Քանի որ ՄԻՊ-ն արդեն դիմել է ՍԴ, ՀՀ նախագահի աշխատակազմը կհետևի հետագա գործընթացներին

21:26 04-11-2020

Երեկ՝ նոյեմբերի 3-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որում ասվում էր․
«Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է ՀՀ նախագահին ՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում ստուգելու խնդրով:

Ըստ այդ որոշման՝ ոստիկանությանը տրվել է, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ տալու լայն լիազորություն, ու հրապարակումը մամուլի էջերից (եթերից, կայքերից) անհապաղ հեռացնելու պահանջ ներկայացնելու, գույքն անմիջապես առգրավելու իրավասություն՝ առանց սահմանելու, թե ներգործության տվյալ միջոցները ո՞ր իրավահարաբերության շրջանակներում պետք է իրականացվեն, և դրանց բողոքարկման ի՞նչ ընթացակարգեր են գործելու։ Խնդրում ենք տեղեկություններ տրամադրել հետևյալ հարցերի վերաբերյալ:

1. Ի՞նչ դիրքորոշում ունի Հանրապետության նախագահը նշված խնդրի վերաբերյալ:

2.Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ նախագահը օգտվել իր սահմանադրական իրավունքից ու դիմել Սահմանադրական դատարան ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում ստուգելու»,-ասված էր ՀՀ նախագահին ուղղված նամակում։

Քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք հետևյալ պատասխանը․

«Հանրապետության նախագահը մշտապես կարևորել է խոսքի ազատությունն ու դրա անխոչընդոտ իրացման հնարավորությունը:

Հաշվի առնելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Ձեր նշած հարցով արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան, Հանրապետության նախագահի աշխատակազմը հետևելու է հետագա գործընթացներին:

Միաժամանակ, Հանրապետության նախագահի աշխատակազմը մտադիր է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել Ձեր դիմումում բարձրացված խնդրի առնչությամբ»,-ասված է Ս․ Սեյրանյանին ուղղված պատասխան նամակում:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ ՀԺՄ նախագահը հոկտեմբերի 9-ին դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերջինիս դիրքորոշումը ՀՀ կառավարության 1655-Ն որոշման վերոնշյալ լրացումների մասին։

Մասնավորապես, թե արդյոք օրենքների նախագծերի փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը և և չի՞ վտանգում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված ազատորեն արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության: ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը Արման Թաթոյանին ուղղված նամակում գրել էր․

«Ակնկալում ենք, որ օգտվելով Ձեր լիազորություններից, հնարավորինս հրատապ կարձագանքեք, գործուն քայլեր կձեռնարկեք և նաև կդիմեք Սահմանադրական դատարան։ Նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»։

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, երեկոյան ՀՀ ՄԻՊ գրասենյակը տեղեկատվություն հաղորդեց, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ռազմական դրության հիմքով մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան։

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Հրապարակումը՝ 168.am-ի