Հայտարարություն
Երեկ երեկոյան ոստիկանությունը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց տեղի ունեցող ընդդեմ Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների ցույցի ժամանակ բերման է ենթարկել 25 երիտասարդների, որոնց թվում եղել է նաև «Երկիր մեդիայի» լրագրող Անի Նահապետյանը։
Վերջինս բերման ենթարկվելու պահին կատարելիս է եղել իր մասնագիտական պարտքը, արտաքին տեսանելի հատվածում կրել է լրագրողական անվանաքարտը, ոստիկանության ծառայողներին տեղեկացրել է, որ ինքը լրագրող է, սակայն անգամ այդ պարագայում օրենքի կոպտագույն խախտմամբ, լրագրողին քաշքշելով ու վիրավորելով՝ տարել են ոստիկանություն ու քրեական գործ հարուցել խուլիգանության հանցակազմով:
Լրագրողի խոսքով՝ ոստիկանական բաժնում ինքը նույնպես կրկնել է, որ լրագրող է, ինչը որևէ կերպ չի փոխել իրերի դրությունը, և Անի Նահապետյանը 5 ժամից ավելի անցկացրել է ոստիկանությունում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտմանն ուղղված ցանկացած գործողություն:
Լրագրողն ազատ է իր ցանկացած վայրից, իր նախընտրած գործիքակազմով, շարժման հետագծով լուսաբանել ցանկացած իրադարձություն, այդ թվում՝ հատկապես ցույց, բողոքի ակցիա կամ հանրային դժգոհության արտահայտման որևէ այլ ձևաչափի դրսևորմամբ այլ միջոցառում:
Որևէ մեկն իրավունք չունի բերման ենթարկել լրագրողին մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում, եթե վերջինս չի խոչընդոտել ոստիկանների աշխատանքին: Ակնհայտ է, որ միայնակ, հեռախոսով բողոքի ակցիա լուսաբանող լրագրողը որևէ տեսական հնարավորություն անգամ չուներ խոչընդոտելու տասնյակ կարմիր բերետավորների աշխատանքը:
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն ու հանդուրժողականություն, դուրս չգալ ծառայողական պարտականությունների լիազորություններից:
Հայաստանի ժուռնալիստների միություն