Երբ միջազգային կառույցների պահանջով 2010 թվականին ապաքրեականացվեցին «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածները, իմաստն այն էր, որ մարդիկ իրենց տեսակետի, խոսքի համար չպատժվեին Քրեական օրենսգրքով եւ չհայտնվեին բանտում, որ նախաքննական մարմինը՝ որպես պետական մարմին, չչարաշահեր իր իրավասությունները, չկատարեր իշխանությունների պատվերը եւ քաղաքական նկատառումներից ելնելով՝ քաղաքական հետապնդումներ չիրականացներ ընդդիմության եւ լրագրողների նկատմամբ՝ սահմանափակելով ազատ խոսքի իրավունքը։
Առաջադեմ մարդկությունը եկել էր համոզման, որ շատ ավելի օբյեկտիվ է, երբ դատարանն է քննում այդ հայցերը՝ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով, եւ առավելագույն պատիժը, որ կարող է սահմանել՝ դրամական տուգանքներն են։ Ընդ որում՝ տուգանքները չպետք է գերազանցեն 1 միլիոն դրամը, թեեւ ժամանակի ընթացքում դատական նախադեպերով մեզանում ձեւավորվեց մի իրավիճակ, երբ անգամ, եթե դատարանը որոշում էր, որ տվյալ անձը, լրագրողը, լրատվամիջոցը «զրպարտել կամ վիրավորել է դատարան դիմած անձին», ապա պետք է վճարի ոչ թե մեկ միլիոն դրամ տուգանք, այլ շատ ավելի նվազ, ասենք՝ 200 կամ 300 հազար դրամ։ Համենայնդեպս, այս սկզբունքն է գործել շուրջ 10 տարի։ Եվ այդ սկզբունքի շնորհիվ է, որ մամուլն անխափան գործել է՝ զերծ մնալով ֆինանսական մեծ տույժ-տուգանքների պատճառով փակվելու հեռանկարից։ Թեեւ, անկեղծ ասած, դատարաններն այս ընթացքում բավականին փորձ են ձեռք բերել, նաեւ հիմնականում գիտակցել են իրենց պատասխանատվությունը, եւ լրատվամիջոցները շատ քիչ պարտություններ են կրել դատարաններում, գոնե՝ «Հրապարակը»։
Բայց եկանք հասանք 2018 թվականը․ իշխանության եկավ մեր գործընկերը՝ ողջ կյանքում լրագրող աշխատած, կյանքի մեծ մասը թերթ խմբագրած Նիկոլ Փաշինյանը, եւ սկսվեց լրատվամիջոցների «սեւ շրջանը»։ Այսօր չեմ անդրադառնա այն բոլոր դժվարություններին, հալածանքներին, ճնշումներին, որ իրենց վրա զգացել են լրագրողներն ու ԶԼՄ-ները 2018-ի հեղափոխությունից հետո։ Անդրադառնալու եմ միայն 2020 թվականի գործընթացներին, երբ մի հարվածով ջուրը լցվեցին բոլոր ազատություններն ու ձեռքբերումները, որոնք արձանագրվել էին այս տարիներին ժողովրդավարության ասպարեզում։
Սկիզբը դրվեց կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության որոշմամբ, երբ սկսեցին տուգանել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիա հրապարակելու համար։ Իբրեւ թե խուճապ չտարածելու, ապատեղեկատվությունը կանխելու նպատակով, դաժան սահմանափակումներ դրվեցին լրատվամիջոցների վրա, եւ մենք մոտ մեկ ամիս ոչինչ չէինք կարողանում գրել այս թեմայով, մինչեւ պարզ դարձավ, որ կորոնավիրուսի դեմ պայքարին դա բոլորովին չի նպաստում, եւ իշխանությունը հրաժարվեց այդ սահմանափակումներից։ Բայց լրատվամիջոցների մեծ մասն այդ ընթացքում՝ ոստիկանության որոշմամբ, վարչական տուգանքների ենթարկվեց՝ արտակարգ դրության սահմանափակումներին չենթարկվելու