Լրագրողներ համայն աշխարհի, ձեզանից մի քանի կիլոմետր այն կողմ մարդիկ են մահանում. ՀԺՄ

18:36 21-07-2023

Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը Շուշիում կազմակերպել է միջազգային մեդիա ֆորում՝ «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» խորագրով։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ֆիզուլիի օդանավակայան են ժամանել 50 երկրներից ավելի քան 250 մասնակիցներ՝ 120 լրատվամիջոցների, մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց ժամանման լուսանկարները լայնորեն տարածում են ադրբեջանական քարոզչամիջոցները։

Ցավոք, պետք է արձանագրել, որ նշված պատվիրակության կազմում ներկայացված են նաև բավական հեղինակավոր լրատվամիջոցներ ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց մի մասը՝ ինչպես Հայաստանի ժուռնալիստների միության, այնպես էլ՝ հայկական տարբեր լրատվամիջոցների, մեդիա-կազմակերպությունների երկարամյա գործընկերներ են։

Շուշիում կազմակերպվող մեդիա-ֆորումն ակնհայտորեն Ադրբեջանի քաղաքական-քարոզչական մեծ ծրագրի մի մասն է, որին մասնակցությամբ՝ մեր բազմաթիվ գործընկերներ անուղղակիորեն լեգիտիմացնում են Արցախի նկատմամբ այդ երկրի կողմից արդեն ավելի քան 7 ամիս շարունակվող շրջափակումը, որը հանգեցրել է սարսափելի հումանիտար ճգնաժամի և ամեն ժամի հետ սպառնում է խլել նոր մարդկային կյանքեր։

Հարգելի գործընկերներ, դուք այս պահին գտնվում եք մի երկրում՝ Ադրբեջանում, որն օկուպացրել է Արցախի տարածքները, ներառյալ՝ Շուշին, որտեղ դուք պատրաստվում եք ֆորում անցկացնել, և դա արել է ցեղասպան քաղաքականություն վարելով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքներով, ու հիմա էլ սովամահ է անում 120.000 արցախցիների:

Առաջադեմ լրագրողների ու մամուլի ներկայացուցիչների մասնակցությունն այդ միջոցառմանը որևէ կերպ չի կարող տեղավորվել մասնագիտական ու մարդկային էթիկայի շրջանակներում, քանի որ այն տեղի է ունենում մի վայրում, որից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝

  • 120.000 քաղաքացիներ զրկված են իրենց ամենակարևոր իրավունքներից,
  • 120.000 քաղաքացիներ ապրում են ադրբեջանական մշտական սպառնալիքների ու ագրեսիայի պայմաններում,
  • 120.000 քաղաքացիներ ապրում են հայրենիքից, իրենց հարազատներից, ընկերներից, իրենց տնից զրկվելու վտանգի ներքո,
  • 120. 000 քաղաքացիներ ապրում են դեղորայքի, վառելիքի, ուտելիքի բացակայության պայմաններում, հիվանդները ծայրահեղ վիճակում են,
  • 30.000 երեխաներ դատապարտված են սովամահության,
  • Հումանիտար աղետ, որի արդյունքում հղիները թերսնուցման պատճառով ուշագնաց են լինում, ծննդաբերության ժամանակ խնդիրներ ունենում. մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդաբերող մոր կյանքը փրկել, ցավոք, երեխան մահացել է;
  • Աղետ, որի պատճառով ընդամենը երեկ ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Արցախի Հաթերք գյուղում բազմազավակ երեխաների հայր է մահացել (ընդամենը 45 տարեկան);
  • Աղետ, որի պատճառով հազարավոր տարեցներ անօգնական են դարձել, և որոնց շարքում առաջին զոհն արձանագրվել է կրկին այս շաբաթ՝ հացի հերթում հանկարծամահ լինելով թերսնվածության պատճառով,
  • Աղետ, որի պատճառով Արցախում գրեթե 3 անգամ ավելացել է վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը;
  • Աղետ, որի պատճառով թերսնման հետևանքով հղիների մոտ սակավարյունություն է զարգանում, ինչը հանգեցնում է նաև վաղաժամկետ ծննդաբերության, անհաս ծնվող երեխաների ցուցանիշն արդեն 12 տոկոսի է հասել;
  • Աղետ, որի պատճառով մայրն անչափահաս երեխաների համար սնունդ հայթայթելու է գնում և վերադառնալով՝ երեխաներին մահացած գտնում…

Այս դեպքերը շատ փոքր մասն են այն համազգային ողբերգության, որում ավելի քան 7 ամիս ապրում են 120.000 մարդիկ, 120.000 անուն-ազգանուն, ճակատագիր ու երազանք ունեցող ազատ քաղաքացիներ, որոնց մեդիա ֆորում կազմակերպած երկիրը դատապարտել է դանդաղ մահվան։

Արցախում նորածիններ են մահանում, հղի կանայք ուշաթափվում թերսնուցումից, մեռնում են երեխաներ, խանութներում արդեն հաց անգամ չի վաճառվում, իսկ դուք, լրագրողնե՛ր, ում առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է, ձեր հիմնական առաքելությունը կատարելու փոխարեն, սովամահ լինող մայրաքաղաք Ստեփանակերտից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Շուշիում ֆորում եք անում:

Ադրբեջանն այդ ամենն անում է՝ Արցախը մեկուսացնելով արտաքին աշխարհից, և աշխարհի աչքից հեռու՝ առավել սանձարձակ վարքագիծ դրսևորելով:

Այս և հարյուրավոր այլ պատմություններ հսկայական լրագրողական հետաքննությունների, մարդկային պատմությունների մասին ահասարսուռ ռեպորտաժների նյութ են։ Սակայն 250-ից ավելի լրագրողները գերադասել են վայելել հայկական Շուշիի չնաշխարհիկ բնությունը, ադրբեջանական նավթի, նավթադոլարների շնորհիվ ստեղծված ամենակարող կոմֆորտը ու 21-րդ դարում էթնիկ զտման պատմությունն աչքի առաջ ունենալով՝ գերադասում են լռել ու մասնակցել միջոցառման, որի ընթացքում վստահաբար չեն հնչելու ելույթներ այն մասին, թե ինչպես է աշխարհի պետություններից մեկը «4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկում մի ամբողջ ժողովրդի։

Շուշիի ֆորումին մասնակցում են բազմաթիվ այնպիսի մեդիաների ներկայացուցիչներ, ում ուղղվել էր Հայաստանի Ժուռնալիստների միության՝ նախորդ շաբաթվա կոչ-ահազանգն աշխարհի լրատվամիջոցներին և մեդիա-կազմակերպություններին՝ ձայն բարձրացնել էթնիկ զտման, ցեղասպանության դատապարտված արցախահայերի փրկության համար։

Դժբախտաբար, արդեն մեկ շաբաթ մենք մեր քաղաքակիրթ, ժողովրդավար, մարդասեր գործընկերներից լսում ենք միայն լռություն, որը շատ ավելի ահասարսուռ է հնչում Շուշիում նրանց մասնակցությամբ կազմակերպված ադրբեջանական քարոզչական բեմականացման դահլիճներից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեդիային հեռու է պահում տարածաշրջանից, և դուք իրազեկ չեք՝ ինչ է այստեղ իրականում կատարվում. միգուցե տեղեկանալով՝ դուք իսկապես հավատարիմ կլինեք ձեր առաքելությանը:

Մենք մեր տարակուսանքն ենք արտահայտում, որ դուք, հարգելի գործընկերնե՛ր, մեդիա-ֆորումի եք մասնակցում մի երկրում, որի նախագահը ճնշում է ազատ մամուլը, ուր առհասարակ չկա ազատ խոսք, որի ընդդիմադիր լրագրողները կամ վաղուց Ադրբեջանում չեն ապրում, փախել են, կամ կալանավորված՝ բանտերում են, կամ հպատակեցված: Տեղյա՞կ չեք, չգիտե՞ք այդ մասին. բացե՛ք միջազգային զեկույցները, որոնցում բազմաթիվ օրինակներ կան: Եվ դուք այս պայմաններում մեդիա-ֆորում եք անում Մամուլի ազատության օրը, երբ Ադրբեջանն ինքը մամուլի ազատությունները ոտնահարելու խորհրդանիշ է:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում իր բոլոր գործընկերներին, գործընկեր լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Շուշիում կազմակերպած ֆորումում հանդես գալ՝ որպես իրական լրագրող, հարցեր ուղղել դրա կազմակերպիչներին ոչ միայն ապագայի մամուլի, այլև առաջին հերթին՝ իրենց կողմից մահվան դատապարտված քաղաքացիների, երեխաների, տարեցների, առհասարակ՝ մարդու մասին։  Ո՞ւմ պետք է ծառայի մեդիան, եթե ոչ՝ մարդուն, նույնիսկ գերժամանակակից նոր մեդիան:

Լրագրողներն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համամարդկային գործառույթ, և պետք է հավատարիմ լինել դրան, եթե չունեք այլ շահեր ու հետաքրքրություններ:

Մեր գործընկերների մասնակցությունն այդ միջոցառմանը կարող է հասկանալի լինել միայն այն դեպքում, երբ նրանք՝ որպես պրոֆեսիոնալ լրագրողներ, այդ առիթն օգտագործեն իրենց մասնագիտական պարտքը կատարելու և աշխարհին ներկայացնելու, թե ինչպես է իրենց հրավիրած երկիրն ամեն օրվա հետ սպանում մի ամբողջ ժողովրդի, մարդկանց՝ հղի կանանց, տարեցների, երեխաների, այդ թվում՝ նորածինների, և կոչ անեն անհապաղ բացել Արցախի կյանքի ճանապարհը:

Կից ներկայացնում ենք ձեզ ասվածը հաստատող լուսանկարներ, մնացյալը, վստահ ենք, ցանկության դեպքում ինքներդ կգտնեք:

Հայաստանի Ժուռնալիստների միություն