Այսօր հայտնի դարձավ, որ «Oragir.news» կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի վերաբերյալ քրեական վարույթով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քննիչի միջնորդությունը՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը հսկող դատախազի՝ հունիսի 29-ի որոշմամբ բավարարվել է։
Այս մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե – CPFE-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2022թ․դեկտեմբերի 14-ին Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ «Ի նշան բողոքի` պետք է հրապարակի տոնածառը վառել», որից հետո հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար։ Նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ և հանրային քրեական հետապնդում էր հարուցվել լրագրողի նկատմամբ։
Հունիսի 30-ին քրեական վարույթը կարճվել է։
168.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանն ասաց՝ կարճման վերաբերյալ դատարանի որոշում չի ստացել դեռ:
«Յոթ ամիս անց հասկացան, որ հանցակազմ չկա: Դա շատ ողջունելի ժամկետ է Հայաստանի քննիչների ու դատախազների համար: Կարող էին ևս տասը տարի չհասկանալ, կամ դատեին, նոր հասկանային: Այնպես որ, սա շատ հրաշալի որոշում է»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Գոհար Սավզյան