168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի հետ զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծից, ըստ որի՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի համար փոխհատուցման չափն ավելանում ու 1 միլիոն ՀՀ դրամից՝ 5 միլիոն, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն ՀՀ դրամից՝ 10 միլիոն է դառնում:
«Վիրավորանքի դեպքում գործ ունենք այն արտահայտությունների հետ, որոնցով պիտակավորում եք անձին, բնութագրում 1-2 բառով, իսկ զրպարտության դեպքում անձին վերագրվում է գործողություն, որն ինքը չի կատարել»,- անդրադառնալով այս երկու հասկացությունների սահմանմանը՝ ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ եթե թվում է, թե ինչ-որ մեկը նորմալ արտահայտություն է անում, պետք է նայենք ակցենտավորմանը՝ կա՞ սարկազմ, թե՞ ոչ, ի՞նչ ենթատեքստով է ասվել:
«Երբ վիրավորանքն անորոշ ես ասում, ոչ հասցեական, դա արդեն վիրավորանք չի համարվում: Վիրավորանքը միշտ պետք է ունենա հասցեատեր: Ես դատական պրակտիկայից կբերեմ օրինակ, որովհետև երևույթը նոր չէ: Եթե լայն շրջանակի համար հասցեատերը պարզ է, ապա մենք ունենք հասցեավորում: Եթե մարդիկ հասկանում են, թե խոսքն ում մասին է, դրան նախորդող քննարկումը դա թույլ է տալիս անել, ապա մենք ունենք հասցեատեր»,- ասաց Նարինե Բեգլարյանը՝ հավելելով, որ վիրավորանքը միայն խոսքով չի արտահայտվում, կարող են լինել նաև, օրինակ, վիրավորական ծաղրանկարներ և այլ գործիքակազմ:
Փաստաբանի խոսքով՝ շատ կարևոր է, թե ինչ է նախորդել վիրավորանքին, և շատ հնարավոր է, որ այն, ինչ նախորդել է այդ արտահայտությանը, բացառի դատական գործի հաջողությունը:
«Վիրավորանքը կարող է բացառվել, երբ անձը գնահատողական դատողություններ է արել: Օրինակ, եթե ինչ-որ ֆիզիկական անձ տեսնում է, որ որևէ մեկը մի քանի անգամ մարդկանց իրեր է վերցնում, ու նրա մասին խոսելիս ասի՝ այդ գողը, դա գնահատողական վերաբերմունք է՝ ձևավորված իր տեսածի հիման վրա: Կամ, երբ մարդիկ քաղաքական բանավեճի ընթացքում սուր կարծիքներ են ասում, կամ լրագրողն իր նյութում սուր արտահայտություններ է կիրառում, դա ևս գնահատողական վերաբերմունք է»,- նկատեց փաստաբանը:
Նա նշեց, որ շատ կարևոր է ամեն բան անել չափի սահմաններում, սակայն դա էլ է հարաբերական, քանի որ շատ դժվար է սահմանել առհասարակ չափը:
«Դրա համար այստեղ դատարանների հայեցողության շրջանակը լայն է, և նրանք պետք է կարողանան ապացույցների շրջանակում, ներքին համոզման հիման վրա որոշել»,- ասաց Նարինե Բեգլարյանը՝ նշելով, որ վերջին տարիներին դատավորները բավականին պատճառաբանված դատական ակտեր են գրում այս մասով:
Հարցին, թե արդյո՞ք տուգանքի չափը բարձրացնելը կարողանալու է կանխել վիրավորանքն ու զրպարտությունը, և արդյո՞ք օրենքի այս փոփոխությունից չեն տուժելու լրատվամիջոցներն ու հասարակությունը, փաստաբանը պատասխանեց, որ ինքն այստեղ երկու խնդիր է տեսնում՝ խոսքի ազատության կաշկանդում և դատական պաշտպանության իրավունքի սահմանափակում, որովհետև դատարան դիմելու համար պետական տուրքի չափն է բարձրանալու նաև:
«Մարդկանց տեղեկացված լինելու իրավունքն այսպես չպետք է սահմանափակվի, մանավանդ, որ ես չեմ հավատում, որ սա իրապես օգնելու է նվազեցնել այն հոդվածների քանակը, որոնք իրենց մեջ պարունակում են վիրավորանք կամ զրպարտություն: Այստեղ ուրիշ գործիքակազմ է պետք, որը թույլ կտա մեծացնել լրատվամիջոցի նկատմամբ վստահությունը»,- ասաց Նարինե Բեգլարյանը:
Ըստ փաստաբանի՝ օրենքի այս փոփոխությունը կարող է կաշկանդել լրատվամիջոցին:
«Եթե գիտեն, որ իրեն կարող են դատի տալ, պետք է կրի իրավաբանի ծախս, իր անունը պետք է շոշափվի դատական գործընթացներում, բնականաբար, նա որոշակիորեն կաշկանդվելու է: Տուժելու է նաև հանրությունը, որովհետև խոսքի ազատության իրավունքը սերտորեն կապված է հանրության տեղեկացված լինելու իրավունքի հետ: Իրավական պետության իդեալական մոդելում իրավաբանները և հանրությունը վերահսկում են հանրային իշխանությանը հենց տեղեկացված լինելու շնորհիվ»,- ասաց Նարինե Բեգլարյանը:
Անդրադառնալով այն խնդրին, որ այսօր հաճախ լրատվամիջոցները որպես երրորդ անձ են ներգրավվում, ու նրանց էլ ներկայացվում է նույն դրամական պահանջի հայցը, ինչ պատասխանողին, փաստաբանն ասաց, որ երրորդ անձի նկատմամբ պահանջ չի կարող ներկայացվել:
«Օրենքը թույլ չի տալիս երրորդ անձի նկատմամբ պահանջ ներկայացնել: Վիրավորանքի և զրպարտության գործերով երրորդ անձանց ներգրավումն այլ նպատակ է հետապնդում, որովհետև այսօր գործնականում հնարավոր չէ եղած օրենսդրական գործիքակազմով հերքում կամ ներողություն հրապարակել: Հաճախ մարդն ուզում է, որ հերքումը լինի այն լրատվամիջոցում, որով ինքը զրպարտվել կամ վիրավորվել է: Բայց ինչպե՞ս դա պարտադրել լրատվամիջոցին, որովհետև լրատվամիջոցը հաճախ ասում է՝ ինչո՞ւ պետք է ես դա անեմ»,- ասաց Նարինե Բեգլարյանը:
Որպես օրինակ՝ փաստաբանը նշեց, որ ունի գործ, երբ ինքը լրատվամիջոցի ներկայացուցիչն է եղել ու հարց է ուղղել հայցվորի ներկայացուցչին՝ ի՞նչ պահանջ ունեք իմ վստահորդի դեմ:
«Ուղիղ եթեր է եղել, արտահայտություններ են արվել, ձեր խնդիրը պատասխանողի հետ է: Պատասխանել են, որ չունեն մեր դեմ պահանջ, բայց պահանջը բերում են, որ լրատվամիջոցը կատարի հերքում հրապարակելու պահանջը: Պետք է հասկանալ նաև, թե ինչու են դատարաններն այս կամ այն դրամական չափը սահմանում: Դատարանը նայում է պատասխանողի ֆինանսական դրությանը, նյութի տարածվածությանը և մի շարք այլ հանգամանքների»,- ասաց Նարինե Բեգլարյանը:
Վերջինիս խոսքով՝ տուգանքի չափ նշանակելիս նախագծի հեղինակները պետք է հաշվի առնեին լրատվամիջոցների շրջանառությունը, դատարաններում լրատվամիջոցներով գործերի միջին վիճակագրական ցուցանիշը ու ըստ դրանց՝ դուրս բերեին թիվը, որը չի խանգարի լրատվամիջոցի գործունեությանը:
«Պարզապես տուգանքի չափի ավելացումը չի լուծելու ոչ մի խնդիր: Վիրավորանք կամ զրպարտություն կատարելիս որևէ մեկին հետ չի պահել դրամական փոխհատուցման չափը: Պաշտպանության հնարավորություն տանք իրական հայցվորներին ու բարձրացնենք մարդկանց մեդիագրագիտության մակարդակը»,- եզրափակեց Նարինե Բեգլարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում