«Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ մի ուշագրավ բան տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցին, շատ ուղղակի ցուցում տվեց ամբողջ գործադրին և օրենսդրին, միգուցե նաև դատական իշխանությանը՝ ասելով, որ որևէ դեպքում չպատասխանեն այն լրագրողների հարցերին, որոնք իրենց գնահատմամբ՝ կարող են քաղաքական հայտարարություններ հնչեցնել»,- Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կազմակերպած «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց հեռուսահաղորդավար և մեկնաբան Դավիթ Սարգսյանը՝ հիշեցնելով նրա այն ձևակերպումը, երբ ասաց՝ դեռ պետք է հասկանալ՝ նրանք լրագրո՞ղ են, թե՞ քաղաքական գործիչ, հարցե՞ր են տալիս, թե՞ քաղաքական հայտարարություններ անում:
Դավիթ Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ սա ասում է մարդ, որը 20 տարի շարունակ լրագրության անվան տակ զբաղվել է ամենագռեհիկ, ցինիկ գործունեությամբ:
«Ես նույնիսկ դա քաղաքական գործունեություն չէի կոչի: Այսինքն՝ օրվա իշխանությունների հասցեին ամենաանընդունելի զազրախոսությամբ է զբաղվել, որոնց մեծագույն մասը հետո չի էլ ապացուցվել, և դա անվանել է լրագրություն: Իսկ այսօր անվանարկում է այն գործող լրագրողներին, որոնք կոռեկտության շրջանակներում, այո, իրավունք ունենալով նաև քաղաքական գնահատականներ հնչեցնել, անում են պնդումներ և ուղղում իրենց հարցերը»,- ասաց հեռուստահաղորդավարը:
Նա նշեց, որ կան ՄԻԵԴ նախադեպային որոշումներ, որոնք ասում են, որ լրագրողը կարող է կատարել գնահատողական դատողություններ:
«Լրագրողը փաստ արձանագրող չէ, պատմիչ չէ, ժամանակագրություն գրող չէ, նա իր ժամանակը վավերացնողն է, և այո, ունի նաև քաղաքական գնահատականներ և գնահատողական դատողություններ հնչեցնելու իրավունք, այլապես կարող ենք կարդալ միայն Parliament.am կամ նայել «Խորհրդարանական շաբաթ» հաղորդումը: Խորհրդարանի բուն գործառույթը միայն օրենքներ գրելը չէ, այլապես չէր լինի հայտարարություններ անելու ժամը: Հետևաբար՝ թող բարի լինեն լրագրողներին էլ տալ այն ազատությունը, որից զրկելու իրավունք չունեն, և ընդունեն, որ լրագրողներն իրավունք ունեն իրենց համար անցանկալի հարցեր տալ և գնահատողական դատողություններ անել»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար Սավզյան