան», այլ համեմատաբար հանդարտ իրավիճակներում[11]։ Հրմշտոցը տևեց մոտ 10 րոպե, այնուհետև լարվածությունը որոշ չափով թուլացավ։ Այդ ընթացքում, ուղիղ եթերով, Ն․ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր էն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում, և ինչպես նախկինում, հետագայում էլ, առավել սկզբունքայինները իրանց աշխատանքի դրական գնահատականը կստանան[12]»։
Երկրորդ ընդհարումը և լուսաձայնային նռնակների կիրառումը
Հրմշտոցից հետո թեև առկա էր որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, մեկ ժամից ավել միջադեպեր տեղի չունեցան։ Ժամը 19։30-ին ոստիկանության շղթայի մոտ կրկին սկսվեց հրմշտոց, երբ հավաքի վայրում գտնվող ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ճեղքել ոստիկանական շղթան՝ ցանկանալով գնալ դեպի Ազգային ժողով[13]։ Ոստիկանությունը, կրկին, թույլ չտվեց և հրմշտոցը շարունակվեց[14]։ Այդ ընթացքում ցուցարարների մի խումբ՝ անցնելով ցանկապատերի վրայով և կոտրելով դրանք, մուտք գործեց Սիրահարների այգի[15]։
Այդ ընթացքցում Սիրահարների այգի էին մտել նաև «կարմիր բերետները»։ Հարկ է նշել, որ այգին մետրոյի Բաղրամյան կայարանի կողմից մշտապես բաց էր և այնտեղ արդեն իսկ ներկա էին ինչպես հավաքի մասնակիցներ, այնպես էլ հավաքի հետ կապ չունեցող քաղաքացիներ, երեխաներ։ Սիրահարների այգի մուտք գործած ցուցարարները չփորձեցին անցնել ոստիկանության ուժերի թիկունք, այլ շարունակեցին մնալ այգու տարածքում, ինչը երևում է նաև տեսագրություններում[16]։ Ականատեսների պնդմամբ՝ երբ ցուցարարները մուտք գործեցին սիրահարների այգի, «կարմիր բերետները» ծեծում էին մարդկանց, ինչը բարձրացնում էր լարվածությունը[17]։ Միևնույն ժամանակ «կարմիր բերետները» ցուցարարների հետ մտնում էին վիճաբանությունների մեջ, անհարկի բերման ենթարկում նրանց, իսկ այլ ցուցարարներ քաշքշում էին, որպեսզի թույլ չտան[18]։
«Կարմիր բերետները» և ցուցարարները՝ Սիրահարների այգում։ Տեսագրություններում երևում է, որ «կարմիր բերետներին» հանգստացնելու փորձեր էին անում այլ ոստիկաններ և պաշտոնյաներ, օրինակ՝ Արարատի ոստիկանության գնդապետ Մ․ Ա․ Հակոբյանը, որը փորձում էր թույլ չտալ բերման ենթարկել մասնակիցներից մեկին, գնդապետ Գ․ Ազիզյանը, որը միջամտում էր «կարմիր բերետների» գործողություններին երկու այլ ցուցարարների նկատմամբ, որոնցից մեկին բերետավորը քաշում էր մազերից[19]։ Իրավիճակը կայունացնելու ջանքեր էին գործադրում նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կ․ Ցուցուլյանը, ոստիկանության պետի տեղակալ Ա․ Խուդինյանը՝ ետ կանչելով բերետավորներին[20]։ «Կարմիր բերետների» ստորաբաժանման հրամանատար Ա․ Ղազարյանը նույնպես հետ էր քաշում ենթականերին ցուցարարներից։
Ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանը տվյալ պահին գտնվում էր այգում և, ենթադրաբար, համակարգում էր գործողությունները։ Ոստիկանությունը փակում է Սիրահարների այգու դարպասը, որից հետո այգում մնում են միայն ցուցարարները, լրագրողները և այգու այցելուները։
Որոշ ժամանակ անց «կարմիր բերետները» և մյուս ոստիկանները դուրս եկան այգուց և փակեցին դարպասները, ինչը վկայում է, որ որևէ ցուցարարի նկատմամբ հարկադրանք կիրառելու նպատակ ոստիկանությունը չուներ։
