Աստղիկ Գևորգյան– Նախագահ
Ծնվել է Երեւանում, մտավորականի ընտանիքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը:
1957-70թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի օրգան ՙՍովետական Հայաստան՚ թերթի խմբագրությունում որպես ավագ գրական աշխատող, ապա` գրական քարտուղար:
1970 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանի ժուռնալիստների միությունում. 1970-77թթ. պատասխանատու քարտուղարի տեղակալ,
1977-92թթ. պատասխանատու քարտուղար, 1992թ. մինչ օրս` ՀԺՄ նախագահ:
Մամուլում աշխատելու տարիներին հանդես է եկել գրականության, մշակույթին վերաբերող բազմաթիվ հետաքրքիր, պրոբլեմային հոդվածներով, գրախոսություններով:
Նրա գործունեությունն առանձապես արգասաբեր է Հայաստանի ժուռնալիստների միությունում: Ա.Գևորգյանի ջանքերով տքնաջան աշխատանք է տարվել լրատվամիջոցների օրենսդրական դաշտի կարգավորման գործում, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ժուռնալիստների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ, հետևողական աշխատանք է տարվել մարզային մամուլի կայացման համար: Աստղիկ Գևորգյանը մեծ ներդրում ունի երիտասարդ լրագրողներին մասնագիտական օգնություն ցույց տալու գործում, նա սերտորեն համագործակցում է բուհ-երի, հատկապես Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ: Գնահատելի է նրա աշխատանքը սփյուռքահայ լրատվամիջոցներին Հայաստանի հետ կապելու, նրանց աշխատանքը գնահատելու, ուշադրության կենտրոնում պահելու գործում:
2009թ. մինչ օրս Աստղիկ Գեւորգյանը ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ է: 2009թ. մայիսին ընտրվել եւ 2013թ. մայիսին վերընտրվել է որպես Երևանի ավագանու անդամ:
Պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի Ադամանդակուռ ոսկե խաչով:
Գրիգոր Ջանիկյան– Նախագահի տեղակալ
Ծնվել է 1944թ․ դեկտեմբերի 2-ին,Բուլղարիայի Խասկովո քաղաքում , 1947թ հարյուր-հազարավոր հայերի հետ ներգաղթել է Հայաստան։ 1969թ․ ավարտել է Երևանի օտար լեզուների մակվարժական համալսարանը, տիրապետում է ֆրանսերեն,թուրքերեն, ռուսերեն լեզուներին։
Ջանիկյանը աշխատել է մի շարք առաջատար պարբերականներում․ ունի բազում հրապարակախոսական հոդվածներ, ուշագրավ գրքեր՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական էջերին, ազատագրական պայքարին։
Նա Հայաստանի Ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցույթի դափնեկիր է, արժանացել է «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալին, ժուռնալիստական, գրական մի շարք մրցույթների դափնեկիր է։
Էդվարդ Շահիրյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է 1928թ․ հունվարի 18-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում մտավորականի ընտանիքում։ 1950թ․ ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել հանրապետության առաջատար թերթում՝ «Խորհրդային Հայաստանում»։ Հանրապետությունում հայտնի է որպես տաղանդավոր ֆելիետոնիստ և հետաքննող լրագրող։
Նա Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ է, ՀԺՄ «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալակիր։
Կարինե Խոդիկյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է Վրաստանի՝ Ախալքալաք քաղաքում, ծառայողի ընտանիքում։
Ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան, Ախալցխայի Հովհ. Թումանյանի անվան հայկական միջն. դպրոցներում, Երևանի ռուսական կայազորի մանկապարտեզում՝ դաստիարակչուհի:
1988 թ. – ՛՛Կերպասագործ՛՛ բազմատիրաժ թերթում լրագրող:
1989-2001 թ.թ. – ՛՛Գարուն՛՛ ամսագրում հրապարակախոսության, ապա գրականության և պոեզիայի բաժինների վարիչ:
2001-2004 թ.թ. – ՀԳՄ ՛՛Գրական թերթի՛՛ գլխավոր խմբագիր:
2004-2008 թ.թ. – ՀՀ մշակույթի փոխնախարար:
2009-2011 թ.թ. – ՛՛Այբենգիր՛՛ հրատարակչատան հիմնադիր-գլխավոր խմբագիր:
2011-ին մինչ օրս – ՀԳՄ ՛՛Գրական թերթի՛՛ գլխավոր խմբագիր:
2001-2007 թ.թ. ՀՌԱՀ-ի անդամ:
2000 թ. հիմնել և մինչ օրս հրատարակում է ՛՛Դրամատուրգիա՛՛ գրական հանդեսը:
Ջուլիետա Մարտիրոսյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է 1954թ հունվարի 2-ին Երևանում։ 1976թ ավարտել է Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել երիտասարդական «Ավանգարդ» թերթում, նախ որպես թղթակից, ապա՝ մինչև օրս՝ թերթի գլխավոր խմբագիր։ Հմուտ կազմակերպիչ է, պրոֆեսիոնալ լրագրող, համարձակ և հետևողական աշխատանքում։
Ֆահրադ Ափուջանյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է1950թ օգոստոսի 15-ին Սպիտակի Արևաշող գյուղում։ Կուսակցական, հասարակական աշխատանքի հմուտ կազմակերպիչ է և շնորհալի լրագրող։ 1992թ․ մինչ օրս Սպիտակի «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիրն է, «Սպիտակի մտավորական» հասարակական կազմակերպության հիմնադիրն է ու ղեկավարը։
Արժանացել է Հասատանի վաստակավոր ժուռնալիստի կոչմանը, ՀԺՄ «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալակիր, Ուկրաինայի Ժուռնալիստների միության մրցանակակիր։ Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների։
Խիկար Գեղամյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է 1939թ․մայիսի 23-ին, Կոտայքի մարզի Կապուտան գյուղում։ 1967թ․ համալսարանը ավարտելուց հետո անցել է ժուռնալիստական աշխատանքի և մինչ օրս հավատարիմ է իր մասնագիտությանը, մարզի միակ՝ «Կոտայք» թերթի գլխավոր խմբագիրն է, հեղինակ է մոտ երկու տասնյակ ստվարածավալ գրքերի, վիպակների, էսսեների։
Գեղամյանն արժանացել է մի քանի մրցանակների՝ այդ թվում՝ ՀԺՄ «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալին։
Մեսրոպ Հարությունյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է 1959թ․հոկտեմբերի 19-ին, Սյունիքի մարզում։ 1980թ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ժուռնալիստական գործունեությունը սկսել է Սյունիքի մարզի Մեղրիի «Արաքս» թերթից, հետո աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում որպես գլխավոր խմբագիր։ Մեսրոպ Հարությունյանը ժուռնալիստիկայի փորձագետ է, ակտիվորեն մասնակցում է քննարկումների, կլոր սեղանների, լրագրողական օրենդրական դաշտի կազմավորմանը։ Նա միաժամանակ ժուռնալիստիկա է դասավանդում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։
Նաղաշ Մարտիրոսյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է 1966թ. դեկտեմբերի 9-ին, 1983-ին ավարտել է Աշտարակի Ն. Սիսակյանի անվան մաթեմատիկական թեքումով միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ավարտել է նաև ՙՊիոներ-կանչ՚ թերթի խմբագրությունում գրող- հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի հիմնադրած ՙՇավիղ՚ պատանի ժուռնալիստի դպրոցը:
1984թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժին:
1991 թվականին ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրա: 1997 թվականից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:
1999 թվականի հոկտեմբերին նշանակվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ:
2002-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007-ին, ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ, Ն. Մարտիրոսյանին շնորհվել է դոցենտի կոչում:
2008-ի ապրիլի 3-ին ընտրվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, 2013-ին վերընտրվել է:
2008-ին արժանացել է <<Ֆրիտյոֆ Նանսեն>> ոսկե մեդալի,
2009 թվականին` ԵՊՀ ոսկե մեդալի:
2012թ. հոկտեմբերին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, Ն. Մարտիրոսյանը պարգևատրվել է <<ՀՀ զինված ուժեր-20>> ոսկե մեդալով:
2013 թվականի հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով պարգևատրվել է <<Մայրենիի դեսպան>> մեդալով:
Բակալավրիատում վարում է <<Հեռուստատեսային ժուռնալիստիկա>>, <<Ժուռնալիստիկայի պատմություն և տեսություն>>, իսկ մագիստրատուրայում` <<Գիտահետազոտական աշխատանքի տեխնոլոգիա>> դասընթացները:
Նելլի Բեգլարյան– Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ։ Ծնվել է 1956 թ. հունվարի 12-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ծառայողի ընտանիքում: Ավարտելով Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցը` 1974-ին ընդունվել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը` ժուռնալիստիկա մասնագիտացմամբ: 1980 թվականին ընդունվել է աշխատանքի <<Արտաշատ>> շրջանային թերթում` որպես գրական աշխատող: 1992 թ. տեղափոխվել է <<Նավասարդ>> քաղաքային թերթ` պատասխանատու քարտուղարի, ապա` տեղակալի պաշտոններում, իսկ 2005-ի մայիսից ստանձնել է <<Արտաշատ>> և <<Նավասարդ>> թերթերի գլխավոր խմբագրի պաշտոնը: 2008-ի հունիսից <<Արարատ>> մարզային թերթի գլխավոր խմբագիրն է:
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է 2002-ից: Մասնակցել է տարբեր բնույթի դասընթացների, 2003-ին մեկամսյա որակավորում ստացել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում, 2010-ին արժանացել է <<Ազդարար>> մրցանակին: