«Եթե որևէ մեկն ընկնի վիրավորանքը քրեականացնող հոդվածի տակ, ապա անպայման պետք է մտածի այն առնվազն մինչև ՍԴ տանելու մասին». Արա Ղազարյան

17:32 01-09-2021

«Երկու տարի է, ինչ ես զբաղվում եմ ատելության խոսքով՝ որպես երևույթ և որպես քրեորեն հետապնդելի արարք: Ի սկզբանե էլ  ՀՀ-ում կար տենդենց ատելության խոսքը կարգավորելու, բայց կարծես թե այս երևույթից աստիճանաբար անցում կատարվեց դեպի դեֆամացիայի դաշտ: Կօգտագործեմ այս եզրույթը, որովհետև միջազգային իրավունքում վիրավորանքի և զրպարտության տարբերակում չի դրվում: Ցանկացած խոսք, որը վիրավորում է անձի արժանապատվությունը, դեֆամացիա է, բայց դա ատելության խոսք չէ: Ատելության խոսքը շատ ավելի նեղ, 10 կատեգորիաներով պայմանավորված հասկացություն է»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային և քրեական իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Վերջինս նշում է՝ ինքը միշտ կողմ է եղել այն բանին, որ դեֆամացիան չկարգավորվի, որ այն մնա քաղաքացիաիրավական դաշտում, ու պետք չէ այն բերել քրեաիրավական դաշտ, բայց ցավոք, արվեց այն, ինչ չպետք է արվեր:

«Եվ սա՝ այն դեպքում, երբ մենք, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, ունենք Եվրոպայում ամենահաջող դատաիրավական պրակտիկան ու նախադեպային իրավունքը վիրավորանքի և զրպարտության գործերով, որին մեր դատարանները հասել են 10 տարում՝ սկսած 2011թ.  Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից:

Ըստ նրա՝ տենդենցն այնպիսին էր, որ սկզբում փորձեցին կարգավորել ատելության խոսքը, ինչն անհրաժեշտ էր, բայց հետո անցում կատարվեց դեֆամացիային, որի անհրաժեշտությունը չկար:

«Նախ քրեականացվեց ծանր վիրավորանքը, որի սահմանումը դեռ պետք  է մեկնաբանվի: Օրենքը դա շատ կարճ կերպով է մեկնաբանում՝ հայհոյելը կամ այլ կերպ անպարկեշտ եղանակով վիրավորելը, և տուգանք 100 000-500 000 դրամ, այն դեպքում, երբ նույն վիրավորանքի համար ունենք 2 միլիոն դրամ քաղաքացիական պատասխանատվության միջոց: Այսինքն՝ քրեական պատասխանատվությունն ավելի մեղմ է, քան քաղաքացիականը: Ինչպե՞ս կարող է դա լինել»,- տարակուսում է Արա Ղազարյանը:

Փաստաբանը նշում է՝ քրեական իրավունքն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն, որ չունի քաղաքացիական իրավունքը. Դա նախականխումն է:

«Եթե ավելի ցածր պատժի տեսակ է սահմանվում, քան  քաղաքացիաիրավական պատասխանատվության համար, նշանակում է՝ նպատակը պետք է տեսնել դրա հետևում: Նպատակը նախականխելն է: Այսինքն՝ լրագրողը, դեռ հոդվածը չգրած, մտածում է, որ ինքը կարող է դառնալ հանցագործ, և հոդվածը չի գրում»,- ասաց Արա Ղազարյանը:

Փաստաբանը նկատում է՝ միջազգային իրավունքում ցանկացած կարգավորում, եթե ազդելու է ինֆորմացիայի ազատության վրա, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, և սա բանաձև է: Այսինքն՝ պետք է ընդունել, որ սրանով մենք դեմ ենք գնում եվրոպական կարգերին:

«Դեֆամացիայի ապաքրեականացումը Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականն է, որի առաջին կետն ասում է՝ առանց հապաղելու վերացնել բանտարկության հետ կապված պատժի տեսակները: Իսկ սա նշանակում է, որ պետք է անպայման վիճարկել մեր օրենսգրքում ընդունված նորմի սահմանադրականությունը»,- ասաց Արա Ղազարյանը:

Միջազգային և քրեական իրավունքի մասնագետը նշում է՝ օրենսդրին առաջարկվել է չսահմանել ի սկզբանե արգելող նորմ: Պետք է թողնել՝ ինֆորմացիան հոսի, հետո նոր, երբ վեճ ծավալվի, շահագրգիռ անձինք թող պայքարի մեջ մտնեն բոլոր իրավական գործիքներով:

«Եթե որևէ մեկն ընկնի վիրավորանքը քրեականացնող հոդվածի տակ, ապա անպայման պետք է մտածի այն առնվազն մինչև ՍԴ տանելու մասին»,- ասաց Արա Ղազարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններին, որոնցով ավելացվեցին տուգանքների չափերը, Արա Ղազարյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ բարձրացնել տուգանքի չափը, երբ այսօր որևէ ծավալուն բողոք կամ գանգատ այս միջոցների անհամաչափության մասին չկա, և եթե ինչ-որ մեկը պիտի տուժի սրանից, դա լինելու են լրագրողները, որովհետև նրանք են հասարակական այն խավը, որը պետք է խոսի այն մասին, ինչի մասին մյուսները գերադասում են լռել:

«Հետևաբար եթե բոլորը՝ փաստաբանները, դատախազները, կարող են կոմպրոմիս գտնել այս հոդվածի հետ, լրագրողները չեն կարող, որովհետև իրենք կամ չպետք է հրապարակեն հոդվածը, կամ պետք է հրապարակեն՝ աչքի տակ ունենալով, որ կարող են խնդիրներ ունենալ: Հետևաբար՝ սա նույնպես ունի նախականխող նպատակ»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ քաղաքացիական օրենսգրքով, փաստորեն, իրականացվում է քողարկված քրեական հետապնդում:

Միջազգային իրավունքի մասնագետն անդրադարձ կատարեց նաև կեղծանուններ օգտագործելու միջոցով հրապարակումներ կատարելուն, ասաց, որ դա լրիվ իրավաչափ է:

«Ի սկզբանե մարդուն արգելել կեղծանուն օգտագործելը նույնպես նախականխում է: Թե  ում մտքով է անցել 21-րդ դարում արգելել կեղծանուն օգտագործել, անհասկանալի է»,- ասաց Արա Ղազարյանը:

Նա կարծում է՝ հայհոյանքի համար վարչական պատասխանատվության ենթարկելիս պետք է վերականգնել մանր խուլիգանության հանցակազմը, որովհետև հայհոյանքով հանրային կարգ է խախտվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան