«Նախկին գլխավոր խմբագիրը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.), իշխանության գալով, կարող էր արժևորել մամուլը, խոսքի ազատությունը, ինչ-որ սկզբունքներ դնել։ Բայց ցավոք սրտի, ինքն էլ գնաց նախկինների ճանապարհով, մի բան էլ առաջ գնաց»,- «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Նրա խոսքով, բոլոր իշխանություններին կարծես միավորում է մամուլի նկատմամբ ատելության զգացումը։
Օհանյանի գնահատմամբ, հենց 2018-ից մամուլի նկատմամբ այս իշխանության ատելության դրսևորումներն ակնհայտ էին։
«Նրանք մամուլի դեմ պայքարում են մի քանի ուղղություններով՝ հոգեբանական ճնշումներ լրագրողների, խմբագիրների նկատմամբ, օրենսդրական փոփոխություններ, հետևողականերոն արժեզրկում են ԶԼՄ կատարած աշխատանքը, նսեմացնում են լրագրողի աշխատանքը։ Դրա համար բացում են սունկ կայքեր, PerfectTV-ներ, որոնք իրականում մեծ վնաս են հասցնում դաշտին, լրագրողների նկատմամբ մեծ հիասթափություն են առաջացնում, որ մարդիկ չհավատան որևէ մեկի ասածին»,-ասաց Օհանյանը։
Նա մանրամասնեց, եթե մարդը սունկ կայքում կարդում է «Փաշինյանը հուժկու ապտակ հասցրեց Էրդողանին», ասում է՝ սա չի՞ ԶԼՄ մակարդակը, քանի որ մարդկանց համար շատ բարդ է կողմոնորշվել այս խառնաշփոթի մեջ, տարբերել, թե՞ որն է ֆեյքը, ո՞րն է իրականությունը։
«Այս խառնաշփոթի մեջ իշխանությունները հասել են այն բանին, որ հասարակության մի մեծ զանգված չի վստահում ԶԼՄ-ներին»,-ասաց նա։
Արմինե Օհանյանը նկատեց՝ փոխարեն գործող իշխանություններն ամաչեն, վատ զգան, որ երկիրը հասցրել են այս վիճակին, մի բան էլ լրագրողներն են մեղադրում, թե պետության դեմ են աշխատում։
«Երեկ ԱԺ-ում Խաչատուր Սուքիասյանը մեր լրագրողին ասել է՝ դու իրավուքն չունես ինձ հարց տալու, դու ընենց լրատվամիջոց ես ներկայացնում, որը մեր իշխանության դեմ է պայքարում։ Դա ասել է բազմաթիվ մարդկանց ներկայությամբ։ Փոխարեն լռեն, ամաչեն երկիրը նման իրավիճակում հասցնելու համար, նման բաներ են ասում»,-նշեց նա։
Աղբյուր` Panorama.am