Այսօր իշխանության ներկայացուցչի կողմից արձանագրվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հերթական աղաղակող դեպքը. իշխող «Իմ քայլը» խմբակցության մականունավոր պատգամավոր Հայկ Սարգսյանը առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը` կատարվածը գնահատելով որպես խոսքի ազատության ու մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի մաս: Նման հանցագործությունները հնարավոր են դառնում նաև մամուլի դեմ ուղղված նախկին ապօրինությունների, անպատժելիության և համարժեք իրավական գնահատականների բացակայության պառճառով:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններից պահանջում է տեղի ունեցածի առնչությամբ իրականացնել օբյեկտիվ քննություն`համարժեք իրավական հետևանքներով, իսկ ԱԺ նախագահից` կատարվածը դարձնել էթիկայի հանձնաժողովի քննության առարկա: Հակառակ դեպքում հասարակությունն ու մամուլը կեզրակացնի, որ իրականությանը համապատասխանում են սույն սանձարձակ պատգամավորի` ամենաթողության ինդուլգենցիա ունենալու մասին տեղեկությունները:
Հայաստանի ժուռնալիստների միություն