«Վիճարկվող դրույթներով վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման գումարային սահմանաչափերի բարձրացումը խնդրահարույց է լրագրողական գործունեության նկատմամբ ազդեցության առումով». ՀՀ ՄԻՊ

19:00 09-08-2021

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը 2021 թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված դիմումով Պաշտպանի ուշադրությունն է հրավիրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի սահմանադրականության հարցը:

Նշված օրենքով վիճարկվող դրույթները նախատեսում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-րդ հոդվածում ամրագրված՝ վիրավորանքի և զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերի բարձրացում՝ վիրավորանքի դեպքում գործող խմբագրության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը դարձնելով 3000-ապատիկ, իսկ զրպարտության դեպքում՝ 2000-ապատիկը՝ 6000-ապատիկ:

Պատասխան գրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախ հիշեցրել է, որ Օրենքի սահմանադրականության վիճարկման հարցով ՀՀ նախագահը 2021 թվականի ապրիլի 14-ին դիմել է Սահմանադրական դատարան:

ՄԻՊ-ը նաև տեղեկացրել է, որ հիշյալ դիմումի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դատարանի ընկեր կարգավիճակով խորհրդատվական բնույթի կարծիք (amicus brief) է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների, միջազգային և ներպետական փորձի ուսումնասիրության արդյունքներով, որի եզրահանգումները ստացել են հետևյալ ձևակերպումները.

Հանրային տիրույթում կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ դրսևորումների, այդ թվում՝ ատելության խոսքի, վիրավորանքի ու զրպարտության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի պարբերական մշտադիտարկման առարկա են: Հետևաբար, այդ ոչ իրավաչափ երևույթների դեմ պետության հակազդման, խախտված իրավունքների վերականգնման արդյունավետ միջոցները պետք է երաշխավորվեն թե՛ օրենսդրական, թե՛ գործնական մակարդակներում:

  • Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ հակազդման այդ կառուցակարգերը պետք է լինեն որոշակի, համաչափ և արդյունավետ հետապնդվող նպատակին հասնելու համար: Հակառակ դեպքում, առաջ է գալիս հարաբերակցվող իրավական արժեքների, ինչպիսին տվյալ դեպքում մարդու պատիվը, արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունն է, հավասարակշռված պաշտպանվածություն չապահովելու խնդիր:
  • Առհասարակ, հարկ է նկատել, որ պետության քաղաքականությունը՝ կարծիքի և մամուլի ազատության սահմանափակումների մասով, Օմբուդսմանի մշտադիտարկման առարկան է եղել նաև արտակարգ դրության և ռազմական դրության պայմաններում: Այդ ժամանակահատվածում ոլորտի քաղաքականության ընդհանուր դիտարկումը՝ օրենսդրության վերլուծության, գործնականում դրա կիրառության խնդիրների համադրման և միջազգային մոտեցումների ամփոփման արդյունքներով, հիմք է տալիս եզրահանգելու, որ սկզբունքային մակարդակում դեռևս արմատավորված չէ խոսքի ու մամուլի ազատությանը միջամտության համաչափության ու որոշակիության պահանջների հետևողական պահպանումը՝ այդ ազատության առանձնահատկությունների ու կարևորության հաշվառմամբ:

ՄԻՊ-ն իր գրության մեջ նշել է, որ վիճարկվող դրույթներով վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման գումարային սահմանաչափերի բարձրացումը խնդրահարույց է լրագրողական գործունեության նկատմամբ ազդեցության առումով, այսինքն՝ կարող է առաջ բերել անհամաչափ ֆինանսական պարտավորություն լրագրողի կամ լրագրողական կազմակերպության համար, որը թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում քրեական պատժից կտարբերվի միայն եզրութաբանական առումով և ոչ թե բովանդակային:

Հիմք ընդունելով խնդրո առարկա կարգավորումների վերաբերյալ Պաշտպանի դիտարկումներն ու վերլուծությունները՝ ՄԻՊ-ը նշել է, որ հարկ է նկատել՝ վիճարկվող Օրենքը մտահոգություն է առաջացնում՝ այդ կարգավորումների համաչափության, հետևաբար նաև՝ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու և գործնական կիրառության արդյունավետության տեսանկյունից: