«Ես կարծում եմ՝ գործ ունենք իրավունքի չարաշահման հետ: Պատերազմական իրավիճակը պահանջում է կարգապահություն, և պատերազմը տեղափոխվում է նաև տեղեկատվական դաշտ, կարգապահությունն անհրաժեշտ է նաև տեղեկատվական դաշտում, և, իհարկե, թույլատրելի է, որ պատերազմական դրության մեջ գտնվող երկրներում այս դաշտը որոշակի կարգավորվածության ենթարկվի: Այս առումով համաչափ սահմանափակումները թույլատրելի են»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում, անդրադառնալով ռազմական դրության ժամանակ մամուլի հրապարակումները սահմանափակող օրենսդրական փաթեթին, ասաց միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Սակայն, ինչպես նշեց Ս․ Սահակյանը, կա տեղեկատվություն նույն պատերազմում հաջողությունների վերաբերյալ, օրինակ՝ հակառակորդ կողմի կրած վնասների և այլնի առնչությամբ, որի ստուգված տվյալների կրողը բացառապես կարող է լինել պաշտպանական գերատեսչությունը, և այս փուլում սահմանափակել որոշակի տեղեկատվության տրամադրումը պաշտոնական աղբյուրներով՝ իհարկե, թույլատրելի է:
«Բայց որևէ տրամաբանության չի ենթարկվում նույն մարդկային կորուստների, առանձին միջոցառումների կազմակերպման ընթացքում պաշտոնատար անձանց թերացումների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ բանավեճ ծավալելու, տեսակետներ արտահայտելու և քննադատելու հնարավորություններից զրկելը, ինչը վկայում է միակողմանի կերպով իրականություն թելադրելու մասին: Եվ դա իր մեջ նաև վտանգներ է պարունակում, որովհետև հասարակությունը ճիշտ պահին իրեն հուզող ու իրենց կյանքին, անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ ժամանակին տեղեկանալու, հանրային պահանջմունքներ ձևավորելու, ճնշում գործադրելու, իր մոտեցումները կիսելու հնարավորություն չի ունենում: Եվ սա նաև զրկում է հասարակություն-կառավարող ուժ կապից»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Հարցին՝ ի՞նչ ասել է՝ «լրատվամիջոցի անձնական կյանք», որովհետև ՀՀ ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկություններ, թե որ լրատվամիջոցներն ինչ հրապարակումների համար են տուգանվել՝ հղում կատարելով հենց այդ եզրույթին, և սա մասնագիտական հանրության մոտ ողջամիտ կասկած է առաջացնում առ այն, որ օրենքն ընտրովի է կիրառվում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ, իհարկե, պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ տեղեկություններն առանձին դեպքերում անհատական տվյալների պաշտպանության ներքո թաքցվում են, բայց ունենք բազում դեպքեր, երբ հանրային շահեր վկայակոչելով՝ անձանց զրկել են պաշտպանությունից:
«Օրինակ, երբ պնդում ենք, որ համավարակի դեմ պայքարում դիմակներ չկրող անձանց լուսանկարելով և նրանց պատասանատվությունը պահանջելով՝ կարող ենք հասնել դրա դեմ պայքարի դրական արդյունքին, հիմնավորումն այն է, որ կա ավելի բարձր հանրային շահ՝ պայքարն արատավոր երևույթների դեմ, քան անձնական կյանքն է, և մենք անձնական կյանքը զոհաբերում ենք հանուն ընդհանուրի: Հիմա այս դեպքում ունենք, այսպես կոչված, հանրային շահ, և այդ հանրային շահի ձևակերպողը պետությունն է: Թվացյալ հանրային շահերից ելնելով՝ պետությունը կիրառում է սահմանափակումներ, բայց այդ սահմանափակումների կիրառման համաչափությունը, միասնականությունը, հետևողականությունը ցուցադրելու տեսանկյունից չի ցանկանում բացահայտել որոշ անհատական տվյալներ, որը կխոսեր այդ պայքարի արդյունավետության մասին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ ինքնին սահմանափակումներն են անհամաչափ:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այստեղ մենք գործ ունենք խոսքի ազատության լրջագույն սահմանափակումների հետ, բայց ըստ իրեն՝ նաև դրա կիրառությունն է խտրական, ընտրողական:
«Մենք հասկանում ենք, որ պետությունն իր կողմից կառավարվող ուժերին լայն քարոզ իրականացնելու գործիքներ է տալիս, նաև այդ տեղեկատվությամբ փոփոխելու միջոցով իրականություն կեղծելու քայլեր է ձեռնարկում և զրկում է դրան հակազդող բոլոր միջոցներից, որոնք կարող են լինել խոսքի ազատությունը կամ այդ միջոցի հավասար կիրառությունը բոլոր լրատվամիջոցների համար»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այստեղ բանալին պետք է տեսնել ոչ թե իրավունքի, այլ քաղաքական նպատակահարմարության մեջ՝ տեղեկատվությունը միջնորդել որոշ խմբերի ընկալմամբ, իրականությամբ, իսկ մնացյալ ինֆորմացիա կրողներին զրկել հասարակության հետ խոսելու հնարավորությունից:
Խոսելով այն մասին, որ ոստիկանությունը պահանջում է հեռացնել նաև այն հրապարակումները, որոնցում ոչ մի տող չկա ռազմական դրության ժամանակ, պատերազմական իրավիճակում հրապարակման ոչ ենթակա փաստերի մասին՝ զորքերի շարժ, ռազմական գաղտնիք և այլն (խոսքը վերաբերում է Հայաստանի ժուռնալիստների միության՝ այդ սահմանափակումներին առնչվող հայտարարությանը), և, որ պահանջել են այն հեռացնել, որովհետև նրանում իշխանությանն ուղղված քննադատություն կա, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ բոլոր ժամանակներում իշխանության օրենսդիր քաղաքականությունը բաց է քննադատության համար, չի կարող երբևիցե սահմանափակվել:
«Ավելին, հանրային քննարկումներ ծավալելու պարտադիր պահանջ կա, որն օրենսդրական քաղաքականության լեգիտիմացման պարտադիր գործոններից մեկն է, և այս պարագայում ցանկացած անձ իրավունք ունի քննադատել պետությանը, որովհետև կարծում է, որ այդ օրենքի ընդունումը հակասում է իր իրավունքներին, չի արտացոլում հանրային շահերը, կամ քննադատության այլ հիմնավորումներ կարող են լինել: Ես կարծում եմ, որ նշված հայտարարությունը լիարժեքորեն տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի սահմաններում, և եթե ոչ՝ Հայաստանում, միջազգային իրավունքում այն լիարժեքորեն պաշտպանվող իրավունք է: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ պատերազմական դրության ժամանակ պետությունն այս տագնապալից իրավիճակն օգտագործելով՝ ավելի լուրջ կամայականությունների է դիմում, որի հակազդելու էներգիան հասարակությունը կամ դրա առանձին անհատներ չունեն»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս փակուղուց, սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետը պատասխանեց, որ ելքը Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելն է:
«ՍԴ կարող է դիմել, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը: Այն կազմակերպությունները և անձինք, ում նկատմամբ կիրառվել է օրենքը, ևս հնարավորություն ունեն այլ ատյանները սպառելուց հետո դիմել ՍԴ, ուղղակի սա բավականին երկարատև պրոցես է: Որոշակի գործընթացներից հետո հնարավորություն կա նաև միջազգային ատյաններին դիմելու: Կարծում եմ՝ պետք է հրավիրել խոսքի ազատությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ մնացյալն իրավիճակային լուծումներ են, քանի որ մենք գործ ունենք պետության անարխիստական վերաբերմունքի հետ բուն խոսքի ազատությունն իրականացնողների նկատմամբ:
«Եթե նույնքան անարխիստական գտնվեն մեծաքանակ մարդիկ, ուղղակի պետության ռեսուրսը տապալվելու է: Դա կդառնա հռչակագրային, այդ տուգանքները երբեք կյանքի չեն կոչվելու, որովհետև լինելու են մասսայական, և այստեղ հաղթելու է խոսքի ազատության իրավունքը: Արժեզրկվելու է պետության՝ հարկադրանք կիրառելու գործիքը, ոչ թե՝ խոսքի ազատությունը, որովհետև խոսքի ազատությունը սպանել չի կարելի, որովհետև ճնշմանը նույնքան ուժգին հակազդեցություն է լինելու: Մենք արդյունքում ունենալու ենք թույլ իրավակիրառ պետություն, ուստի չեմ կարծում, որ այս գործընթացները բխում են մեր պետական շահերից»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:
Հրապարակումը՝ 168.am-ի