«Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք  Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»

16:34 13-07-2023

Հայաստանի ժուռնալիստների միության և հայաստանյան լրատվամիջոցների նախաձեռնությամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք  Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը» արշավը, որով  մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին, մեդիա-անհատներին, միջազգային և հայաստանյան մեդիա-կազմակերպություններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշավին՝ տարածելով սույն հայտարարությունը, լրատվամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևյալ բաններները՝ այնքան ժամանակ, մինչև կբացվի Արցախը Հայաստանին կապող ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ:

«Արցախի՝ կես տարուց ավելի շարունակվող ադրբեջանական շրջափակումը, իսկ հիմա արդեն՝ ամբողջական մեկուսացումով, հանգեցրել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամի: Արցախի 120.000 ժողովուրդը, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, ապրում են սննդամթերքի, մանկական կերի, դեղորայքի, բենզինի ու դիզելային վառելիքի, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, սովի մատնվելու վտանգի պայմաններում:

120.000 արցախցի ամեն օր ապրում է ֆիզիկական բնաջնջման, հայրենիքի կորստի, էթնիկ զտման, իր տնից և բնօրրանից զրկվելու բացահայտ սպառնալիքի ներքո: Յուրաքանչյուր օրվա հետ իրավիճակը խորացնող ճգնաժամը սպառնում է մարդկային ճակատագրերով. մարդիկ ապրում են կյանքի համար իրական վտանգի պայմաններում՝ լինելով ադրբեջանական ամենօրյա զինված շրջափակման ներքո, չունենալով բժշկական օգնության հնարավորություն:

Արցախն ապաշրջափակելու՝ միջազգային հանրության հռչակագրային կոչերը գործնական հետևանքներ չեն ունենում, և Ադրբեջանն անարգել շարունակում է Արցախի էթնիկ զտման իր մտադրված հակամարդկային ու հանցավոր քաղաքականությունը:

Հայաստանի լրատվամիջոցները, այս պահից սկսած, իրենց կայքերի, թերթերի առաջին էջերում հրապարակելու են միջազգային կազմակերպություններին, երկրների քաղաքական, գիտական, մշակութային, կրոնական շրջանակներին, աշխարհին ուղղված այս ահազանգը՝ փորձելով հրավիրել բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր մարդուն, մարդկային կյանքը վեր են դասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահից:

Այս նախաձեռնությամբ մենք՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներս, կատարում ենք մեր քայլը՝ մարդկային կյանքեր փրկելու անհետաձգելի գործում:

Վաղը կարող է ուշ լինել»:

13.07.2023