Ընդ որում, այգու տարածքից դուրս եկող վերջին ոստիկանների թվում էին ոստիկանության ղեկավար կազմը, ովքեր այնուհետ գտնվում էին այգու դարպասներից մի քանի մետր հեռավորության վրա, իսկ այգում մնացած ցուցարարները տեսանելի էին նրանց համար։ Թեև մթնոլորտը լարված էր, այնուամենայնիվ պարզ էր, որ այգու տարածքից ոստիկանների վրա «գրոհելու» փորձ չի արվել և այդպիսի նպատակ հնարավոր չէր վերհանել[21]։ Ոստիկանությունը, ինչպես մինչ այդ, արգելափակել էր Դեմիրճյան փողոցի մուտքը։ Լուսաձայնային նռնակների կիրառումից անմիջապես առաջ կատարված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը իրար հետ զրուցում։ Անմիջապես դրանից հետո Հ․ Բաբայանը ձեռքի շարժումներով իր մոտ է կանչում այլ ոստիկանների և ցույց տալիս այգու դարպասի ուղղությունը։
Այնուհետև, ոստիկանները իրար են փոխանցում նռնակը, դիրքավորվում և նետում այգում կանգնած խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Նռնակները նետվում են ոստիկանապետի և զորքերի հրամանատարի խոսակցությունից ուղիղ 20 վայրկյան անց՝ նրանց մոտ գտնվող ոստիկանների կողմից։ Նշված դեպքերը, համապատասխան նշումներով, երևում են այս տեսանյութում։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հ․ Բաբայանի կողքը կանգնած ծառայողը երկրորդ լուսաձայնային նռնակն է նետում Սիրահարների այգու ուղղությամբ։ Հաշվի առնելով, թե որտեղից և որ ուղղությամբ էին ոստիկանները նետում նռնակները, ակնհայտ է, որ որևէ կերպ չէին կարող հաշվարկել և պահպանել դրանց՝ մարդուց առնվազն 2․5 մետր հեռավորության վրա կիրառելու չափանիշները։ Առաջին պայթյուններից հետո հավաքի վայրում խուճապ սկսվեց, առանձին ցուցարարներ սկսեցին հայհոյել և տարբեր առարկաներ նետել ոստիկանության ուղղությամբ։ Նռնակներից մեկը նետվել էր լրագրողների և օպերատորների խմբի ուղղությամբ։
Ըստ լրատվական կազմակերպությունների հայտարարության՝ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով վնասվածքներ են ստացել 10 լրագրող և օպերատոր[22]։ Նռնակներից մի քանիսը ընկել էին պաշտպանության միջոցներ չունեցող ոստիկաններից փոքր հեռավորության վրա[23]։ Լուսաձայնային նռնակը պայթում է լրագրողների և օպերատորների առջև (լուսանկարը՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության)։
Մի քանի դեպքերում լուսաձայնային նռնակները նետվել էին ուղիղ ցուցարարների բազմության վրա։ Տեսագրություններից մեկում երևում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին, որից հետո վերջինս կռացել, վերցրել է այն և նռնակը պայթել էր ձեռքի մեջ[24]։ Վիրավորման պատճառով ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել էր, կորցրել էր երեք մատ։ Հաջորդ օրը բժշկական հաստատությունից ցուցարարը հայտնել էր, որ նռնակը վերցնելիս մտածել է, թե արդեն պայթած մնացորդ է, քանի որ չի իմացել նռնակը ինչ տեսք ունի[25]։
Ցուցարարի վրա նետված լուսաձայնային նռնակը պայթում է ձեռքի մեջ։ Հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառեց առնվազն 20 լուսաձայնային «Զարյա» տեսակի նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում և մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա[26], մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Ոստիկանությունն իր սպառազինության մեջ ուներ նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, օրինակ՝ փշալարային պատնեշ կամ ջրանետ մեքենա, որը կայանած է եղել հավաքի վայրից ոչ հեռու[27]։
Ձախ նկարում՝ ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակը՝ նետված հավաքի մասնակիցների ուղղությամբ (լուսանկարը՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության)։ Աջ նկարում՝ «Զարյա» լուսաձայնային նռնակի ամբողջական տեսքը։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ հավաքի վայրից բուժօգնության է դիմել 101 քաղաքացի և ոստիկան[28]։
Լուսաձայնային նռնակներից մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարների քանակը աննախադեպ էր երկար ժամանակահատվածի համար՝ գերազանցելով 2016 թ․ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի գրավման ընթացքում տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացածների քանակը (73 հոգի)[29]։ Ոստիկանների նետած լուսաձայնային նռնակները պայթում են խաղաղ ցուցարարների բազմության մեջ։
Բռնություններ
Ցուցարարներին ծեծի ենթարկելու հիմնական դեպքերը տեղի են ունեցել ոստիկանական պատնեշի հետին տարածքում, որտեղ ներկա չեն եղել լրագրողներ։ Դրանք արձանագրվել են դրոնի, ինչպես նաև հավաքի վայրից կատարված տեսանյութերում։ Ըստ օդային տեսագրության՝ նռնակների կիրառման ընթացքում կարմիր բերետավորները և ոստիկանության զորքերի ծառայողները խմբով ծեծի են ենթարկում արգելանքի վերցված երկու ցուցարարի[30]։ Մեկ այլ օդային տեսագրության մեջ «կարմիր բերետները» ցուցարարին ծեծելով տեղափոխում են ոստիկանության շարքի խորքերը, որի ընթացքում այլ ոստիկաններ նույնպես հարվածներ են հասցնում, ներառյալ՝ մահակով[31]։ Այլ դրվագում ցուցարարի են ծեծում ոստիկանության զորքերի ծառայողները[32]։ Ոստիկանության մեքենայում կատարված մի տեսագրությունով էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության զորքերի երեք ծառայողներ մազերից քաշելով, ծեծելով և հայհոյելով բերման ենթարկում պատառոտված շորերով ցուցարարի[33]։ Փաստաբան Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ լրագրող և հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանին բերետավոր ոստիկանները բռնել են պետի ուղիղ ցուցումով և մի քանի հոգով, ոտքերով և ձեռքերով դաժան ծեծի են ենթարկել, որի հետևանքով նա ստացել է կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում[34]։
Այլ դիտարկումներ
Հավաքի վայրում ոստիկանության որոշ ծառայողներ բջջային հեռախոսներով պարբերաբար նկարահանում էին ցուցարարներին, մինչդեռ անձնական տեխնիկական միջոցներով տեսանկարահանումը և լուսանկարահանումը ոստիկանության մասին օրենքով ուղղակիորեն արգելված է[35]։ Նման սահմանափակումը ինքնանպատակ չէ և անհրաժեշտ է մարդու անձնական տվյալների պատշաճ պաշտպանության և նման տվյալների ցանկացած մշակման հաշվետվողականության համար, ինչը խնդրահարույց է ոստիկանի անձնական սարքավորման կիրառման պարագայում։ Ոստիկանության ծառայողները հեռախոսով նկարահանում են հավաքի մասնակիցներին Առավել մտահոգիչ իրողություններից էր այն, որ լուսաձայնային նռնակների կիրառման ընթացքում հավաքի վայրում առկա էր միայն մեկ շտապօգնության հաշվարկ[36]։ Մինչև նոր հաշվարկների մոտենալը, վնասվածքներ ստացած հավաքի բազմաթիվ մասնակցիներ սպասում էին հավաքի տարբեր վայրերում և զբաղվում ինքնաբուժությամբ՝ ձեռքի տակ եղած պարագաներով։
Լուսաձայնային նռնակներից վնասվածքներ ստացած հավաքի մասնակիցները։
Լուսաձայնային նռնակների կիրառումից հետո հավաքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները։
Համեմատություն համանման այլ հավաքի հետ
Համանման իրավիճակ էր 2018 թ․ ապրիլի 16-ին, կրկին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի ընթացքում։ Շարժման ղեկավար Ն․ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և մյուս երեք պատգամավորները պատրաստվում են անցնել ոստիկանական շղթան՝ դեպի Ազգային ժողով[37]։ Ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցավ հրմշտոց, որի ընթացքում որոշ ցուցարարներ նույնպես առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ, ներառյալ՝ ոստիկանական վահան, մետաղական ցանկապատ, աղբով լի տոպրակ[38]։ Հավաքի մասնակիցները փորձում են ճեղքել ոստիկանության շղթան։ Ձախ նկարում՝ 2018 թ․ Ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում (պատկերը Ազատություն Ռադիոկայանի տեսանյութից), աջ նկարում՝ 2024 թ․ հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Ոստիկանները, երբ շղթան ճեղքվեց, վերադասավորվեցին այլ հեռավորության վրա և այս անգամ ճանապարհը արգելափակեցին փշալարով։ Փշալարը հաղթահարելու փորձից հետո միայն կիրառվեցին չորս «Զարյա» նռնակներ, որոնց պատճառով ցուցարարները ստացան տարբեր վնասվածքներ[39]։ 2018 թ․ ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում և 22-ին՝ Արցախի փողոցում ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետելու հրաման տալու համար վերջերս դատապարտվել էր նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը[40]։ Մինչդեռ 2024 հունիսի 12-ին, անմիջապես միջադեպից հետո, գործող ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում[41]։
Արձագանքներ
Հունիսի 12-ի միջադեպին արձագանքել են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: «Միջազգային համաներում» (Amnesty international) կազմակերպության Հարավային Կովկասի ուսումնասիրողը կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ անմիջապես և անկողմնակալ ձևով հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ՝ ենթադրությունները, որ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ[42]։ Համանման հայտարարությամբ հանդես եկավ Հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association)[43]։
Իր հերթին «Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտ» միջազգային հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ[44]։ Հայաստանյան 14 հասարակական կազմակերպություն, ինչպես նաև իրավապաշտպաններ, իրավաբաններ և անհատներ դատապարտեցին ոստիկանության գործողությունները, պնդելով, որ «ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր, հետևաբար՝ ոչ իրավաչափ էր»[45]։
Հայտարարության մեջ արձանագրված էր նաև, որ ոստիկանության բռնությունները ապօրինի գործողությունները «քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից»[46]։ Լուսաձայնային նռնակների կիրառության հետևանքով վնասվածքներ ստացած լրագրողների վերաբերյալ հայտարարություն տարածեց նաև Լրագրողներ առանց սահմանների (Reporters Without Borders) կազմակերպությունը, նշելով, որ «ոչինչ չի արդարացնում լրատվամիջոցների աշխատակիցներին հասցված վնասվածքները կամ նրանց սարքավորումները վնասելը», կոչ անելով իրականացնել թափանցիկ և անկախ հետաքննություն[47]։ Ուժային կառույցների՝ ոստիկանության գործողություններն արդարացնելը դատապարտել էին նաև հայաստանյան լրագրողական կազմակերպությունները, համերաշխություն հայտնելով տուժած ցուցարարներին[48]։
