ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեդիա ոլորտի մասնագետների քննարկման արդյունքներն անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերի վերաբերյալ

15:50 11-02-2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2021թ. փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների մշակած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում և դրա հետ կապված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի քննարկում՝ մեդիա ոլորտի մասնագետների, այդ թվում՝ մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

Մանրամասն քննարկման են արժանացել օրենսդրական նախագծերի այն դրույթները, որոնք վերաբերում են անանուն աղբյուրներին հղումների արգելքներին։

Ըստ այդմ, ստորև ներկայացվում են քննարկման հիմնական հետևությունները.

  • Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկությունների տարածման հնարավորությունների զարգացմանը զուգընթաց մեծացել են թե՛ մարդու իրավունքներին ու առաջին հերթին՝ խոսքի ազատությանը, թե՛ անվտանգության հարցերին վերաբերող մարտահրավերները: Դրանք նախևառաջ կապված են անանուն կամ չնույնականացվող (ըստ նախագծերի՝ անանուն) աղբյուրներից կեղծ կամ սուտ տեղեկությունների տարածման հետ:
  • Այս պայմաններում մի կողմից պետությունն ունի իրավաչափ խնդիր՝ թույլ չտալու անվտանգության խաթարում ու ապահովի հանրային շահի, այդ թվում՝ իր հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը, մյուս կողմից՝ դա պետք է անի այնպես, որ իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտրվեն. պետք է ընտրվեն այնպիսի միջոցներ, որոնք բավարար ու պիտանի կլինեն իրավաչափ նպատակին հասնելու համար: Այդ ամենը պետք է արվի հնարավոր նվազագույն սահմանափակումների միջոցով՝ հաշվի առնելով խոսքի ազատության հիմնարար նշանակությունը իրավունքի գերակայության ու ժողովրդավարության համար:
  • Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի նշված իրավաչափ շահը, քանի որ կանգնած է նշված մարտահրավերների ու ռիսկերի առաջ: Սակայն դրա հետ միասին, սահմանափակված է ժողովրդավարական և իրավական պետության պահանջներով:
  • Ակնհայտ է, որ 2003 թվականին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Այն համակարգային իմաստով պետությանը չի տալիս այս ոլորտում թիրախային քաղաքականություն իրականացնելու, անընդհատ առաջացող մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու հնարավորություն:

     Ուստի, առկա է համակարգային փոփոխության անհրաժեշտություն: Ընդ որում, չափանիշը պետք է հստակ լինի. դրվագային (էպիզոդիկ) կամ առավել ևս իրավիճակային փոփոխություններն անթույլատրելի են:

  • «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի ընդունման հիմնավորումը չի պարունակում նշումներ այն մասին, թե ինչ մարտահրավերներ են մեր պետության առջև կանգնած, ինչպես է պետությունը պատրաստվում դրանք լուծել և ինչու են ընդունման ներկայացվել հենց այս նախագծի դրույթները, երբ ոլորտն ունի համակարգային կարգավորման կարիք:

Նախագծի հիմնավորումները ներկայացված չեն միջազգային փորձի կամ չափանիշների տեսանկյունից: Չկա անդրադարձ, թե արդյոք առաջարկվող լուծումները համապատասխանում են միջազգային պարտավորություններին ու կոնկրետ միջազգային որ կանոնների վրա են դրանք հիմնված:

Օրինակ՝ հաշվի առնված չէ, որ աղբյուրի անանունությունը չպետք է շփոթել լրագրողական աղբյուրների գաղտնիության հետ, որի դեպքում լրագրողին հայտնի է իր աղբյուրը, սակայն նա իրավունք ունի չբացահայտել աղբյուրի ինքնությունը կամ նույնականացում ապահովել։ Այդ աղբյուրները գտնվում են հատուկ պաշտպանության ներքո ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1234 որոշմամբ, ԵԽ Նախարարների կոմիտեի (2000)7 հանձնարարականով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով։ Մինչդեռ, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է չնույնականացված աղբյուրին, որը տարբերվում է անանուն աղբյուրից: Այստեղ շփոթություն է առաջացնում «անանուն» եզրույթի օգտագործումը, ուստի անհրաժեշտ է քննարկել այն այլ եզրույթով փոխարինելու հարցը. բանն այն է, որ անանուն աղբյուրները, ինչպես և գաղտնի աղբյուրները, գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանության ներքո: Բացառություն են կազմում դեպքերը, երբ կոնկրետ աղբյուրից տարածվում է ատելության խոսք։

Հատկապես պետք է հաշվի առնել միջազգային իրավաբանության այն սկզբունքը, որ ցանկացած կարգավորում չպետք է վնասի հանրային նշանակության տեղեկատվության ազատ հոսքը։ Միջազգային իրավաբանության պահանջն է, որ ցանկացած կարգավորում պետք է հիմքում ունենա հետևյալ հիմնական սկզբունքը․ եթե կարգավորման արդյունքում սահմանափակվում է տեղեկատվության ազատ հոսքը, նման կարգավորումը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, քանի որ հանրային ու մասնավոր շահերն այդ դեպքում չունեն արդարացի հավասարակշռում:

Նույն կերպ՝ նախագծերի հիմնավորումներում առկա չէ միջազգային փորձի, որևէ երկրի հաջողված կամ ձախողված փորձի վերլուծություն: Մինչդեռ, ոչ միայն անհրաժեշտ էր այլ երկրների փորձ վկայակոչել, այլ նաև ցույց տալ, թե, ասենք, իրական ժողովրդավարական համակարգով որ երկրում են այս նախագծի լուծումները հաջողվել ու որ երկրում են դրանք ձախողվել:

Նախագծի հիմնավորումներում ցույց տված չէ նաև, թե հայաստանյան իրականությունում առկա խնդիրները, կոնկրետ պրակտիկ հարցերը ինչպես են նախագծերով լուծվելու (օրինակ՝ կապված Տելեգրամի, Ֆեյսբուքի հետ և այլն) ու ինչու է առաջացել կարիք՝ մշակելու հենց այս նախագիծը: Օրինակ՝ արդյոք հաշվի է առնված, որ ընդհանրապես առաջարկվող դրույթներն անհրաժեշտ են ատելության խոսքի կարգավորման համար ու այն էլ քննարկման հարց է, թե ինչ պետք է հասկանալ ատելության խոսքի ներքո: Կամ արդյոք դիտարկված է ինքնակարգավորման մեխանիզմի բանաձևը՝ ասենք, հիմնվելով Գերմանիայի փորձի վրա ու որը համարվում է ժամանակակից արդյունավետ լուծում:

Հիմնավորումներում պետք է անդրադառնալ նաև այն հարցին, թե նախագծի լուծումներն ինչ ազդեցություն են ունենալու հետաքննական լրագրության վրա:

Այս առումով, օրինակ, նախագծի հիմնավորումներում որևէ կերպ քննարկված չեն այն հարցերը, որոնք մտահոգություններ են առաջացրել մասնագետների մոտ: Այդ հարցերին նախագծերի հեղինակները մաս-մաս անդրադարձել են միայն իրենց հրապարակային ելույթներում ու այն էլ նախագծերի հրապարակումից հետո:

Փոխարենը՝ նախագծի հիմնավորումներում կատարված են առաջարկվող փոփոխությունների միայն պարզ, ոչ խորքային բնույթի մեկնաբանություններ: Փաստաթուղթը չի համապատասխանում նախագծերի հիմնավորումներին ներկայացվող պահանջներին առհասարակ:

Նշվածներն անընդունելի մոտեցումներ են, առանց այն էլ խոսքը վերաբերում է ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունեցող արժեքների ու սահմանադրական իրավունքների նկատմամբ պետության միջամտություն նախատեսող նախագծերի:

  • Նախագծի կոնկրետ դրույթների հետ կապված՝ խնդրահարույց է ինքնին «անանուն աղբյուր» հասկացությունը որոշակիության տեսանկյունից. հստակ չէ, թե ինչպես կարող է տվյալ կայքի, լրատվամիջոցի կամ դոմեյնի տնօրինողի նույնականացումն ապահովվել կամ չապահովվել:

