«5-րդ ալիքի» փաստաբանները իրավական ընթացք կտան Խաչատուր Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնության տարրեր պարունակող հայտարարություններին. հայտարարություն

16:58 07-11-2022

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (հանրության մեջ հայտնի որպես՝ «Գրզո») ագրեսիվ և պատգամավորի տարրական էթիկայի նորմերին հակասող պահվածքը մեր հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցը թիրախավորելու վիրավորական հռետորաբանությունից և պահանջում՝ կեղծ տեղեկություններ չտարածել:

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը դիտավորությամբ խոչընդոտելով «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի մասնագիտական գործուենությունը, գոռգոռալով և անընդունելի հռետորաբանությամբ նույնիսկ թույլ չի տվել լրագրողին ավարտել հերթական հարցը: Էթիկայի կանոնների խախտմամբ և տղամարդուն ոչ հարիր վարքագծով իրեն թույլ է տվել նաև վիրավորական արտահայտություններ լրագրողի և լրատվամիջոցի հասցեին և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդումներ արել հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին:

Չնայած հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունը մշտապես եղել է թափանցիկ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ «5-րդ ալիքի» հիմնադիր «Շարկ» ՍՊԸ-ի սեփականատերը գործարար Արմեն Թավադյանն է։ Նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում դեռևս 2000-ականների սկզբից: Հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է նրա միջոցների և գովազդային մուտքերի հաշվին:

«5-րդ ալիքի» փաստաբանները իրավական ընթացք կտան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խ. Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնության տարրեր պարունակող հայտարարություններին:

Իսկ մինչ այդ, պատգամավորի անընդունելի վարքագծի վրա ենք հրավիրում լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը:

«5-րդ ալիք» հեռուստաընկերություն
07.11.2022