Հայաստան. վիրավորանքի և զրպարտության օրենսդրական նախաձեռնությունը սպառնում է խոսքի ազատությանը

12:48 15-09-2020

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավորը ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական մի նախաձեռնություն, որի նպատակն է՝ ավելացնել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը:

Այսպիսով, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Առաջարկի նպատակն է՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի համար փոխհատուցման չափն ավելացնել ու 1 միլիոն ՀՀ դրամից՝ 5 միլիոն (մոտ 9000 եվրո), իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն ՀՀ դրամից՝ 10 միլիոն (մոտ 18000 եվրո) դարձնել:

Այս անորոշ սահմանումը հնարավորություն է տալիս շահարկել վիրավորանքի կամ զրպարտության մեղադրանքը քաղաքական նպատակներով՝ լռեցնելու համար իշխանություններին քննադատող լրագրողներին կամ այլ անձանց:

Հայաստանի ժուռնալիստների միությունն (ՀԺՄ) իր հայտարարության մեջ մասնավորապես նշում է, որ այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։

«Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի  այսօր առաջարկած Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու  նախագիծը, և կոչ է անում այն Ազգային ժողովի օրակարգ չմտցնել»,- ասված է ՀԺՄ հայտարարության մեջ:

Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) միանում են իրենց գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ)՝ կոչ անելով Խորհրդարանին չընդունել օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը:

News.am կայքի համաձայն՝  Սիմոնյանը մինչ այժմ վիրավորանքի և զրպարտության 6 հայց է ներկայացրել դատարան և վստահ է, որ այս նախագիծը կխոչընդոտի վիրավորանքի և կեղծ լուրերի տարածմանը:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» (ACPIS) ՀԿ-ի ծրագիր «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կարծիքով՝  «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները ՀՀ օրենսգրքում հստակ սահմանված չեն: