Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը` դատապարտելով AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստին:
«EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի գրառման մեջ, որին կից ներկայացված է նաև ՀԺՄ հայտարարությունը` հետևյալ հեշթեգով` #JournalismIsNotACrime (Լրագրությունը հանցագործություն չէ):
Կազմակերպությունից մեզ տեղեկացրեցին նաև, որ առաջիկայում կհրապարակվի նաև EFJ-ի ամբողջական հայտարարությունը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության փաստի կապակցությամբ:
Հայաստանի ժուռնալիստների միություն