Այս փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով․ ՀԺՄ–ն ահազանգում է

17:59 08-04-2022

Հայտարարություն

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվելու դեպքում պետական կառույցներին հնարավորություն է տալու դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը։

Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը, ինչը գործնականում նշանակում է, որ լրագրողներին հավատարմագրած պետական մարմիններն իրենց նախաձեռնությամբ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։

Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են․

««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմիններն իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից՝ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում: Օրենքի բացը լրացնելու և, առաջին հերթին՝ լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

 Այս երկարաշունչ «հիմնավորումն» իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը՝ հղում կատարելով «պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերի» կամ  «լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու» մասին խիստ մեկնաբանելի դրույթներին։

Հաշվի առնելով նախորդող ժամանակահատվածում գործող իշխանությունների կողմից մամուլի ու խոսքի ազատության դեմ ուղղված հետևողական ու համակարգված քայլերը, ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու՝ հիմնարար ազատությունների ու ժողովրդավարական իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք նախաձեռնությունները, հիմք ունենք ենթադրելու, որ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորների հեղինակած սույն նախագիծը ոչ թե ինքնաբուխ ակցիա է, այլ քաղաքական որոշման արտահայտություն, որը տեղավորվում է անկախ լրատվամիջոցների դեմ ուղղված իշխանության քաղաքականության տրամաբանության շրջանակներում։

Այս փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով։ Այդպիսով, իշխանությունները, պետական մարմիններն ավելի կհեռանան հանրային վերահսկողության ու հաշվետվողականության իրենց պարտականությունից, որից  ամեն կերպ փորձում են խուսափել նաև նմանօրինակ նախաձեռնություններով։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է խոսքի ազատության և մամուլի դեմ ուղղված իշխանությունների հերթական գործողությունը՝ կառավարությունից պահանջելով բացասական եզրակացություն տալ խնդրո առարկա օրենքի նախագծին։ Հակառակ դեպքում կհաստատվեն այն ենթադրությունները, որ նախաձեռնությունը քաղաքական որոշման արդյունք է և հրապարակ է եկել քաղաքական պատվերի արդյունքում։

Միևնույն ժամանակ՝ հրավիրում ենք խոսքի ազատության և մամուլի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ուշադրությունը՝ կանխելու համար մամուլի ազատության դեմ ուղղված հերթական նախաձեռնությունը, որը կյանքի կոչվելու դեպքում վատթարացնելու է Հայաստանի՝  առանց այդ էլ՝ ոչ բարվոք վիճակում գտնվող ժողովրդավարության մակարդակը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ իշխանություններից պահանջում է դադարեցնել խոսքի ու մամուլի ազատության դեմ սանձազերծված արշավը, ամենատարբեր նախաձեռնություններով լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու գործեալոճը, որը քայլ առ քայլ Հայաստանը հեռացնում է ժողովրդավարությունից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

08, ապրիլ, 2022թ.