Այսօր ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հ/ը ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անժամկետ հացադուլ է սկսում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նա նշեց, որ ՀՀ վարչապետը փլուզել է մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների, նաև այլ երկրների հետ:
«Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա ընթացքում իր պոռոտախոսությամբ, մեծախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական PR-ի, սեփական անձի, նեղ շրջանակի մասին, կազմալուծել է ՀՀ կառավարման ողջ համակարգը, որի արդյունքը տեսանք անցնող երկու ամիսներին, երբ չէր գործում պետական կառավարման համակարգը: Վարչապետը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է մի փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինդադար կնքել պատերազմի տարբեր փուլերում, որի մասին հստակ էր, հայտնի էր, որի մասին խորհուրդ էին տալիս նրան պարբերաբար, լոկ սեփական անձի փրկության համար նա չգնաց դրան և ի վերջո մեր հայրենիքի մեծագույն մասը մեկ ստորագրությամբ հանձնեց թշնամուն, նա օր առաջ պետք է գնա»,- ասաց Մանուկյանը:
ՀՅԴ անդամը պնդեց, որ չի կարող Հայաստանն ունենալ զարգացում, ծավալել դիվանագիտական գործունեություն, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումը՝ 168.am-ի