Եզրակացություն
Հավաքների կազմակերպիչների քաղաքական նպատակները, էական չեն իրավունքի պաշտպանության անհրաժեշտության տեսակետից։ Հավաքների պարագայում պետք է գործի դրանց խաղաղ լինելու կանխավարկածը, քանի դեռ առկա չեն կազմակերպիչների և էական քանակի մասնակիցների կողմից բռնություն կիրառելու կամ հրահրելու մտադրության համոզիչ ապացույցներ[49]։ Նման ապացույցներ ներկայացնելը իշխանությունների պարտականությունն է[50]։ Ավելին՝ հավաքի ընթացքում անգամ բռնության դեպքերի առկայությունը չի կարող ինքնին հիմնավորում լինել, որ կազմակերպիչները բռնության մտադրություններ են ունեցել[51]։
Հավաքի դիտորդության և տեսագրությունների ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ հունիսի 12-ին լուսաձայնային նռնակների կիրառմանը չեն նախորդել նման դեպքեր։ Ավելին՝ Սիրահարների այգում «կարմիր բերետների» լքելուց հետո լարվածությունը անմիջապես նվազել էր և հավաքի մասնակիցները որևէ փորձ չէին արել ճեղքել ոստիկանության շղթան։ Նռնակների կիրառումից հետո ցույցը շարունակվել է, և այգու տարածքում կրկին ներկա էին հավաքի բազմաթիվ մասնակիցներ, իսկ ոստիկանությունը հավելյալ գործողություններ չի ձեռնարկել։
Անկախ այն հանգամանքից, որ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքը հիմք չէր կարող հանդիսանալ լուսաձայնային նռնակների կիրառման համար, դրանց անպատասխանատու կիրառումը՝ թիրախավորելով լրագրողներին և վնասվածք ստացած ցուցարարներին օգնել փորձող անձանց, առհասարակ չէր կարող որևէ իրավիճակում իրավաչափ համարվել։ Եթե այդ նռնակները նետվել են «կամայական»՝ առանց հաշվի առնելու մարդուց որոշակի հեռավորության վրա կիրառելու չափանիշները, ապա դրանց կիրառումը ինքնին իրավաչափ չէ։ Անգամ ոստիկանության կողմից հավաքը որպես «զանգվածային անկարգություն» դիտարկելու պարագայում վերջիններիս գործողությունները չեն համապատասխանել սահմանված վարքագծի կանոններին։ Ըստ ոստիկանության պետի 11․10․2011 թվականի թիվ 2760-Ա հրամանի՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության բոլոր ծառայողներից պահանջվում է առավելագույն զսպվածություն, քանի որ մեկ ոստիկանության ծառայողի, դասակի կամ ստորաբաժանման անհամաչափ գործողությունները կարող են կտրուկ սրել իրավիճակը և հանգեցնել միջադեպի անսպասելի բարդացմանը»[52]։
Մինչդեռ միջադեպից անմիջապես առաջ Սիրահարների այգում գտնվող «կարմիր բերետները» դրսևորում էին ճիշտ հակառակ վարքագիծ, լարում էին իրավիճակը, որին ստիպված էին միջամտել այլ ոստիկաններ և ՆԳՆ պաշտոնյաներ։ Ինչ վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, ոստիկանության տիրապետության տակ են գտնվում նվազ վտանգ ներկայացնող միջոցներ, որոնց կիրառումը պետք է նախապատվություն ունենա առավել կոշտ միջոցների համեմատ[53], եթե իհարկե հատուկ միջոցների կիրառության անհրաժեշտություն առհասարակ առկա է։ Հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը դրսևորել է խաղաղ և օրինապահ վարքագիծ։ Անգամ առանձին ցուցարարների կողմից պլաստիկ շշեր և այլ առարկաներ պաշտպանության միջոցներ ունեցող ոստիկանների ուղղությամբ նետելը կամ ցանկապատը կոտրելով հանրային այգի մուտք գործելը չպետք է հակադարձվի բռնություններով և լուսաձայնային նռնակներ կիրառելով։ Նման արձագանքը չի կարող իրավաչափ լինել այնպիսի հավաքի պայմաններում, որը որևէ վտանգ չէր ներկայացնում ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ Ազգային ժողովի բնականոն գործունեությանը, հաշվի առնելով, որ Սիրահարների այգին էլ ավելի հեռու է ԱԺ նստավայրից։