համար։ «Հրապարակին», օրինակ, տուգանել են մի լուրի համար, որտեղ գրել էինք, որ դատապարտյալները ծանր են տանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները՝ հատկապես ծխախոտի մասով, քանի որ հիմա տնից սնունդ թույլ չեն տալիս ընդունել, այդ թվում նաեւ՝ ծխախոտ։ Թե այս լուրն ում եւ ինչով էր վնասում, մեզ չբացատրեցին։ Պարզապես, ոստիկանությունում նստած մի կիսատգետ որոշեց, որ սա խուճապի տարածում է, եւ մեզ տուգանեց 100 հազար դրամի չափով։
Հետո սկսվեց պատերազմը, եւ իշխանությունը որոշեց ռազմական դրություն սահմանել ու լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակել։
Առաջին որոշումը, որքան էլ տհաճ, բայց ընդունվեց ըմբռնումով՝ բոլորս հնազանդորեն ենթարկվեցինք դրան եւ սահմանից, կորուստներից, ռազմական ուժերի տեղաշարժերից որեւէ ոչ պաշտոնական տեղեկատվություն չէինք տարածում։ Չնայած նման սահմանափակումներ չեն եղել ո՛չ 90-ականների պատերազմի ժամանակ, ո՛չ 2016-ի։ Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում։ Առաջին որոշմանը հաջորդեց երկրորդը, որով սահմանվեց, որ մենք իրավունք չունենք քննադատել ու քննարկել պետական պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների որեւէ ելույթ, քայլ, որոշում։ Դրան զուգահեռ, արագորեն Ազգային ժողովով «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարեցին եւ տուգանքների անհամաչափ դրույքաչափեր սահմանեցին՝ 700 հազար, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ 1,5 միլիոն դրամ, անհատ անձանց՝ 300-700 հազար դրամ։ Միայն անհասկանալի է, եթե խնդիրն ընդդիմախոսների բերանը փակելը եւ պետական բյուջեն լցնելն է, ինչո՞ւ են բավարարվել 1,5 միլիոն դրամով, կարելի է, ասենք, 5 կամ 10 միլիոն դնել ու վերջ՝ սկսվեց Հյուսիսային Կորեա դառնալու գործընթացը։
Եվ բոլոր այն անձինք, որոնք համարձակվում են Ֆեյսբուքում քննարկել կամ քննադատել իշխանություններին, ստացել են տուգանքների մի տրցակ, ինչքան էլ որ զգույշ են արտահայտվել այս ընթացքում։ Ինչ վեաբերում է լրատվամիջոցներին, ապա դրանք արդեն տասնյակ տուգանքների որոշումներ ունեն, «168 ժամ» թերթը, օրինակ, 12 տուգանք ունի։ Ընդ որում՝ շատ ավելի մեծ խախտումների համար իշխանամետ լրատվամիջոցները չեն տուգանվում։
Հասարակությունը պետք է գիտակցի՝ եթե այդ տուգանքների գումարները գանձվեն, ապա ոչ մի ԶԼՄ չի կարողանա գործել՝ ուղղակի կփակվեն, որովհետեւ դրանք լրատվամիջոցների ուժից վեր տուգանքներ են։
Հիմա վերադառնանք հոդվածի սկզբին․ 10 տարում մեր հասարակությունը հասկացել էր, որ լրագրողի հոդվածից, մարդու տեսակետից դժգոհ լինելու դեպքում մի ճանապարհ կա՝ դիմել դատարան, պատիվ պահանջել ոտնահարված արժանապատվության համար։ Եթե քաղաքացին դժգոհ էր, կարծում էր, որ իրեն վիրավորել կամ զրպարտել են, հայց էր ներկայացնում դատարան՝ բացատրելով, թե ինչից է վիրավորված կամ դժգոհ։ Թղթի վրա ձեւակերպում էր իր հիմնավորումները։ Այդ հայցը դատարանը ստանում էր, եթե այն համապատասխանում էր