Մահացել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետը

18:00 29-10-2020

Գիշերը մահացել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և բուժվում էր Երևանի կլինիկաներից մեկում։

Նշենք, որ Սամվել Գրիգորյանը 62 տարեկան էր, Շիրակի մարզպետարանի երկարամյա պաշտոնյաներից էր․ 1996 թվականից աշխատում էր Շիրակի մարզպետարանում։ 1997-2010թթ.-ին եղել է նաև Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակից, 2001 թվականից էլ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։

Սամվել Գրիգորյանն աչքի էր ընկնում իր ջերմ, անմիջական շփմամբ, մարդկային բարձր հատկանիշներով․ խնդիրների մեջ հայտնված քաղաքացիներին լսելու ու աջակից լինելու կարողությամբ։ Նա աշխատանքի բերումով շփվում էր նաև հասարակության տարբեր անդամների հետ, բոլոր լրատվամիջոցների հետ էլ աշխատում էր առանց ավելորդ խնդիրների՝ գործընկերային բարձր մակարդակի հարաբերություններ պահպանելով։

Նա անչափ կենսուրախ անձնավորություն էր։