Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձագանքելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ԱԺ ընդունած փոփոխություններին, որոնք սպառնում են սահմանափակել լրատվամիջոցների և խոսքի ազատությունը՝ էապես ավելացնելով զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքները, հայտարարություն է տարածել։ «ՀՀ իշխանությունների պարտավորությունն է պաշտպանել մեդիա ազատությունն ու արտահայտվելու ազատությունը»,- նշել է կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնյան մասնավորապես կարծիք է հայտնել․ «Ցավալի է, որ ՀՀ կառավարությունը աջակցում է տուգանքների բարձրացմանը, ինչը կճնշի արտահայտվելու ազատությունը և կսպառնա երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»։
Բեհրենդտը ասել է, որ քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրինագիծը, հիմնավորելով, որ այն կարող է չափազանց բարձր տուգանքների ենթարկելու միջոցով քաղաքական ճնշումների ենթարկել անկախ այն լրատվամիջոցները, որոնք կքննադատեն հանրային և քաղաքական հայտնի գործիչներին. «Մենք հորդորում ենք ՀՀ իշխանություններին հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները և չեղարկել այս օրինագիծը»,- ընդգծել է Մարկ Բեհրենդտը։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարությունում ներկայացրել է օրինագծի ընդունման նախապատմությունը՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններն ընդունել է մարտի 24-ին՝ սահմանելով առավելագույն տույժեր զրպարտության և վիրավորանքի համար՝ 3 և 6 միլիոն ՀՀ դրամ (մոտավորապես $5,700 և $11,400)։ Օրինագիծն ընդունվել է առանց հաշվի առնելու Արդարադատության նախարարության կամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և լրագրողական կազմակերպությունների տեսակետները, որոնք լուրջ մտահոգություններ են հայտնել դրա վերաբերյալ: Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՀՀ նախագահին օրենքը չստորագրելու և այն վերանայման նպատակով Սահմանադրական դատարան ուղարկելու հորդորով:
Հայաստանը ապաքրեականացրել է զրպարտությունն ու վիրավորանքը 2010թ.-ին ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրներին ուղղված դիմումից հետո: Այն նաև խախտում է 2011 թ. ՀՀ ՍԴ-ի կայացրած թիվ 997 որոշումը: Հայաստանի Սահմանադրական դատարանը կոչ էր արել հաշվի առնել լրատվամիջոցների ֆինանսական վիճակը զրպարտության և վիրավորանքի գործերով տուգանքներ սահմանելիս: