Դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշեց «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցնել 30 օրով։ Ընկերությունը նաև տուգանվել է՝ 500.000 դրամով։ Որպես կասեցման հիմք՝ նշվում են Արման Աբովյանի հեղինակած «Աբովյան թայմ» և Տիգրան Քեոսայանի «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումների ընթացքում հնչեցված մտքերը:
Որքանով որ կարելի է դատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հրապարակված պաշտոնական փաստաթղթերից, հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքում կայացված որոշումների իրավական հիմք է հանդիսացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` արգելվում է օրենքով չթույլատրված արարքների կոչեր տարածելը։ Միաժամանակ պաշտոնական փաստաթղթերում հղում է կատարվում նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք էլ սահմանում են հեռարձակողի պարտականությունը՝ հաղորդման շրջանակներում որևէ սխալ կամ ոչ հավաստի տվյալի առկայության դեպքում շտկել դրանք հաջորդ կամ հենց նույն հաղորդման շրջանակներում, ինչպես նաև իրազեկել ոչ հավաստի կամ անանուն աղբյուրներից ստացված տեղեկությունների վերաբերյալ։
Վերոգրյալի համատեքստում Հայաստանի ժուռնալիստների միությունը կարևոր է համարում հիշատակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ, համաձայն որի՝ վերջիններս օժտված են առավել լայն խոսքի ազատությամբ, քանի որ իրականացնում են տեղեկությունների ստացման, մշակման և ստացված տեղեկությունը հասարակությանն իրազեկելուն ուղղված գործողություններ։ Բնականաբար, լրատվամիջոցները պարտավորված չեն իրականացնելու բացառապես պաշտոնական տեղեկատվության հրապարակում, վերջիններս ունեն իրավասություն հավաքագրելու և տարածելու նաև այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակվում է այլ աղբյուրների կողմից։ Միանշանակ, լրատվական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ (լրագրող, մեկնաբան, հաղորդավար) իրավունք ունի նաև իրականացնելու սեփական վերլուծություններ և դրա հիման վրա հնչեցնել գնահատողական դատողություններ, որոնք որևէ կերպ չեն կարող հանգեցնել վերջինիս համար բացասական հետևանքների։
ՀՌՀ կողմից հրապարակված թվով երկու վարչական վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը և, մասնավորապես, դրանց շրջանակներում կայացված երկու որոշումներն էլ կառուցված են նույն իրավանորմերի հիման վրա՝ որոշակիորեն տարբերվող հիմնավորումներով։
Այսպես, օրինակ, «Աբովյան թայմ» հաղորդման շրջանակներում որպես խնդրահարույց արտահայտություն է դիտարկվել հետևյալը․ «․․․եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք»։
Նշյալ արտահայտությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից գնահատվել է՝ որպես հավաստիության բավարար աստիճան չունեցող տեղեկատվություն, որի վերաբերյալ հեռարձակողն իբրև թե պարտականություն է ունեցել համապատասխան իրազեկում իրականացնելու։ Նշյալ արտահայտությունը, նախևառաջ, կոնտեքստից կտրված և անգամ ամբողջական նախադասություն չենթադրող արտահայտություն է, որը, մեր կարծիքով, ներառված է լրագրողի գնահատողական դատողության դաշտում։ Եվ եթե Հանձնաժողովն իր ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացներ ոչ թե նախադասության մեկ մասի, այլ ամբողջ մտքի ուսումնասիրություն, գուցե վերջինս հանգեր բոլորովին այլ հետևության, քանի որ հնչեցված դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան գնահատողական դատողություն, որը հիմնված է եղել հանրահայտ դիտարկվող և մեր հասարակության շրջանում լայնորեն տարածված որոշակի տեղեկությունների վրա։
Մինչդեռ Հանձնաժողովի կողմից այն դիտարկվել է՝ որպես փաստարկում, որի աղբյուրի պատշաճ բացահայտումը չի իրականացվել հեռարձակողի կողմից։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Աբովյան թայմ» հաղորդաշարի տվյալ թողարկման վերաբերյալ ՀՌՀ-ի կողմից վարչական վարույթի հարուցումն ու կրկնակի ստանդարտների ցցուն ցուցադրությունն այդ կառույցի կողմից: ՀՌՀ-ի մշտադիտարկման տիրույթում գտնվող բազմաթիվ պրոիշխանական մեդիաների ու անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում բազմաթիվ են այնպիսի եթերները, որոնք առավել խնդրահարույց են, քան տվյալ թողարկումը, բայց որոնց վերաբերյալ վարչական վարույթի շրջանակում կասեցման որոշում չի կայացրել, իսկ դրանցում շատ հաճախ են հնչեցվում բռնության կոչեր, կեղծ, չպարզված և չհաստատված տեղեկություններ ընդդիմադիր գործիչների և այլ անձանց վերաբերյալ։ Արդյո՞ք այս տարբերակված մոտեցումը և սահմանադրորեն ամրագրված հավասարության սկզբունքի խախտումը թույլատրելի կարող է դիտարկվել պետական մարմնի կողմից, որն ունի ուղղակի