ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիակնությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել` լրագրողի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1966 թվականին: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: