Պետական մարմիններում չեն կարող գրանցվել լրատվամիջոցներ, որոնք չունեն նույնականացման տվյալներ կամ չեն հրապարակում տարեկան հաշվետվություն. ՔՊ պատգամավոր

17:26 19-10-2021

Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու դրան կից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ այս տարվա փետրվարին ու արժանացել էր ոլորտի ներկայացուցիչների՝ խնդրահարույց բնորոշմանը:

Դրանից հետո նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ԱԺ պաշտոնական կայքում ևս տեղադրվել է, սակայն այսօր պարզ դարձավ, որ մշտական հանձնաժողով է բերվել ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված նախագծից տարբերվող նախագիծ:

Փոփոխված տարբերակը նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներին հանձնելուց հետո հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն առանձնացրեց, իր խոսքով՝ նախագծում արված մի քանի բովանդակային նշանակալի փոփոխություններ, որոնցից առաջինը վերաբերում է նախագծում հայտնված «չնույնականացված աղբյուրներին»:

«Գոյություն ունեն չնույնականացված աղբյուրներ, որոնց տնօրինողի և ստեղծողի մասին որևէ պատկերացում չունենք և նաև նպատակների մասին պատկերացում չունենք, և քանի որ խոսքը վերաբերում է մեդիահարթակին, և 2003թ. ընդունված ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը ըստ էության գործնականում չէր կարող սահմանել նմանատիպ կարգավորում, կարծում եմ՝ սա ուշացած փոփոխություն է այս իմաստով, մենք սահմանել ենք «չնույնականացված աղբյուր» հասկացությունը ԶԼՄ-ների մասին օրենքում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի՝ նախագծում «չնույնականացվող աղբյուրը» կներկայացվի՝ որպես «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին»:

Օրենքում սահմանվելու են «տնօրինողի նույնակացման տվյալները»: Դրանք են «աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեություն իրականացնում է որպես ԱՁ, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպա-իրավական ձևը, գրանցման համարը»:

Նախագծով չնույնականացված աղբյուրների համար սահմանված նույնականացման տվյալները սահմանվել են նաև համացանցում գործունեություն իրականացնող լրատվամիջոցների (օնլայն լրատվամիջոցներ) համար:

Նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից:

Այս նախագծով նախատեսված է փոփոխություն կատարել նաև լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող հոդվածում:

Կփոխվի նաև պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը: Պատգամավորի փոխանցմամբ՝ եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն ու չի ներկայացրել օրենքով սահմանված նույնականացման տվյալները, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը ենթակա է մերժման:

«Սա տրամաբանական փոփոխություն է, որովհետև պետական մարմիններում չեն կարող գրանցվել լրատվամիջոցներ, որոնք չունեն նույնականացման տվյալներ, կամ լրատվամիջոցներ, որոնք չեն հրապարակում տարեկան հաշվետվությունը»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում