ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ, քանի որ իրադարձությունների զարգացման ընթացքը հիմք է տալիս մտածելու, որ այն, ինչ տեղի է ունենում լրատվամիջոցի շուրջ, ունի քաղաքական ենթատեքստ, ազատ խոսքի սահմանափակման միտում:
«Ժողովուրդ» օրաթերթի և վերջինիս դեմ զրպարտության հայցապահանջ ներկայացրած Պետական առողջապահական գործակալության նախկին պաշտոնյա Սամվել Խարազյանի ու նրա շահերի ներկայացուցչի՝ իշխանությունների հետ առերևույթ փոխկապակցված փաստաբան Տիգրան Եգորյանի վարքագիծը հիմնավորում են վերոգրյալը:
Սամվել Խարազյան-Տիգրան Եգորյան տանդեմն արդեն երկրորդ հայցապահանջն է ներկայացնում օրաթերթի դեմ՝ մինչընթացակարգային խախտումներով հասնելով լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք դնելուն ու մերժելով «Ժողովուրդ» օրաթերթի առաջարկած հաշտության տարբերակը:
Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը խնդրի առնչությամբ պարզել է, որ երբ օրաթերթը ստացել է հայցը, անմիջապես կապ է հաստատել փաստաբան Եգորյանի հետ, առաջարկել հանդիպել, հասկանալ, թե հատկապես ո՞ր նախադասությունը կամ ո՞ր բառն է վիրավորել հայցվոր Խարազյանին, քանի որ հրապարակման մեջ, ըստ լրատվամիջոցի, որևէ վիրավորանք չի եղել: Հանդիպումը, սակայն, չի կայացել հայցվոր կողմի պատճառով:
Այնուհետև լրատվամիջոցի ներկայացուցիչը կրկին զանգահարել է Խարազյանի փաստաբան Տիգրան Եգորյանին, խնդրել ուղարկել հերքման տեքստ՝ հասկանալու համար, թե ինչն են ցանկանում հերքել, ինչո՞ւ են առանց հերքման տեքստ ուղարկելու միանգամից դատարան դիմել, սակայն կրկին չի ստացվել նրա հետ հանդիպել կամ ստանալ հերքման տեքստը:
Լրատվամիջոցն ընդունում է, որ իրենք փաստաբան չեն ունեցել, դատարանում չեն պաշտպանվել՝ մտածելով, որ դրա հարկը չկա, և, որ դատարանը կկայացնի արդար դատավճիռ, քանի որ իրենք վստահ են՝ չեն վիրավորել ու չեն զրպարտել հայցվոր Խարազյանին:
Այնուամենայնիվ, արդեն վճռից հետո, երբ իմացել են, որ որպես փաստաբանական ծախս՝ 150 հազար դրամ պիտի վճարեն փաստաբան Եգորյանին, ըստ պատշաճի՝ զանգահարել են վերջինիս գրասենյակ, խնդրել մաս-մաս վճարել նշված գումարը, բայց Տիգրան Եգորյանը չի համաձայնել:
«Ժողովուրդ» օրաթերթը գտնում է՝ ողջամիտ կասկած ունի, որ հայցվոր կողմի և հատկապես փաստաբան Եգորյանի նպատակը թերթին վնաս հասցնելն է:
Լրատվամիջոցի խմբագրակազմը չի բացառում, որ անձամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է հրահանգ տվել իր կողմից բարեհաճ վերաբերմունքի արժանացած փաստաբան Եգորյանին՝ հետապնդելու իրենց լրատվամիջոցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ այս տարվա օգոստոսի 25-ին, երբ այլ նյութի մեջ դարձյալ հիշատակել են հայցվորի անունը հիշեցման կարգով, նաև այդ հրապարակման համար է Տիգրան Եգորյանը դատարան դիմել՝ դարձյալ առանց հերքման պահանջը նախապես ներկայացնելու:
Լրատվամիջոցի խմբագրակազմը վստահ է՝ այս կերպ նպատակ ունեն իրենց արգելել՝ գրելու Սամվել Խարազյան անուն-ազգանունը, ինչն անթույլատրելի է:
Տարակուսելի է այս վարքագիծը, հատկապես, երբ Սամվել Խարազյանն իրականում, ըստ Քննչական կոմիտեի, մեղադրվել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, զղջացել է, պետությանը հասցված վնասը վերականգնել է, և լրատվամիջոցն իր հրապարակման մեջ ընդամենը հիշեցրել է այս մասին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը կողմերին հորդորում է վերադառնալ կառուցողական դաշտ, իսկ լրատվամիջոցի դեմ սկսված արշավը՝ դադարեցնել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