պարտականություն՝ հավասարություն և անկողմնակալություն ապահովելու սկզբունքի պահպանումը բացառապես բոլոր տեսալսողական մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Ինչ վերաբերում է երկրորդ վարչական վարույթին՝ «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում Տ. Քեոսայանի կողմից արված արտահայտություններին, նախևառաջ, Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Տիգրան Քեոսայանի կողմից որևէ համատեքստում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստան աշխարհի ու հայկականության վերաբերյալ առհասարակ որևէ նվաստացուցիչ արտահայտության կիրառումը: Կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը կասկածի տակ դնող խոսույթով, բառապաշարով հանդես գալուց՝ հայաստանյան լրատվական որևէ ձևաչափով ու եթերով, անգամ, եթե դա արվում է քարոզչական նպատակներով:
Սակայն պետք է նշել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ըստ օրենքի՝ հանդիսանալով ապաքաղաքական կառույց, որի գործառույթների մեջ է ներառված հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, լայնածավալ մեկնաբանության է ենթարկել Տիգրան Քեոսայանի կողմից արված արտահայտությունները, որոնք հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին։ Փաստացի, Փաշինյանին ուղղված արտահայտությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկել է՝ որպես հայ ժողովրդին ուղղված վիրավորանք։ Կարծում ենք, որ այս մոտեցումն առնվազն անհասկանալի է և չի բխում Հանձնաժողովի լիազորություններից այնքանով, որքանով որ Հանձնաժողովի գործառույթների մեջ ներառված չէ պետական պաշտոնյաներից որևէ մեկի պատվի և արժանապատվության պաշտպանությունը։
Ընդ որում, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված վերլուծությունները, որոնք, ընդհանուր առմամբ, կարող են ներառված լինել վիրավորանքի կամ զրպարտության դաշտում և պետք է քննարկման առարկա դառնային դատարանում, այլ ոչ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, դրվել են ռադիոյի հեռարձակման լիցենզիայի ժամանակավորապես կասեցման որոշման հիմնավորման հիմքում։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՌՀ կողմից մեջբերված իրավանորմերը կիրառելի չեն, երկու թողարկումներում էլ չթույլատրված արարքի կոչ կամ սխալ, ոչ հավաստի տվյալների հրապարակում չի եղել։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք գնահատողական արտահայտությունների հետ, որոնք լայն պաշտպանվածություն ունեն լրագրողական ազատությունների տեսանկյունից։
Կրկնում ենք, եթե նույնիսկ իրավունքների վերազանցում կա, ապա դա պետք է քննարկվի պատվի, արժանապատվության պաշտպանության համատեքստում, որի համար ներդրված են քաղաքացիաիրավական մեխանիզմներ, և անթույլատրելի է պետության ռեսուրսի՝ ՀՌՀ-ի օգտագործումը մասնավոր հարաբերությունների խնդիրներ լուծելու համար։ ՀՌՀ սույն որոշմամբ վարչական ռեսուրսը բացահայտորեն չարաշահվել է Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, ինչը հակասում է պետության դիրքորոշմանն այդ հարցի վերաբերյալ։ Պետական մարմինը չպետք է ու չի կարող որևէ անձի, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել։ Պետական մարմնի, տվյալ դեպքում ՀՌՀ-ի խնդիրը հանրային շահի դեմ ոտնձգությունը կանխելն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը։ Երկու վարչական վարույթի դեպքում էլ առկա չեն ոչ հրահրող խոսքի և ոչ էլ ակնհայտ սխալ տեղեկությունների տարածման փաստեր։
Պնդում ենք, որ ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել։
Խոսելով տարբերակված և կողմնակալ մոտեցման մասին, նշենք, որ դրա վերաբերյալ կարող է հիմնավոր կասկած առաջանալ նաև այն պարզ պատճառով, որ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ով հանդիսանում է ապաքաղաքականացված կառույցի ղեկավար, ով ունի քաղաքական զսպվածություն դրսևորելու սահմանադրորեն և օրենսդրորեն ամրագրված պարտականություն, Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ համատեղ վարում է հաղորդում, որտեղ հաճախ քննարկվում են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր, որի շրջանակներում էլ կարելի է ենթադրություններ կատարել նաև հենց Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքների մասին, որոնք շատ հաճախ մոլորեցնում են հասարակությանը՝ ծառայելով իշխանական քարոզչության տարածմանը։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ ողջամիտ կասկած է առաջանում առ այն, թե արդյո՞ք ապաքաղաքական անկախ կառույցի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքներն ամեն դեպքում չեն անդրադառնում նրա և հանձնաժողովի լիազորությունների իրականացման վրա:
Հայաստանի Ժուռնալիստների միություն