Տեսագրությամբ արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել։ Նույն լուսաձայնային նռնակների ոչ իրավաչափ կիրառության համար արդեն առկա է քրեական պատասխանատվության առաջին նախադեպը՝ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հունիսի 3-ին մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ 2018 թ․ ապրիլին դրանք ցուցարարների նկատմամբ կիրառելու համար, սակայն պատժից ազատվեց համաներմամբ։ Հաշվի առնելով այս դատավճռից ընդամենն 9 օր անց ոստիկանության կողմից 20-ից ավելի նռնակների ոչ իրավաչափ կիրառության դեպքը խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ, պարզ է դառնում, որ քրեական գնահատականը որևէ զսպիչ ազդեցություն չի ունեցել։
Ավելին, հաշվի առնելով անձամբ Ն․ Փաշինյանի կողմից ոստիկանության վերջին գործողությունները անվերապահ արդարացնելը[54], կարելի է եզրակացնել, որ տարբերակված մոտեցումը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Լ․ Երանոսյանը դատապարտվել է, քանի որ նռնակները կիրառել էր Ն․ Փաշինյանի ղեկավարած հավաքի «դեմ», իսկ Ա․ Հովհաննիսյանը և Հ․ Բաբայանը չեն հետապնդվում, քանի որ դրանք կիրառել են Ն․ Փաշինյանի «օգտին»։
Այս ամենից զատ, ոստիկանությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել, որպեսզի բժշկական օգնությունը հասանելի լիներ հավաքի բոլոր մասնակիցներին, առավել ևս, երբ նախատեսում էին առողջության համար վտանգավոր այնպիսի միջոցների կիրառություն, ինչպիսին են լուսաձայնային նռնակները[55]։ Ակնհայտորեն, 20-ից ավելի լուսաձայնային նռնակները չափանիշների խախտմամբ կիրառելը այն պայմաններում, երբ հավաքի վայրում ներկա է շտապօգնության ընդամենը մեկ հաշվարկ, բացահայտ արհամարհանք է մարդու կյանքի և առողջության նկատմամբ։
Հարկ է հաշվի առնել, որ հատուկ միջոցների կիրառման հնարավորության մասին ոստիկանությունը հայտնել էր միջադեպից մոտ երկու ժամ առաջ, այսինքն վերջիններս ավելի քան բավարար ժամանակ ունեին, որպեսզի հավաքի վայրում կազմակերպեին պատշաճ բժշկական սպասարկում։ Ինչ վերաբերում է հավաքի վայրում կազմակերպիչների պահանջները չկատարող անձանց, հարկ է նշել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարները, մեկ ամսից ավելի ժամանակահատվածում հավաքներ, քաղաքացիական անհնազանդության գործողություններ կազմակերպելու ընթացքում, որևէ անգամ չեն օգտվել հավաքի կարգադրիչներ ունենալու հնարավորությունից, ինչի իրավունքն ունեն օրենքով։ Հարկ է նշել, որ կարգադրիչները տարբերվում են հավաքի մասնակիցների առանձին խմբերի փաստացի ղեկավարում իրականացնող անձանցից և պետք է կրեն օրենքով սահմանված սպիտակ տարբերանշան։ Այդ պարագայում հավաքի մասնակիցները օրենքով պարտավորվում են կատարել կարգադրիչների՝ կարգ ու կանոն պահպանելու վերաբերյալ ցուցումները[56]։
Առաջարկություններ
Արձանագրված փաստերը հաշվի առնելով՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն առաջարկում են.
1․ Բացառել հատուկ նշանակության գումարտակի ծառայողների («կարմիր բերետներ») ներկայությունը հավաքներին, քանի դեռ չեն ներկայացվել համոզիչ փաստարկներ, որ ներկա անձնակազմը անցել է վերապատրաստում, տիրապետում է մարդու իրավունքների չափանիշներին և կարող է հավասարակշռված ծառայություն տանել։
2․ Անհապաղ և հասարակության համար թափանցիկ ծառայողական քննություն անցկացնել՝ ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների և այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
3․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնել՝ առանց օրենքով նախանշված հիմքերից որևէ մեկի առկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։
4․ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ խուսափել հապճեպ ու միակողմանի հայտարարություններից, օբյեկտիվ քննություն իրականացնել երկու կողմերի գործողությունների առնչությամբ։ Չենթարկվել իշխանությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված և ոչ իրավաչափ պահանջներին և հայտարարություններին։
5․ Խաղաղ հավաքների կազմակերպիչներին՝ բազմամարդ հավաքների ընթացքում ներգրավել անհրաժեշտ քանակի հավաքի կարգադրիչներ, ապահովել վերջիններիս և հավաքի ղեկավարների միջև մշտական կապը և համագործակցությունը ոստիկանության հետ՝ հավաքի ընթացքը խախտող անձանց մեկուսացնելու նպատակով։
[1] «Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների․ համատեղ հրատապ հայտարարություն», Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն և Հայաստանի հելսինկյան կոմիտե, 25․04․2024 թ․,
[2] «Վարժական հավաքները՝ որպես սպառնալիք եվ պատիժց․ համատեղ հայտարարություն», Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն և Հայաստանի հելսինկյան կոմիտե, 14․05․2024 թ․,
[3] ««Կարմիր բերետներն» ընդդեմ մարդու իրավունքների․ համատեղ հայտարարություն», Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն և Հայաստանի հելսինկյան կոմիտե, 31․05․2024 թ․,
[4] «#ՀԻՄԱ. ԳՈ՛ՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԵԼՈՒ. #ՈՒՂԻՂ», 168 ժամ, 12․06․2024 թ․, 6:01:30-ից,
[5] Նույն տեղում, 5:58:40-ից
[6] Նույն տեղում, 6:30:30-ից
[7] Նույն տեղում, 6:54:00-ից
[8] Նույն տեղում, 6:57:40-ից
[9] Տեսանյութ,
[10] Տեսանյութ,
[11] Տեսանյութ,
[12] «Ազգային ժողով-Կառավարություն #հարցուպատասխան», Ազգային ժողով, 12․ 06․2024 թ․,
[13] «#ՀԻՄԱ. ԳՈ՛ՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԵԼՈՒ. #ՈՒՂԻՂ», 168 ժամ, 12․06․2024 թ․, 8։50։00-ից,
[14] Տեսանյութ,
[15] Տեսանյութ,
[16] Տեսանյութ,
[17] ««Ժողովուրդը նկատեց, որ այգում կարմիր բերետավորները նվաստացնելով ծեծում էին ցուցարարներին, մարդիկ մոտեցան, որ փրկեն ծեծվողներին, պարզ է՝ ինչու ժողովուրդը միանգամից ագրեսիվացավ»․Մնացականյան», Առավոտ, 13․06․2024 թ․,
[18] Տեսանյութ,
[19] «Տեսեք՝ բերետը ոնցա վարվում էրեխու հետ», Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից, 16․06․2024 թ․, նաև ««Ոստիկանությունը հե՛տ», «Ով խփի՝ սատկացրեք». վկայություններ և կադրեր Բաղրամյանից», Epress.am, 12.06.2024 թ., 9։30-ից,
[20] Նույն տեղում, 13։00-ից
[21] Տեսանյութ,
[22] «Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը», News.am, 13․06․2024 թ․,
[23] «0:08 / 1:11 Ինչպե՞ս են պայթեցնում լուսաձայնային նռնակները ԱԺ մոտ», MediaHubTV, 12․06․2024 թ․, 0։30-ից, 30-րդ վայրկյանից
