«Պատերազմի ողջ ընթացքում խաբեցին, ստեցին, այն դեպքում, երբ հասարակությունն իրականությունն իմանալու դեպքում ոտքի կկանգներ, և գուցե այլ ընթացք լիներ». Սաթիկ Սեյրանյան

11:17 19-01-2022

2019-2020թթ. Զանգվածային լրատվամիջոցներին ու լրագրողներին վերաբերող 176 հայց է ներկայացվել դատարաններ, որոնցից 94-ը՝ 2019, իսկ 82-ը՝ 2020թ․:

Այս մասին այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Ըստ նրա՝ 2021թ., ինչպես և 2019-2020 թվականները, ծանր են եղել մամուլի համար, իսկ 2020թ. ավելի ծանր է լինելու:

«Ցավոք, մենք ականատես եղանք, որ փողոցներից ժողովրդավարական կարգախոսներով կառավարական աշխատասենյակներ տեղափոխված իշխանությունները, ժողովրդավարության արժեքները ոտնահարելով, ամեն ինչ անում են մամուլի դեմ, որովհետև մամուլը դիտարկում են՝ որպես ավտորիտար իշխանություն հաստատելու՝ իրենց ցանկության հիմնական խոչընդոտը, քանի որ մամուլն ունի վերահսկողական դեր»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

ՀԺՄ նախագահի խոսքով՝ ԶԼՄ-ների համար ծանր է աշխատելն այն առումով, որ վերջիններս շատ հաճախ չեն ստանում պետական մարմիններին ուղղված իրենց հարցումների պատասխանները:

«Ցավոք, տեսանք, որ քաղհասարակությունը, որ մինչ այս իշխանափոխությունը տեսանելի էր, սպասարկում են այս իշխանությունների շահերը: Իրենք իրենց համարում էին հեղափոխության, փոփոխությունների ջատագովներ, այնինչ արդյունքում պարզվեց, որ իշխանության ջատագովներն են ու երբեմն սրեր են ճոճում լրատվամիջոցների դեմ»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Ըստ նրա՝ այնպես է ստացվել, որ հիմա Հայաստանում ժողովրդավարության պահպանողները լրատվամիջոցներն են, որովհետև նրանք են փորձում վերահսկել իշխանությունների անվերահսկելի գործողությունները:

«Այո, նախկին իշխանությունների օրոք էլ մենք մշտապես խոսել ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն, որովհետև մեր ոլորտում էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կան խնդիրներ: Բայց մենք չէինք սպասում, որ իշխանությունները, որի լիդերն այս ոլորտից է և լավ հասկանում է մամուլի դերը, կգա և կփորձի պայքար տանել մամուլի դեմ: Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս իշխանությունները դասակարգային պայքար են սկսել մամուլի դեմ: Ու սկսեցին ֆինանսական կորուստներ պատճառել ԶԼՄ-ներին… Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցն ինչպես է աշխատել, շատ հաճախ ինչպես է ֆինանսավորում հայթայթել»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ սկսեցին անհեթեթ օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես՝ «Գովազդի մասին» օրենքի փոփոխությամբ սահմանափակել լրատվամիջոցների ֆինանսական հոսքերը:

Նա նշեց՝ այս ամենը քողարկվում էր իբրև թե շահումով խաղերի ու օնլայն կազինոների դեմ պայքարելով, սակայն հետո պարզվում է, որ նույն այդ օնլայն կազինոներն այս իշխանությունների ֆինանսական քսակներն են, իրենց հանգստի հովանավորներն ու Աննա Հակոբյանի հիմնադրամների դոնորները:

«Որևէ իշխանություն հավերժ չէ: Աստված անի՝ երկիրը քիչ կորուստներ ունենա, այս իշխանություններն էլ են մի օր փոխվելու, և գալու է մի իշխանություն, որն էլ սկսելու է կոռուպցիոն դրվագներ բացահայտել: Մամուլն այս տարիներին բազմիցս է գրել, թե ինչպես է փոխվել այս իշխանությունների ֆինանսական և գույքային վիճակը իշխանության գալուց հետո: Հողաթափերով եկել են ու հիմա ինչ միջոցների են տիրապետում… Ո՞ւր են այդ հակակոռուպցիոն մարմինները: Հետևանք կա՞… Ոչ…»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

ՀԺՄ նախագահը նկատեց՝ որպես լրագրող, լրատվամիջոցի ղեկավար և պարզապես քաղաքացի՝ այս իշխանություններին չի կարող ներել 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնական ապատեղեկատվությունը:

«Պատերազմի օրերին պահանջում էին զոհված զինվորների թաղումները չնկարահանել, ճշմարտությունը չտալ, որպեսզի հասարակությունը չիմանա: Ամբողջ ընթացքում կեղծ տեղեկատվություն տվեցին, խաբեցին, ստեցին, այն դեպքում, երբ հասարակությունն իրականությունն իմանալու դեպքում ոտքի կկանգներ, և գուցե այլ ընթացք լիներ: Հասարակությունը կարող էր ճնշում գործադրել ու դադարեցնել այդ մանիպուլյացիաները»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

ՀԺՄ նախագահը նկատեց՝ ամենավատը, որ տեղի ունեցավ, պաշտոնական տեղեկատվության նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունն է:

«Սա աններելի բան է, որովհետև Հայաստանը մշտապես գտնվում է պատերազմի մարտահրավերների առջև: Մենք պիտի դիմակայենք դրանց… Ինչի՞ն պիտի հավատա հասարակությունը»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ բարեբախտաբար, և իշխանությունները շատ լավ գիտեն այդ մասին, հասարակությունը կարդում է ոչ իշխանական մամուլ, և շարունակում են պայքարել մամուլի դեմ, այդ թվում և՝ սոցիալական ցանցերի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