«ՀՀ-ում ձևավորվում, խորանում է ձևով՝ ժողովրդավար, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ». Սաթիկ Սեյրանյան

21:26 15-10-2021

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ ասաց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, ինչ-որ իմաստով արդեն հետին պլան է մղում այն բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել նաև նախկին իշխանությունների ժամանակ։

 

«Բոլոր իշխանությունները ցանկացել են ինչ-որ իմաստով ազատվել կամ լռեցնել ազատ խոսքը, բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում վերջին 3,5 տարիների ընթացքում, այլևս նախկին դեպքերին չենք անդրադառնում։ Այն, որ այս իշխանությունը գլոբալ հարթությունում, հանրային տրամադրություններում, սոցիալական մեդիայում գեներացրել են թշնամանք՝ ակնհայտ է։ Նույնիսկ ցուցակներ էին հրապարակում, որ լրատվամիջոցից օգտվել, այս ընթացքում շատ կոշտ հարձակումների են ենթարկվել լրագրողները։ Մենք՝ լրատվամիջոցների ու կազմակերպությունների ղեկավարներս, նաև որպես գործատուներ՝ հորդորում ենք մեր լրագրողներին զերծ մնալ քաղաքական տեսակետներ արտահայտելուց, նաև սոցիալական ցանցերում, սակայն, ցավոք, այս տարիների ընթացքում տեղի ունեցան ցավալի դեպքեր, որոնց դեպքում դժվար է, որ լրագրողները չանդրադառնային ու քաղաքական գնահատական չտային՝ զուտ որպես քաղաքացի։ Հատկապես պատերազմի օրերին մարդիկ որպես քաղաքացի չէին կարող չարձագանքել»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն ընդգծեց, որ այն բոլոր քայլերը, որոնք տեղի էին ունենում հասարակական-քաղաքական կյանքում, նույնը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև մամուլի նկատմամբ, հետևաբար՝ մամուլի մասին խոսելիս, այդ ամենը չի կարող համարվել որպես լրատվամիջոցի խնդիր միայն, դա ընդհանուր հասարակության խնդիր է։ Մամուլի դեմ ուղղված որևէ գործողություն ակնհայտ գործողություն է՝ ուղղված խոսքի ազատության, տեղեկացված լինելու իրավունքի դեմ։

«Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, որպես դրա հետևանք՝ ֆինանսական, բայց հավասարապես՝ նաև քարոզչական մակարդակներում։

Խոսքի ազատության համընդհանուր նորմերի ու սահմանադրական իրավունքների հետ ակնհայտ հակասություններ ունեցող ամենատարբեր օրենսդրական նախաձեռնություններով մի կողմից՝ փորձ է արվում լռեցնել ու վերահսկելի դարձնել մամուլը, մյուս կողմից՝ նրան զրկել առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցներից ու աղբյուրներից։

Ասվածը վերաբերում է՝ ինչպես Գովազդի մասին օրենքում կատարված հայտնի փոփոխություններին, այնպես էլ՝ վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված պատժաչափերը բազմապատկելու աղմկահարույց օրենքին, որը վերջերս ֆորմալ լեգիտիմացում ստացավ նաև Սահմանադրական դատարանի կողմից։

Այս ամենին զուգահեռ՝ ազատ խոսքի ու մամուլի դեմ ընթանում է լատենտ պայքար նաև քարոզչական դաշտում, իշխանությունը, ըստ էության, մամուլը հռչակել է՝ որպես դասակարգային թշնամի, և ամենատարբեր միջոցներով հասարակության շրջանում փորձ է արվում ձևավորել կարծրատիպ, որ լրատվամիջոցներն իշխանություններին խանգարում են աշխատել, ծաղկեցնել ու շենացնել երկիրը»,- հավելեց Սաթիկ Սեյրանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չափազանց կարևոր է արձանագրել, որ մամուլի դեմ ծավալված արշավն իրականում ուղղված է ոչ թե առանձին վերցրած լրատվամիջոցների, այլ խոսքի ազատության դեմ ընդհանրապես և տեղավորվում է ավտորիտար կամ բռնապետական իշխանություն ձևավորելու ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Գործող իշխանությունը փորձում է վերացնել հանրային կառավարման համակարգի բոլոր այն ենթահամակարգերը, որոնք թեկուզ փոքր չափով կարող են իրականացնել իշխանությանը վերահսկելու գործառույթ և ապահովել հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմի առկայությունը, որն ընկած է ժողովրդավարական կարգի հիմքում։

«Քաղաքացիական հասարակության գրեթե բացակայության կամ դեֆորմացման պայմաններում մամուլը մնացել է այն միակ համակարգը, որն իրականացնում է այդ գործառույթը, ուստի միանգամայն հասկանալի է իշխանության նախանձախնդրությունը լրատվամիջոցների դեմ պայքարի հարցում։ Մամուլն այն քիչ հակակշիռներից է, որը խոչընդոտում է ամբողջությամբ միանձնյա, որևէ իրական վերահսկողությունից դուրս իշխանություն հաստատելու նկրտումներին։ Հետևաբար, մամուլի դեմ իշխանությունների կողմից իրականացվող արշավի հաջողության դեպքում, Հայաստանը հաստատուն քայլեր է կատարելու դեպի դիկտատուրա տանող ճանապարհին։
Ստեղծված իրավիճակի նրբություններից մեկն այն է, որ գործնականում այս հարցում մամուլը, լրատվամիջոցները մնացել են միայնակ և իշխանությունների կամայականությունների դեմ պայքարում ըստ էության դաշնակիցներ չունեն։ Եթե նախկինում այդ դերը կատարում էին ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Հայաստանում ու Հայաստանից դուրս գործող համապատասխան միջազգային կազմակերպությունները, ապա այսօր դրանք գրեթե բոլորը լուռ են և իրենց լռությամբ էլ ավելի են քաջալերում իշխանություններին՝ շարունակելու մամուլի դեմ իրենց հաղթարշավը։ Սակայն պետք է արձանագրել նաև, որ ի պատիվ մեր բազմաթիվ գործընկերների, անկախ լրատվամիջոցներից շատերը հաստատակամ են իրենց առաքելության մեջ և շարունակում են աշխատել ամեն օր ավելացող սահմանափակումների պայմաններում։

Մամուլն այս իմաստով ունի առանցքային դերակատարում և հանդիսանում է լրջագույն պատվար՝ դեպի բռնապետություն տանող ճանապարհին։ Ուզում եմ հույս հայտնել, որ իր այս կարևոր առաքելության մեջ մամուլը չի մնա միայնակ, ինչպես որ այսօր է, և կունենա դաշնակիցներ Հայաստանն իրապես ժողովրդավարական պետություն դարձնելու դժվարին գործում»,- եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը։

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում