Ստացվում է՝ մի կողմին թույլատրվում է ամենասուր քննադատությունը՝ ընդհուպ հայհոյանքն ընդդիմության հասցեին, բայց ընդդիմությունը եւ մտահոգված այլ մարդիկ չեն կարող որեւէ քննադատական խոսք հնչեցնել. Ավետիք Իշխանյան

09:57 19-10-2020

Aravot.am-ի խնդրանքով «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ կառավարության որոշմանը, որով նախատեսվում է 700.000-ից մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամ տուգանք՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում լրատվամիջոցների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար:

«Այն, որ պատերազմական իրավիճակում խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ պետք է լինեն, որեւէ մեկը չի վիճարկում, ես՝ ինքս էլ Ֆեյսբուքյան իմ գրառման մեջ գրել էի՝ գուցե մի քիչ ծայրահեղականացված, բայց նույնիսկ Ֆեյսբուքի արգելափակմանն էի կողմ, որովհետեւ Ֆեյսբուքում մի կողմից այնպիսի իրարամերժ լուրեր են տարածվում, մյուս կողմից այնպիսի կարծիքներ են հնչում, որ, իմ կարծիքով, երբեմն սպառնում են ազգային անվտանգությանը»: Պարոն Իշխանյանի խոսքով, սահմանափակումներ, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ցանկացած սահմանափակում պետք է լինի համաչափության մեջ, ինչպես նաև հստակ չափորոշիչներով. «Իսկ իրականում մենք ի՞նչ ունենք այդ սահմանափակումների արդյունքում, բավականին անհասկանալի չափորոշիչներ, այն է՝ իշխանություններին քննադատել չի կարելի, եւ դա էլ բավականին անորոշ է հնչում, որովհետեւ ցանկացած քննադատություն, նույնիսկ այլ ոլորտից, կարող է դիտվել որպես պատերազմական իրավիճակի հետ կապված քննադատություն»:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ մի՛ բան է քննադատությունը, մի՛ բան է կեղծ լուրեր տարածելն ու երեւակայական, առանց ստուգված փաստերի քննադատել իշխանություններին: «Սրանք տարբեր բաներ են: Ի՞նչ է նշանակում չքննադատել, սա բավականին մտահոգիչ է: Իհարկե հիմա պատերազմական իրավիճակ է, բայց եթե մենք մեզ համարվում ենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի՝ քննադատությունը որպես այդպիսին երբեք չպետք է սահմանափակվի: Երբ ընթերցում ես տարբեր գրառումներ, ապա իշխանության կամ իշխանամետ շրջանակներից ոչ միայն քննադատվում է ընդդիմությունը, այլեւ, նունիսկ հաճախ հերյուրանքներ, մեղադրանքներ են հնչում նրանց հասցեին, այն դեպքում, երբ ընդդիմությունը բավականաչափ զուսպ էր մինչեւ այդ օրենքի ընդունումը, առավել եւս, օրենքի ընդունումից հետո»:

Ավետիք Իշխանյանի խոսքով, ստացվում է՝ մի կողմին թույլատրվում է ամենասուր քննադատությունը՝ ընդհուպ հայհոյանքն ընդդիմության հասցեին, բայց ընդդիմությունը եւ մտահոգված այլ մարդիկ չեն կարող որեւէ քննադատական խոսք հնչեցնել իշխանության հասցեին: Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարելի է անել, պարոն Իշխանյանն ասաց՝ դժվարանում եմ պատասխանել: Նա մտահոգիչ է համարում այս օրերին ոստիկանության մեծաթիվ այցերը.

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, բավականին շատ են ոստիկանության աշխատակիցների այցերը տարբեր խմբագրություներ, ե՛ւ անհատ անձանց, ե՛ւ վարչական տուգանքները, դրանք հսկայական գումարներ են եւ տպավորությունն այնպես է, որ մարդիկ զրկված են այդ որոշումները բողոքարկելու իրավունքից: Իմ ունեցած տեղեկություններով, նույն ոստիկանությունը, երբ այցելում էր տվյալ անձանց, բավականին բարդ իրավիճակում է հայտնվում, որովհետեւ չափորոշիչներ չկան: Չգիտեին՝ ինչ անել, բայց հրահանգ էր տրված, պետք է տուգանեն: Այսինքն՝ հրահանգով կատարում են առնվազն վիճելի որոշումներ: Ի՞նչ կարելի է անել, դժվարանում եմ ասել, ցանկալի կլիներ, որպեսզի իշխանությունն ինքն այս ամենը գիտակցեր եւ փոփոխություններ մտցներ այդ օրենքում»: Մեր հարցին՝ ի՞նչ կարծիք ունի 24 լրատվամիջոցների՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմում ուղղելու վերաբերյալ, Ավետիք Իշխանյանն ասաց.

«Կարծում եմ՝ նրանք իրավունք ունեն դիմելու եւ, եթե իշխանությունները չեն գնում այդ օրենքի մեղմացմանը, ապա Մարդու իրավունքների պաշտպանը պետք է դիմի Սահմանադրական դատարան: Սակայն պետք է հաշվի առնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այս ընթացքում իր հնարավորություների սահմաններից դուրս փայլուն աշխատում է եւ արձանագրում ադրբեջանական հարձակումների բոլոր հումանիստական օրենքների խախտումները եւ ներկայացնում միջազգային կազմակերպություններին: Ես չգիտեմ՝ ինչ է մտածում Մարդու իրավունքների պաշտպանն այդ դիմումի հետ կապված, թերեւս ծանրաբեռնվածությունն է պատճառը, բայց ես կուզեի, որ նա հիշեր նաեւ ներքին հարցերի մասին եւ ճիշտ կաներ՝ դիմեր Սահմանադրական դատարան»: