Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի կարծիքով՝ պատերազմի օրերին ԱՀ-ի շուրջ ԶԼՄ-ների աշխարհագրության ընդլայնումը նպաստեց պատերազմում միջազգային հանրության համաչափ արձագանքին։ Tert.am-ի հետ զրույցում Նելլի Բաղդասարյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում հայկական և միջազգային ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք Ադրբեջանի կողմից թիրախավորման և կյանքին սպառնացող առավելագույն վտանգի պայմաններում Ադրբեջանի ագրեսոր և անմարդկային կերպարը վերահաստատել են բոլոր տեսակի լրատվամիջոցներով:
-ԱՀ տեղեկատվական քաղաքականությունը պատերազմի պայմաններում որքանո՞վ արդարացրեց իրեն և որքանո՞վ նպաստեց ԶԼՄ-ների աշխարհագրության ընդլայնմանը:
-Արցախի Հանրապետության տեղեկատվական բաց և թափանցիկ քաղաքականության և ռազմավարության արդյունքում միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնը տեղափոխվեց ԱՀ: Միջազգային հանրությունը հենց միջազգային ԶԼՄ-ների օբյեկտիվ և անկողմնակալ լուսաբանման միջոցով տեղեկացավ, թե ինչպիսի վտանգավոր ահաբեկչական պետության հետ գործ ունի Արցախի Հանրապետությունը: Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու առաջին օրը, ԱՀ-ում ձևավորվեց Արցախի տեղեկատվական շտաբը, որը գործառութային կապի մեջ գտնվելով ԱՀ ԱԳՆ-ի և պաշտպանական գերատեսչության հետ, արտակարգ պայմաններում օպերատիվ կերպով համակարգում է ԶԼՄ-ների գործունեությունը և տեղեկատվական հոսքերը: Արցախի տեղեկատվական շտաբը օպերատիվ կապի մեջ է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հետ: Արցախի Հանրապետության տեղեկատվական բաց քաղաքականության արդյունքում ԱՀ-ում գործող միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը չի նվազել անգամ Ադրբեջանի կողմից լրագրողներին ահաբեկելու բացահայտ և դիտավորյալ թիրախավորման պայմաններում: Հատկանշական է, որ լրագրողների թիրախավորման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել Ֆրանսիայի 2, Ռուսաստանի 3 և ՀՀ 2 քաղաքացի: Կյանքին սպառնացող դեպքերն անգամ չեն խոչընդոտել լրագրողների ներհոսքին, մասնավորապես, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Չեխիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Վրաստանից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ղրղըզստան, Իսպանիայից, Բելառուսից և Շվեյցարիայից Արցախի Հանրապետությունում լրագրողական առաքելություն է իրականացրել ավելի քան 300 լրագրող:
-Դուք նշեցիք, որ ԱՀ-ն բաց և թափանցիկ տեղեկատվական քաղաքականություն է վարում, ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանի՝ միջազգային ԶԼՄ-ների հետ տարվող քաղաքականության մասին:
-Հատկանշական է, որ պատերազմի առաջին իսկ ժամերից Ադրբեջանը փակել էր միջազգային ԶԼՄ-ների հոսքը Ադրբեջան, իսկ եզակի արտոնված ԶԼՄ-ների դեպքում նկարահանումներն իրականացվել են ադրբեջանցի կցորդների և ուղղորդիչների անմիջական մասնակցությամբ: Բացի այդ, Ադրբեջանում ավելորդ խնդիրներից խուսափելու համար փակվել են նաև սոցցանցերը: Սա փակ և բռնապետական ռեժիմի ևս մեկ ցուցիչ է:
-Ո՞րն է ԶԼՄ-ների գլխավոր առաքելությունն այս պատերազմում:
-Հենց հայկական՝ ԱՀ և ՀՀ, ինչպես նաև միջազգային ԶԼՄ-ների միջոցով աշխարհին հայտնի դարձավ, թե ինչ սպասել Ադրբեջանից. մասնավորապես, քաղաքացիական օբյեկտների հետևողական, չտարբերակված, դիտավորյալ, կրկնակի հրթիռահրետակոծություն և ԱԹՍ-ների գրոհներ՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, քաղաքացիական բնակչության սպասարկման ծառայությունների, տնտեսական նշանակության օբյեկտների, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և բնակչության բնաջնջման ու ահաբեկման վերջնարդյունքով:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների աշխատանքի արդյունքում միջազգային հանրությունն իր եզրահանգումներն արեց նաև Ադրբեջանի սադրանքների, մասնավորապես, կրակի դադարեցման պայմանավորվածությունները չհարգելու և հոկտեմբերի 10-ին առավել մեծ ուժով ռազմական հանցագործությունների ուղեկցությամբ ռազմական գործողությունները շարունակելու սադրիչ վարքի հարցում: Միջազգային հանրությունը հենց ԶԼՄ-ների միջոցով տեղեկացավ Ադրբեջանի կողմից օգտագործված այն զենքերի մասին, որոնց կիրառումը հատկապես արգելված է խաղաղ բնակավայրերի դեմ: Խոսքը վերաբերում է կասետային մարտագլխիկներով հրթիռների կիրառությանը, որոնք ճշգրիտ խոցման հնարավորություն չեն տալիս, բայց 500 մ հեռավորությամբ տարածվելով քաղաքացիական բնակչության շրջանում բերում են մեծ կորուստների: Արգելված զինատեսակների թվում են՝ Смерч, LORA, Полонез РСЗО-ներ, իսրայելական LAR համակարգեր, որոնք հիմնականում կիրառվել են Արցախի խաղաղ բնակավայրերի վրա: Փաստահավաք առաքելությունները ցույց են տալիս, որ Смерч, LAR համակարգերի հրթիռների մի մասը չնայած չի պայթել, բայց արդեն իսկ խնդիրներ է ստեղծել վնասազերծման առումով: Հատկանշական է, որ տեղական և միջազգային ԶԼՄ-ները ուշադրությամբ հետևում են նաև չպայթած արգելված զինտեխնիկայի վնասազերծմանը: Միջազգային ԶԼՄ-ների միջոցով աշխարհը տեղեկացավ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին:
Տեղական և միջազգային ԶԼՄ-ների օբյեկտիվ լուսաբանման միջոցով միջազգային հանրությունն արդեն տեսական պատկերացում է կազմել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված, պարտադրված պատերազմի մասին, և կարծում ենք, որ դա կարող է նպաստել հետագա գործնական և առավել կոնկրետ քայլերին: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում հայկական և միջազգային ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք Ադրբեջանի կողմից թիրախավորման և կյանքին սպառնացող առավելագույն վտանգի պայմաններում Ադրբեջանի ագրեսոր և անմարդկային կերպարը վերահաստատել են բոլոր տեսակի լրատվամիջոցներով: