«Ես կարծում եմ՝ ԱԺ նախագահի որոշումը կարելի է անհապաղ վիճարկման առարկա դարձնել դատարանում, և սպառելով բոլոր 3 ատյանները՝ հասնել ՍԴ». Ռոբերտ Հայրապետյան

19:55 01-09-2021

«Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի ընդունմամբ ըստ էության ՀՀ-ն բռնել է նահանջի և հետքայլի ճանապարհ: Երբ 2010թ.-ին ԵԽԽՎ հանձնարարականի արդյունքում վիրավորանքի և զրպարտության հոդվածն ապաքրեականացվեց, և մեր դատարանները բավականին կարճ ժամանակում հասան լուրջ արդյունքների, ՀՀ-ն այն հազվադեպ երկրներից էր, որ անսաց ԶԼՄ-ների համար խնդիրներ չստեղծելու կոչին: Հիմա մենք գնում ենք հետքայլի»,- Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կազմակերպած «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ թեև գլխավոր դատախազության այս օրենսդրական առաջարկի հիմքում նշված էր, որ ուսումնասիրված է միջազգային փորձը, ինքը նման բանի չի հանդիպել:

«Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե որևէ լրատվամիջոցի տված հարցազրույցի ժամանակ իմ որևէ կոպիտ կամ կոշտ արտահայտության որ մասը իշխանության ներկայացուցիչները կարող են ընդունել որպես վիրավորանք կամ ծանր վիրավորանք, որ հարուցեն քրեական գործ: Անհասկանալի է՝ դրա համար ե՞ս եմ ենթարկվելու քրեական հետապնդման, հարցազրուցավա՞րը, թե՞ լրատվամիջոցը: Սա որոշակիության հետ խնդիր ունի, բայց դա չի խանգարել դատախազությանը տալ լայն գործիքակազմ»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

 

Վերջինս նշում է՝ թեև հիմա քննարկում են մամուլի աշխատանքի վրա այս հոդվածի ազդեցությունը, բայց այն ազդելու է բոլորիս վրա:

«Ես՝ որպես քաղաքական ընդդիմախոս, կարող եմ առաջիններից մեկը լինել, որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ենթարկվեմ պատասխանատվության»,- ասաց իրավաբանը:

Խոսելով լրագրողների տեղաշարժի և սահմանափակումների մասին, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի մեկ որոշմամբ, այն որոշակի առումով կապ ունի հանդուրժողականության հետ:

«Ես կարծում եմ՝ ԱԺ նախագահի որոշումը կարելի է անհապաղ վիճարկման առարկա դարձնել դատարանում, և սպառելով բոլոր 3 ատյանները՝ հասնել ՍԴ: Ընդ որում, չեմ կարծում, որ Սահմանադրական դատարան հասնելու անհրաժեշտություն կլինի, որովհետև քիչ թե շատ օբյեկտիվ և քաղաքական հրահանգներին տուրք չտվող դատավորները մեծ մասամբ հանգրվանել են Վարչական դատարանում, և այս ակտի բողոքարկումն արձանագրելու է լրագրողների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան