«Հայտնվեցին պաշտոնյաներ, որոնք լրագրողներին ու նրանց աշխատանքը սկսեցին համեմատել վարձկանների, ահաբեկչական ակտերի հետ. սա անթույլատրելի է». ՀՀ ՄԻՊ

12:49 22-02-2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը եղել է լրագրողների իրավունքների պաշտպանությունը, որովհետև լրագրողների աշխատանքը կարևոր է երկրում խոսքի ազատությունը պաշտպանելու, ժողովրդավարության համակարգի համար, և, ի վերջո, լրագրողների աշխատանքի շնորհիվ է, որ քաղաքացին տեղեկություններ է ստանում այն մասին, թե ինչպես են աշխատում պետական մարմինները, հետևաբար՝ այդ կերպ նաև կարողանում է վերահսկել այդ պետական մարմիններին:

Այս մասին իր պաշտոնավարման 6 տարիներին նվիրված հերթական ամփոփիչ տեսանյութում խոսել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝ դրանով են պայմանավորված նաև ՄԻՊ մի քանի դիմումները Սահմանադրական դատարան (ՍԴ) հենց միայն լրագրողների իրավունքների մասով:

«Այդպիսի դիմումներից մեկի առիթը եղավ այն, որ Հայաստանի Ազգային ժողովը (ԱԺ) փոփոխություններ կատարեց «Պետական սահմանի մասին» օրենքում, որով լուրջ սահմանափակումներ նախատեսվեցին նաև լրագրողների համար: Մասնավորապես, սահմանային հատվածներում լրագրողներին արգելվում էր իրականացնել նկարահանումներ կամ այլ լրագրողական աշխատանք: Օրենքը նախատեսում է, որ դա պետք է անել հատուկ թույլտվությամբ, բայց փոխարենը նախատեսված չէին չափանիշներ: Լրագրողները հայտնվել էին անորոշության մեջ. հնարավոր չէր հասկանալ՝ ինչ չափանիշներ է պետությունը կիրառում»,- նշել է ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանի խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է նաև լրագրողների աշխատանքը:

«Օրենքը վիճարկելու դիմումով մենք այլ հարցեր էլ ենք բարձրացրել, մասնավորապես՝ ՄԻՊ-ի համար են առաջացել խոչընդոտներ: Դրանից բացի, այնպես է ստացվել, որ այս պատերազմից հետո սահմանային բնակավայրերում մարդկանց տները հայտնվել են հենց սահմանային շերտերում: Սա նշանակում է, որ այդ օրենքի գործողությունը տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր բնակվում են այդ տներում, որովհետև ստացվում է, որ մարդը եթե լուսանկարվի կամ լուսանկարի իր ընտանիքի անդամին, ու լուսանկարի հետևում երևա ադրբեջանական հատված, նա կարող է ենթարկվել տուգանքի»,- ասել է Պաշտպանը:

Շարունակելով՝ Արման Թաթոյանն ասել է, որ ՍԴ լրագրողների հարցով ներկայացված դիմումներից մեկն էլ վերաբերում էր ԱԺ-ում լրագրողների մասնագիտական աշխատանքին:

«Մասնավորապես, այնպես ստացվեց, որ ի հայտ եկավ մի նոր խնդիր, երբ լրագրողների համար կիրառվում են սահմանափակումներ ԱԺ շենքում: Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումները դիտարկվում են ոչ թե նրանց մասնագիտական լիարժեք աշխատանքն ապահովելու տեսանկյունից, այլ խնդիրները դիտարկվում են բացառապես անվտանգության տեսանկյունից»,- տարակուսել է ՄԻՊ-ն ու հավելել, որ անթույլատրելի է լրագրողների մասնագիտական աշխատանքը, այն էլ, երբ խոսքը վերաբերում է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, դիտարկել միայն անվտանգության տեսանկյունից:

 

Ըստ նրա՝ սա էր պատճառ դարձել, որ լրագրողների նկատմամբ կիրառվում էին անհարկի ներգործության միջոցներ, անվտանգության տեսանկյունից դիտարկելու պատճառով առաջացան լրացուցիչ կարծրատիպային դիրքորոշումներ՝ լրագրողների հետ կապված:

«Հայտնվեցին պաշտոնյաներ, որոնք լրագրողներին սկսեցին համեմատել վարձկանների հետ, որոնք լրագրողների աշխատանքը համեմատում էին ահաբեկչական ակտերի հետ. սա անթույլատրելի է: Պետությունը պարտավոր է ԱԺ-ում լրագրողների աշխատանքին մոտենալ այդ մարմնի բնականոն աշխատանքն ապահովելու, այլ ոչ թե անվտանգության կամ ռազմական համազգեստով նրանց աշխատանքն ապահովելու դիտանկյունից»,- նշել է ՄԻՊ-ը:

Վերջինս շեշտում է՝ դրանից բացի, լրագրողներից բազմաթիվ դիմումներ են ունեցել, թե ինչ անթույլատրելի արարքներ են կատարում ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայողները լրագրողների նկատմամբ:

«Օրինակ, ունեինք դեպքեր, երբ անվտանգության աշխատակիցները լրագրողներից պահանջում են չնկարել այս կամ այն տեսարանը կամ ջնջել արդեն նկարահանվածը: Եվ մեզ համար պարզ էր, որ Հայաստանի որևէ օրենք չունի այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան մասնագիտական սկզբունքներով հստակ սահմանել, թե ինչպես են լրագրողներն աշխատելու Ազգային ժողովում»,- ասել է Արման Թաթոյանը:

Նա հատկապես ընդգծել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումները:

«Մենք անգամ հարց ենք բարձրացրել. ի՞նչ տարբերություն ԱԺ շենք մուտք գործող աշխատակիցների և հատուկ ընթացակարգով հավատարմագրում անցած լրագրողների աշխատանքի միջև»,- նկատել է ՄԻՊ-ը:

Իր պաշտոնավարմանը նվիրված ամփոփիչ հերթական տեսանյութում Արման Թաթոյանը խոսել է նաև լրագրողական հետաքննական աշխատանքն իրենց ուշադրության  կենտրոնում պահելու մասին:

«Լրագրողական հետաքննությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր գործիքներից մեկն է: Այն անգամ մեզ համար է շատ օգտակար, որովհետև հաճախ է լինում, երբ ՄԻՊ-ը, միջազգային կառույցներն օգտվում են լրագրողական հավաստի հետաքննության արդյունքներից»,- ասել է Պաշտպանը:

Նա նկատել է՝ այնպես է ստացվել, որ Նոր կորոնավիրուսային համավարակի սկզբնական փուլերում կառավարությունն ընդունեց կարգավորումներ՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ, որով սահմանփակումներ նախատեսվեցին լրագրողների համար՝ հենց լրագրողական հետաքննության տեսանկյունից վտանգավոր, ինչն իրենց առաջարկով վերացվել է:

«Բայց դրանից հետո, երբ ադրբեջանական կողմը սանձազերծեց ագրեսիվ պատերազմ, կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն, և էլի նոր սահմանափակումներ մտցվեցին, իհարկե, քաղաքացիների համար, բայց նաև լրագրողների համար: Այնպես էր ստացվել, որ լրագրողներն առհասարակ իրավունք չունեին քննադատել պետական մարմիններին, և պրակտիկան էլ գնում էր այդ ուղղությամբ, հակառակ դեպքում ենթարկվում էին տուգանքների»,- հիշեցրել է ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը հավելել է նաև, որ ուսումնասիրությունն իրականացնում էր ոստիկանությունը, բայց այդպես էլ պարզ չէր, թե ինչ կարգով էին մոնիտորինգի ենթարկում լրագրողական նյութերը: Չկային չափանիշներ, և յուրաքանչյուր դեպքում լրագրողի համար էլ հասկանալի չէր, թե ինչպես շարադրի նյութը, որպեսզի չհայտնվի ոստիկանության ուշադրության ներքո, ավելին, ոստիկանությունն ինքը չունի կարողություն նման մոնիտորինգ իրականացնելու համար:

«Այդ ժամանակ մենք անհապաղ դիմեցինք ՍԴ, որովհետև ակնհայտ էր, որ սա լուրջ խոչընդոտներ է առաջացնում հանրային կյանքի համար, նաև նրա համար, որ լրագրողներն ունենան պաշտպանված մասնագիտական աշխատանք: ՍԴ-ն մեր դիմումի հիման վրա սկզբում նախ կասեցրեց այդ դրույթի գործողությունը՝ հաշվի առնելով նաև դրա բացառիկ բացասական ազդեցությունը լրագրողների աշխատանքի նկատմամբ, և հետո հակասահմանադրական ճանաչեց այն դրույթը, որը մենք վիճարկում էինք Սահմանադրական դատարանում»,- եզրափակել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան