«Փոխանակ իրենք լռեն, վատ զգան, ամաչեն երկիրն այս վիճակին հասցնելու համար, դեռ մի բան էլ մեղադրում են լրագրողներին». Արմինե Օհանյան

11:22 19-01-2022

«Շատ ավելի կարևոր են այն հոգեբանական ճնշումները լրագրողների, մամուլի, խմբագիրների նկատմամբ, որոնք գործադրում են այս իշխանությունները: Հետևողականորեն արժեզրկում են լրատվամիջոցների արած գործը: Լրագրողների նկատմամբ են լուրջ հիասթափություն ձևավորել»,- այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:

Ըստ նրա՝ այս ողջ խառնաշփոթի մեջ իշխանությունները հասել են այն բանին, որ հասարակության մի ստվար զանգված լուրջ անվստահություն ունի լրատվամիջոցների նկատմամբ:

«Ես անընդհատ լրագրողներին փորձում եմ ներշնչել, որ իրենք իրենց ճշմարտացիության մեջ ավելի վստահ պիտի լինեն, ասում եմ, որ կարևոր ու օգտակար գործ են անում, ու էդ կողքից ասված թունավորումները չպիտի ազդեն նրանց վրա»,- ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը:

Որպես օրինակ՝ վերջինս բերեց երեկ Ազգային ժողովում (ԱԺ) իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը, ով կայքի խմբագրի հարցերին չի պատասխանել՝ նշելով, որ նա ներկայացնում է մի լրատվամիջոց, որը պայքարում է իրենց իշխանության դեմ:

«Փոխանակ իրենք լռեն, ամաչեն, վատ զգան, ամաչեն երկիրն այս վիճակին հասցնելու համար, դեռ մի բան էլ իրենք են մեղադրում լրագրողներին, թե պետության դեմ են աշխատում»,- ասաց Արմինե Օհանյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցների դեմ իշխանությունների սանձազերծած օրենսդրական սահմանափակումների առնչությամբ միջազգային կառույցների լռությանը, ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» հ/կ հիմնադիր Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ այս հեղափոխության հետ կապված իր բազմաթիվ հիասթափություններից մեկն էլ միջազգային կառույցներից տոտալ հիասթափությունն էր:

«Ես եղել եմ պատգամավոր ու 15 տարի աշխատել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Ես հիշում եմ, թե ինչպես էին միջազգային կառույցներում տարիներ շարունակ թքում մեր երեսին ամեն չնչին առիթով: Եվ ես ուզում եմ պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե նախկին իշխանությունների ժամանակ վիրավորանքն ու զրպարտանքը կրկին քրեականացվեր՝ թքած ունենալով ՀՀ ստորագրության վրա, որը դրվել էր՝ որպես հանձնառություն: Հայաստանի հանդեպ սանկցիաները կլինեին աննախադեպ, լրագրողական կազմակերպությունները մեկը մյուսի հետևից հայտարարություններ կանեին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նախկին պատգամավորը նկատում է՝ եվրոպական կառույցները գլոբալ խաղի մի մասն են, և հիմա Հայաստանում մի իշխանություն է, որը հարմար է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին և եվրոպական կառույցներին:

«Այսինքն՝ եվրոպական կառույցները լղոզված մի միֆ են, մի կոնգլոմերատ, որոնք ընդամենը սպասարկում են աշխարհաքաղաքական շահերը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ իր ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, ու ինքն անընդհատ զգուշացումներ է ստանում այդ սոցիալական հարթակից:

«Ես իմ եվրոպացի գործընկերներից իմացել էի, և ասում եմ ու պնդում եմ ու կարող եմ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում կապամոնտաժվի Սողոմոն Թեհլերյանի արձանը: Դրա վերաբերյալ մտահգություններս փորձեցի իմ ֆեյսբուքյան էջում փոխանցել, կես ժամ հետո գրառումը փակվեց, և հերթական անգամ ընկա Ֆեյսբուքի ֆիլտրերի տակ»,- ասաց նախկին պատգամավորը:

Խոսելով իշխանությունների կողմից առանձին լրագրողների թիրախավորումների մասին՝ «Yerevan today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանն ասաց՝ ինքը չի հիշում նախկին իշխանությունների ժամանակ մեկին, ով անընդհատ իրեն կասեր՝ «գնա, պրիչոսկադ սարքի» կամ նման այլ ցինիկ հայտարարություններ:

 

«Ես 20 տարի աշխատում եմ դաշտում, ունեմ բազմաթիվ հետաքննական նյութեր, ունեմ բացահայտած ինֆորմացիաներ, որոնք դարձել են պաշտոնանկության պատճառ կամ դատական գործընթացների հիմք, ու էս լրագրություն արած մարդուն հիշում են՝ թեթևսոլիկ վիդեոներով ընկալում ձևավորելով տիկտոկյան հարթակում»,- ասաց Սյուզի Բադոյանը:

Լրագրողը հիշեցրեց, որ մենք աշխատում ենք մի իշխանության օրոք, որի արդարադատության նախարարն ասում է, որ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և մեզ նույնացրեց տեռորիստ Նաիրի Հունանյանի հետ:

Քննարկման ամբողջական տեսանյութը՝