Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման եւ մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների հարցով: ՄԻՊ-ն ընդգծել էր, որ նշված սահմանափակումները կոնկրետ չեն, հստակ չեն, ուստի անձինք ու լրատվամիջոցներն անորոշության մեջ են հայտնվել եւ չգիտեն ինչպես գործել։ Սահմանադրական դատարանն այդ դիմումը վարույթ ընդունելու կամ չընդունելու որոշման համար ունի 3-20-օրյա ժամկետ։ Սակայն եթե անգամ ամեն ինչ արագացված կերպով ընթանա, ՍԴ-ն կարող է որոշում կայացնել 9 ամիս հետո։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանի հաշվարկով՝ վիճարկվում է օրենք եւ մի հատ էլ՝ կառավարության որոշում, մի խոսքով՝ 6 ամիս+3 ամիս։ «Նախատեսված է 6-ամսյա ժամկետ, եւ ՍԴ որոշմամբ կարող է եւս 6 ամսով երկարաձգվել»։
Սակայն 9 ամսում երեխա է ծնվում, եւ ակնհայտ է, որ 9 անգամ՝ 3 ամիս հետո ցանկացած որոշում անիմաստ կլինի, որովհետեւ ռազմական դրությունը կարող է ավարտված լինել, իսկ այսօր արդեն ԶԼՄ-ներն ունեն տասնյակների հասնող վարչական վարույթներ, որոնցից յուրաքանչյուրը 700 հազար դրամ տուգանք է նախատեսում։ ՍԴ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ արագացված ընթացակարգեր։ «Ոչ»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը, սակայն նշեց, որ գոյություն ունի կառավարության որոշումը ժամանակավորապես կասեցնելու ինստիտուտ, եթե, իհարկե, Սահմանադրական դատարանը որոշի՝ «անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ»։ Այսինքն՝ սա նման է առաջին ատյանի դատարանի կողմից հայցի ապահովման միջոցի կիրառման, ինչը կնշանակի կասեցնել կառավարության որոշման գործողությունը՝ մինչեւ վերջնական որոշում կայացնելը։
ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն էլ մեկնաբանեց՝ դատարանի հայեցողական որոշմանն է թողնված՝ կարող է որոշել շուտ քննել, կարող է՝ սովորական ընթացակարգով։ Նման որոշումներ ընդունելու համար, ըստ Գյուլումյանի, պետք է լինի ՍԴ դատավորների ձայների մեծամասնություն՝ հինգ ձայն։ 9 անդամի դեպքում մեծամասնությունը 5-ն է՝ ասաց Գյուլումյանը։ Զրուցեցինք նաեւ բազմաթիվ վարչական վարույթներ ունեցող «168․am» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ, որն ասաց․ «Սա հույժ հրատապություն պահանջող հարց է, հույս ունեմ, որ ՍԴ-ն սահմանված ժամկետում վարույթ կընդունի։ Եվ մենք քայլեր ունենք դեռ անելու, առաջ չընկնեմ մեր գործողություններից, սպասենք տեսնենք, թե ինչ կանի, որովհետեւ բոլոր լրատվամիջոցներն են այս մասին ահազանգել են՝ Ժուռնալիստների միության հետ միասին, որ պետք է հնարավորինս արագ այս հարցին լուծում տալ։ Որպեսզի զերծ մնանք իշխանությունների կամայական որոշումներից․ ում կտուգանեն, ում՝ ոչ, որովհետեւ հասկանում ենք, որ սա ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք է դարձել»։
Հրապարակումը՝ hraparak.am-ի