օրենքի պահանջներին, ընդունում էր վարույթ եւ մի օրինակն ուղարկում էր լրատվամիջոցին, վերջինս ծանոթանում էր հայցվորի փաստարկներին, ներկայացնում էր իր հակափաստարկները, ապա սկսվում էր դատական պրոցես։ Երկու կողմը դատարան էին ներկայանում, հիմնավորում, վիճում, բացատրում, միջնորդություններ անում, երբեմն՝ կեսից հաշտվում։ Եթե չէին հաշտվում, դատարանը վերջում որոշում էր կայացնում՝ կա՞ արդյոք նշված հրապարակման մեջ զրպարտություն կամ վիրավորանք, թե՞ ոչ։ Հետո առաջին ատյանի որոշումը, եթե այն չէր բավարարում կողմերից մեկին, բողոքարկվում էր երկրորդ ատյան՝ վերաքննիչ, ապա՝ վճռաբեկ։ Ի վերջո՝ Եվրադատարան գնալու հնարավորություն էլ կա։ Ճիշտ է՝ գործընթացն արագ չէր ընթանում, պայմանավորված մեր դատարանների ծանրաբեռնվածությամբ, բայց հապճեպ որոշումներ էլ չէին կայացվում, եւ արդյունքում շահում էին խոսքի ազատությունը, կարծիք ու տեսակետ արտահայտելու մարդու իրավունքը։
Ահա, այս ամբողջ պրոցեսը՝ նորմալ դատաքննություն, խոսքի իրավունքի պաշտպանվածություն, զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված հիմնավոր քննություն, կողմերի հավասարության հիմունքներով ընթացող դատաքննություն եւ այլն, մեր հեղափոխական իշխանությունները ձեռքի մի հարվածով ուղարկեցին գրողի ծոցը եւ հիմք դրեցին մի նոր պրոցեսի։ Այս նոր պրոցեսում որոշողը ոչ թե դատարանն է, այլ մի կիսագրագետ ոստիկան կամ ոստիկանների խումբ, կամ ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավարը, կամ վարչապետի խոսնակը (մեզ հստակ չեն ասում՝ ով), որոնք իրենց կաբինետներում նստած՝ կարդում են մեր հրապարակումները եւ որոշում՝ ում տուգանել, ում՝ ոչ։ Այս պարագայում մենք անգամ հնարավորություն չունենք մեր փաստարկները ներկայացնելու, համոզելու, բացատրելու, վիճելու մյուս կողմի հետ։ Որովհետեւ՝ նախ մյուս կողմը չկա։ Իշխանությունն իր ուսերից գցեց անգամ հայց գրելու, իր դժգոհությունները թղթին հանձնելու հոգսը։
Պարզապես, մի ոստիկան որոշում է, որ մենք վիրավորել ենք Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին կամ մի որեւէ համայնքապետի, եւ ըստ այդմ՝ վարույթ է հարուցում ու տուգանք սահմանում։
Խմբագրություններն ու խմբագիրները միայն ծանուցումներն են ստանում՝ առանց որեւէ բացատրության, թե նշված հոդվածի ինչը չի հավանել որոշում կայացնող ոստիկանը, որը նաեւ «մերն» է։ Ճիշտ է՝ տեսականորեն մնում է այդ որոշումները դատարանում բողոքարկելու իրավունքը, եւ պարզ է, որ բոլոր ԶԼՄ-ներն օգտվելու են այդ իրավունքից։ Բայց այս ծանր օրերին, երբ մեր երկիրը պատերազմի մեջ է, մի՞թե ափսոս չեն ոստիկանության եւ դատարանների, ինչպես նաեւ՝ լրատվամիջոցների ռեսուրսները, որը ծախսվում են այս վնասակար գործընթացի վրա։ Ո՞վ է շահում ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու եւ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքը սահմանափակելու այս անօրինական պրոցեսից։
Հեղինակ՝ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան