Սաթիկ Սեյրանյան. «Լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելն իշխանության ձեռագիրն է». Sputnik Արմենիա

12:12 29-10-2019

Ժուռնալիստների միության նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի`մի շարք ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու հարցին. լրատվամիջոցները պետք է մասնակցեին «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց» խորագրով քննարկմանը:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին չի զարմացնում լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու երևույթը, քանի որ ավելի քան մեկուկես տարի հանրությունն ականատես է լինում բազմաթիվ նմանատիպ երևույթների, որոնց ներդնողն, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը նաև սև-սպիտակի բաժանումը լրատվական դաշտ բերեց: Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանության հովանավորչությունն են վայելում: Այսինքն՝ այդպես խոսում էր այն լրատվամիջոցի սեփականատերն ու խմբագիրը, որը, դժվար չէ կռահել, թե ներկայումս կամ նախկինում որտեղից է սնվել»- ասաց նա:

Ժուռնալիստների միության նախագահի խոսքով` տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում է կազմակերպվում, այլ Ստյոպա Սաֆարյանն իր ծննդյան տարեդարձն է նշում և անձնական հրավարներ է ուղարկում:

«Լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելն իշխանության ձեռագիրն է: Նման երևույթներ այսպես կոչված հեղափոխության առաջին իսկ օրից մենք տեսնում ենք։ Սա քայլ է ժողովրդական արժեքների, խոսքի ազատության և առհասարակ մարդու իրավունքների դեմ, իսկ եթե կան մարդիկ, որոնք բոյկոտում են նման միջոցառումները, նշանակում է, որ, այնուամենայնիվ, կան առողջ մտածելակերպով անձինք: Սա պետք է դատապարտվի, և լավ է, որ այս հարցում կա համերաշխություն»- նշեց Սեյրանյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։