«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարին պատասխանատվության է կանչում:
«Դեկտեմբերի 7-ին ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել է ազատ մամուլին և զրպարտել՝ հայտնելով, թե գիտենք ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում: Փողը տալիս են, պատվիրում են և պախարակում պաշտոնյաներին: Նա հնչեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի, «Հրապարակի» և այլ ԶԼՄ-ների անունները:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ իմացած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում տալու: Սակայն ՔՊ խմբակցութան ղեկավարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալ:
«Չեմ մեկնաբանում». միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերները արձանագրում են, որ Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ հիմքով է երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրել անպատասխանատու խոսք, սուտ և զրպարտություն:
Տեղեկացնենք, որ«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով դիմում է դատարան՝ պատասխանատվություն պահանջելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից:
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրելու պահանջ են ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Հրապարակ» օրաթերթը՝ դարձյալ անպատասխանատու խոսքեր ամբիոնից հնչեցնելու համար:
Հավելենք, որ մեդիափորձագետ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս պահանջել են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից՝ առանց հիմքերի և ապացույցների զրպարտանք տարածելու համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։