[24] «Պահը, երբ նռնակը պայթում է ցուցարարի ձեռքում. «Ազատության» բացառիկ կադրերը», Ազատություն ռադիոկայան, 13․06․2024 թ․,
[25] Տեսանյութ՝ Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից, 13․06․2024 թ․,
[26] Տե՛ս ՀՀ առողջապահության նախարարի 25․04․2012 թ․, N 09-Ն հրամանը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին», 3-րդ և 4-րդ մասեր,
[27] «Փշալար, ջրցան մեքենա․ իշխանություններն ամրացնում են կառավարական առանձնատան «դիրքերը»», Mediahub Portal, 12․06․2024 թ․,
[28] «Թարմացում` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին», ՀՀ առողջապահության նախարարություն, 13.06.2024թ.,
[29] «Հատուկ թողարկում. երկշաբաթյա դիմակայության ամենալարված օրը», News.am, 30.07.2016 թ․,
[30] Տեսանյութ,
[31] Տեսանյութ,
[32] Տեսանյութ,
[33] Տեսանյութ,
[34] «Վայրենաբար դաժան ծեծի են ենթարկել Աբրահամ Գասպարյանին», ABC Media, 13․06․2024 թ․,
[35] Տե՛ս «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, 12-րդ հոդված, 7-րդ մաս։
[36] Տեսանյութ,
[37] «Բախում. Փաշինյանը փորձում է անցնել ոստիկանական փշալարի վրայով (երկար տարբերակ)», Ազատություն Ռադիոկայան, 16․04․2018 թ․,
[38] Նույն տեղում, 6:55-ից
[39] «Զեկույց 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների և հավաքների դիտորդության վերաբերյալ», Հայաստանի հելսինկյան կոմիտե, 2018թ․ 17-րդ և 27-րդ էջեր,
[40] «Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, սակայն համաներվեց», 03․06․2024 թ․,
[41] «#ՀՐԱՏԱՊ. Շարժման անդամներն շարժվում են կառավարության շենք», 24TV, 12․06․2024 թ․, 5:43:00-ից,
[42] «Armenia: Violence during street protests must be investigated», Amnesty International, 13․06․2024 թ․,
[43] «Statement by the Armenian Bar Association on the Excessive Use of Force Against Peaceful Protesters in Armenia», Armenian Bar Association, 15․06․2024 թ․,
[44] «Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ», 16.06.2024թ.,
[45] «Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները», Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի էջից, 14.06.2024 թ․,
[46] Նույն տեղում
[47] «Reporters injured by targeted police violence while covering protest in Armenia», Reporters Without Borders,
[48] «Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը», News.am, 13․06․2024 թ․,
[49] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 86-րդ պարբերություն,
[50] Տե ՛ս, ի թիվս այլնի, Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, 2018 թ., ՄԻԵԴ (դիմում 23086/08), 230-րդ պարբերություն,
[51] Նույն տեղում, 231-րդ պարբերություն
[52] Տե՛ս ոստիկանության պետի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 2760 -Ա հրամանի հավելված Ուղեցույցը՝ հասարակական կարգի պահպանութան մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եվ զենքի գործադրման, 23-րդ պարբերություն
[53] «Մարդու իրավունքների ձեռնարկ. ոստիկանության գործունեությունը հավաքների ընթացքում», ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, 91-94-րդ էջեր,
[54] «Իրավաչափ ո՞ւժ, թե՞ ոստիկանական բռնություններ. իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կերպ են մեկնաբանում», Ազատություն Ռադիոկայան, 13․06․2024 թ․,
[55] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 213 և 214-րդ պարբերություն,
[56] Տե՛ս «Հավաքների ազատության» ՀՀ օրենքը, 30-րդ հոդված։