Հատկապես խառնաշփոթություն է առաջացնում այն, որ «անանուն աղբյուր» արտահայտությունը նույնացվում է լրագրողի աղբյուրի գաղտնիության հետ, որը իրավունք է և որպես այդպիսին գտնվում է ազատ խոսքի լայն պաշտպանության տակ՝ ինչպես inter alia սահմանված է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1234 որոշմամբ կամ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Աղբյուրները չբացահայտելու լրագրողների իրավունքի թիվ R(2000)7 հանձնարարականով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով։

  • Նախագիծը թիրախավորում է հենց սուբյեկտը՝ աղբյուրը, լրատվամիջոցը, այլ ոչ թե մատուցվող տեղեկությունը, դրա բովանդակությունը: Ստացվում է, որ նախագծերի առանցքային նպատակը պայքարն է ոչ թե տեղեկատվության բովանդակության (օրինակ՝ կեղծ տեղեկություններ) դեմ, ինչը կապահովեր հավասար ինստիտուցիոնալ մոտեցում ոլորտի նկատմամբ, այլ կոնկրետ սուբյեկտների դեմ: Դա իր հերթին պարարտ հող է ստեղծել ընտրողական մոտեցման համար՝ այդպես էլ չապահովելով կեղծ կամ սուտ տեղեկության տարածման իրական կանխարգելումը կամ դրա դեմ իրական պայքարը՝ ելնելով ոչ թե նրանից, թե ով է տարածողը, այլ թե ինչ տեղեկություն է տարածվում:  Հենց այդ պատճառով է, որ նախագծում ամրագրված են ոչ թե տեղեկության բովանդակությանը ներկայացվող չափանիշներ, այլ սուբյեկտի կամ տեղեկության աղբյուրի հատկանիշներ, որոնք նույնպես չունեն որոշակիություն և մտահոգության առարկա են:

Ի վերջո, օրենսդրությամբ սահմանված ցանկացած բացարձակ արգելք, եթե դա պայմանավորված չէ ատելության խոսքով, խնդրահարույց է կարծիքի արտահայտման ազատության համար։

  • Նախագծով առաջարկվում է նախատեսել, թե համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցն իր կայքում ինչ տվյալ պետք է ներառի: Ստացվում է, որ այդ պահանջներից թեկուզ մեկի, ասենք, պետական գրանցման վկայականի համարի բացակայությունն ինքնին կարող է հանգեցնել նրան, որ լրատվամիջոցը չդառնա այլ լրատվամիջոցների համար աղբյուր, քանի որ չի բավարարում իր մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջներին:

Մինչդեռ, նույնիսկ անանուն աղբյուրից ստացված տեղեկությունը կարող է հանրային նշանակություն ունենալ, իսկ հանրությունն ունի տեղեկացված լինելու իրավունք։

Սա իր հերթին առաջ կբերի հենց բարեխիղճ լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտներ, քանի որ վերջինները, փաստորեն, չեն կարողանա հղում անել այն աղբյուրին, որն իրականում անանուն չէ, մինչդեռ նախագծի իմաստով կարող է դիտարկվել այդպիսին, մեկնաբանվել և այդ կերպ նաև կիրառվել: Իսկ նախագծի այս լուծումները չեն ծառայի չնույնականացվող կամ, ինչպես նախագծի հեղինակներից մի քանիսն են նշել, անանուն աղբյուրների գովազդի դեմ պայքարին, քանի որ այդ նույնը կանեն սոցիալական ցանցերի օգտատերերը կամ արտասահմանում գործող հայկական լրատվամիջոցները: Հաշվի առնելով այն, որ տեղեկությունների տարածման կամ փոխանակման աշխարհը չի ճանաչում տարածքային սահմաններ, այս մտահոգությունը մնում է բացարձակ չփարատված:

  • Ստացվում է՝ նախագիծը չի լուծելու սոցիալական ցանցերի կամ հավելվածների (Տելեգրամ, Ֆեյսբուք և այլն) անանուն կամ կեղծ կամ չնույնականացվող էջերի զարգացումը կանխելու հայտարարված խնդիրը և չի ապահովելու նաև դրանք դեմ պայքարը: Ավելին, այն նույնիսկ խթանելու է տեղեկությունների տարածմանը այդ աղբյուրներից կամ դրանց պահանջարկի ավելացմանը:
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն առաջարկող նախագծով վարչական պատասխանատվություն է առաջարկվում՝ կապված նախագծային լուծումների հետ: Այս պահին ձեռնպահ մնալով առաջարկվող զանցակազմերի բովանդակային քննարկումից՝ անհրաժեշտ է հատուկ նշել, որ առաջարկվող տուգանքներն ակնհայտ անհամաչափ են, այն էլ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի խնդրահարույց կարգավորումների ֆոնին: Սանկցիաները նախատեսում են 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելուց հետո՝ 1,000,000 ՀՀ դրամի չափով տուգանք:
  • Առավել խնդրահարույց է այն, որ նախատեսված են անհատական մոտեցման հնարավորություն չտվող, բացարձակ որոշակի (ֆիքսված) սանկցիաներ: Այսինքն՝ իրավակիրառող մարմնի համար նախատեսված չէ նվազագույն և առավելագույն  շեմ կամ որ նույնն է՝ ենթադրյալ իրավախախտման կոնկրետ հատկանիշների հիման վրա անհատականացված որևէ հնարավորություն: Սա հակասում է քննության արդարացիության գաղափարին և կարող է ձևավորվել կարծիքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքին անհամաչափ միջամտության պրակտիկա:

     Սա հակասում է նաև համաչափության սկզբունքին, ըստ որի՝ նույնիսկ ցնցող, անհանգստություն պատճառող, սադրող ու նույնիսկ վիրավորական խոսքը որոշակի հանգամանքների ներքո կարող է փոխհավասարակշվել այլոց շահերի ու իրավունքների հետ, հետևաբար՝ լինել օրինական։

     Փաստորեն, օրենսդրական նախագծի առաջարկվող կարգավորումը հնարավորություն չի տալու կիրառել համաչափության սկզբունքը, առանց որի դժվար է պատկերացնել Սահմանադրության 42 և 78-րդ հոդվածներով սահմանված երաշխիքների ապահովումը։ Սա էլ այն ֆոնին, որ նախագծերն առանձին իրավունքների մասով էլ են խնդրահարույց Սահմանադրության տեսանկյունից:

  • Նախագծերը չեն անցել պատշաճ հանրային քննարկումներ, ինչպես նաև պատշաճ չէ հաշվի առնված չեն մասնագետների մտահոգությունները: Առավել ևս անընդունելի է, որ նախագծի հիմնավորումների պաշտոնական տեքստում բացակայում են այդ մտահոգությունները փարատող նշումներ: Փոխարենը, նախագծերի հեղինակներից մի քանիսը հանդես են եկել հրապարակային, այդ թվում՝ իրարից առանձին ու դետալացման տարբեր աստիճանի հրապարակային հարցազրույցներով, իսկ այս վիճակը չի կարող ընդունելի լինել, քանի որ այդ փաստարկները պետք է արտացոլված լինեին նախագծի հիմնավորումներում: Այս կանոնը կարևոր է՝ հաշվի առնելով այն իրավունքի պաշտպանության բարձր շեմը, որին միջամտելու մեխանիզմ է նախատեսում նախագծերի փաթեթը:

Նախագծերի կարգավորումները չեն քննարկվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ և կարծիքի էլ չեն ուղարկվել: Հաշվի առնված չեն Պաշտպանի տարեկան զեկույցներում ու հաղորդումներում տեղ գտած դիտարկումները, մոնիթորինգի արդյունքները:

  • Նախագիծը չի ուղարկվել միջազգային փորձաքննության, որպեսզի միջազգային մարմիններն անդրադառնան այն հարցին, թե արդյոք նախագծային լուծումները համահունչ են կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորմանը:
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փետրվարի 9-ին տեղի ունեցած քննարկման մասնակից բոլոր մասնագետները Պաշտպանին ուղղված իրենց դիտարկումներում նշել են, որ նախագծերը, հատկապես անանուն աղբյուրների վրա հղում անելու արգելքների տեսանկյունից, զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, հետապնդում են քաղաքական բնույթի նպատակներ և չեն լուծելու նախագծերի հեղինակների կողմից ֆորմալ հռչակված նպատակներն ու իրական խնդիրները:
  • Քննարկման մասնակից մասնագետները նաև ընդգծել են, որ առաջարկվող փոփոխությունները համակարգային չեն ու նաև արձանագրել, որ մեդիա ոլորտում հենց նման դրվագային փոփոխություններն են, որ վնասել են լրատվական ոլորտի կայացմանը և գործնականում էլ չեն ծառայել ժողովրդավարական պետությունում իրավաչափ նպատակին:
  • Ավելին, ըստ մասնագետների դիտարկման՝ մեդիա դաշտում առկա խնդիրները, այդ թվում՝ անանուն աղբյուրների վրա հիմնվելով՝ տեղեկատվության տարածումը, շատ դեպքերում հենց պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ոչ պատշաճ արձագանքի արդյունք են: Սա նաև Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումն է:
  • Ապատեղեկատվության կամ կեղծ տեղեկությունների դեմ պայքարի հարցում առաջնային նշանակություն ունի պետության հանրային հաղորդակցության քաղաքականությունը։ Ըստ մասնագետների՝ խնդիր է, որ հանրային հաղորդակցության հարցերում պետության մարմինների թերի աշխատանքի պատճառով խիստ ցածր է նրանց տրամադրած տեղեկությունների հավաստիության նկատմամբ վստահությունը: Ավելին, նշվածին ավելանում են նաև այն դեպքերը, երբ տարածվող ապատեղեկատվության հերքումները հրապարակվում են ուշացումներով՝ օրեր անց ու այն էլ ամբողջական ծավալով և այլն։

     Քննարկման մասնակիցների պնդմամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումների համաձայն՝ հաճախակիացել են դեպքերը, երբ գրավոր հարցումները պետական մարմինները անպատասխան են թողնում կամ պատասխանում են արհեստական ձգձգումներով կամ տրամադրում են խուսափողական, բովանդակազուրկ պատասխաններ։

Այսինքն՝ պետությունը պատշաճ չի կատարում իր պարտավորությունները ու պատասխանատվությունն էլ դառնում է անհամաչափ՝ ի վնաս խոսքի ազատության: Այս խնդիրների պատճառով է նաև, որ անանուն աղբյուրները և դրանցից տարածվող ինֆորմացիան լայն տարածում է գտնում հասարակությունում։

  • Առկա մտահոգությունների հաշվառմամբ՝ քննարկման ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչները միակարծիք համոզմունք են հայտնել, որ անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող կարգավորումները, պատասխանատվություն նախատեսող լուծումները պետք է հանել նախագծերից կամ նախագծերն այս տեսքով ընդունվել չեն կարող:

Հատկապես պետք է մտածել «անանուն» եզրույթից հրաժարվելու մասին։

Հակառակ դեպքում՝ նախագծերն այս տեսքով չեն կարող ընդունվել: Մյուս կարգավորումները կարող են դառնալ քննարկման առարկա։

  • Ըստ քննարկման արդյունքների՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առավել ամբողջական կամփոփի քննարկման արդյունքները, դրանք կներառի իր պաշտոնական կարծիքում ու միասնական տարբերակով կուղարկի Ազգային ժողով։

Սույն հայտարարությունում ամփոփված են 2021թ. փետրվարի 9-ի հետևյալ մասնագետների հետ քննարկման արդյունքները․

 

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան,

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյան,

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան,

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյան,

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի ղեկավար Սուրեն Դեհերյան,

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն», media.am կայքի խմբագիր Գեղամ

Վարդանյան,

«Հայկական ՓԻ ԱՐ» ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյան,

Մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյան,

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյան։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

11.02.2021թ.