«Իսկ ինչո՞ւ դուք իմ փոխարեն պետք է որոշեք՝ ես որ պատգամավորի հետ պետք է խոսեմ. սա պատերազմ է ոչ միայն լրագրողների ու լրատվամիջոցների դեմ, այլև հասարակության. Անի Գևորգյան

19:10 01-09-2021

«Պարզվում է՝ մեզ համար բազմաթիվ ականներ էին տեղադրված, որոնցից շատերի մասին մենք՝ լրագրողներս, տեղյակ չէինք: Մենք պետք է պատրաստ լինենք, նաև որոշակի առումով ինքնապաշտպանության, որովհետև առաջին թիրախները մենք ենք»,- Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կազմակերպած «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Արմնյուզ» հը և Tert.am կայքի լրագրող, ԱԺ-ում հավատարմագրված Անի Գևորգյանը:

Նրա խոսքով՝ օգոստոս ամսի սկզբից իրենք խիստ սահմանափակումների պայմաններում են աշխատում:

«Ամեն վայրկյան մեր աշխատանքին փորձում են միջամտել ու խոչընդոտել՝ այս պատգամավորին չմոտենաք, նրա կողքով չանցնեք: Ընդ որում, հաճախ դա անում են ոչ միայն անվտանգության աշխատակիցները, այլև հոգեբանական ներգործության առումով: Կարող են ասել՝ «քեզ պե՞տք է», «դու քաղաքականացվում ես», «Քեզ օգտագործում են» և այլն: Եվ երբ մենք պարզապես երկրորդ հարցն ենք փորձում տալ, մեզ մեղադրում են քաղաքական գործունեության մեջ»,- ասաց Անի Գևորգյանը՝ հավելելով, որ դա հաճախ վերաբերում է պատգամավորների կողմից արվող հակահայկական արտահայտությունների լրագրողական արձագանքներին:

Լրագրողը համաձայն չէ այն մտքի հետ, որ հանրությունը հայրենասեր չէ, իր տարածքների նկատմամբ չունի տարածքային հավակնություններ, և այդ առումով Խորհրդարանում իրենք փորձում են շոշափել հանրային տրամադրությունները:

«Ես համաձայն չեմ, որ հանրությունը մեզ չի վստահում: Կարող են չվստահել որոշակի խմբեր, որովհետև մեզ դարձնում են թիրախ, նույնացնում են, բայց այնպես չէ, որ մեզ բոլորը չեն վստահում: Հաճախ են քաղաքացիները մեզ զանգում տարբեր հարցերով, տարբեր խնդիրներ բարձրաձայնում»,- ասաց Անի Գևորգյանը:

 

Ինչ վերաբերում է իրենց աշխատանքի սահմանափակումներին, լրագրողը նշում է, որ ԱԺ-ի ղեկավարությունը դա պայմանավորում է անվտանգության նկատառումներով, բերում Նաիրի Հունանյանի օրինակը կամ Արարատ Միրզոյանին ծեծելու դեպքը՝ մոռանալով, որ վերջինիս ԱԺ-ում լրագրողները չեն ծեծել, իսկ Նաիրի Հունանյանն էլ ԱԺ-ում հավատարմագրված լրագրող չի եղել: Այնպես որ, այդ պատճառաբանությունները հիմնազուրկ են:

«Լինում են դեպքեր, երբ պատգամավորը մեզ ասում է, որ հարցազրույցն ավելի հարմար կլինի անել իր աշխատասենյակում, բայց անվտանգության աշխատակիցը մեզ թույլ չի տալիս գնալ»,- ասաց Անի Գևորգյանը:

Լրագրողը ողջամիտ չի համարում բրիֆինգների սրահում ընտրված պատգամավորների հետ խոսելը:

«Իսկ ինչո՞ւ դուք իմ փոխարեն պետք է որոշեք՝ ես որ պատգամավորի հետ պետք է խոսեմ, ինչո՞ւ դուք իմ խմբագրի փոխարեն պետք է որոշեք, թե կոնկրետ այդ հարցին որ պատգամավորը պետք է պատասխանի: Սա պատերազմ է ոչ միայն լրագրողների ու լրատվամիջոցների դեմ, այլև հասարակության, որովհետև հասարակությունը ստանալու է վերահսկելի, սահմանափակ տեղեկատվություն»,- ասաց Անի Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան