«Թե 2019-ը, թե 2020-ը, թե 2021-ը ծանր ու ոչ նպաստավոր տարիներ են եղել մամուլի համար։ 2022 թվականն ավելի ծանր է լինելու»,- այս մասին «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նա մանրամասնեց՝ ծանր տարին պայմանավորված է լինելու երկրի ծանր քաղաքական-հասարակական իրավիճակով։
«Այդ խնդիրները չպետք է տարանջատել միմյանցից։ Այն, որ 2022-ը ոչ բարենպաստ տարի է լինելու Հայաստանի համար, վկայում են տնտեսական ցուցանիշները, քաղաքական զարգացումները։ Մամուլը կատարում է վերահսկողի դեր, իսկ փողոցից իշխանության եկած մարդիկ չեն ցանկանում, որ իրենց գործողությունները որևէ կերպ վերահսկվեն»,-ասաց Սեյրանյանը։
Նա նկատեց, այսօր ԶԼՄ-ները հաշտվել են այն իրավիճակի հետ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը քննարկվում է փակ ռեժիմով, հասարակությունը տեղյակ չի լինում, թե ինչ որոշումներ են ընդունվում։
Բացի այդ, չնայած պետական մարմիններն ունեն բյուջեից հատկացվող ռեսուրսներ, ունեն խոսնակներ, հասարակայնության հետ կապերի վարչություններ ու դրանց աշխատակիցներ, ԶԼՄ-ների հարցերի մեծ մասն անպատասխան են թողնում։
«Լրագրող ինչպե՞ս աշխատի, լրագրողի համար չափազանց ծանր պայմաններ են։ Ցավոք, քաղհասարակությունը, որ մինչ այս թվում է, փոփոխությունների ջատագով էր, պարզվեց, որ իշխանության ջատագովներ են, ու հիմա ձեռք ձեռքի տված հաճախ սրեր են ճոճում մամուլի դեմ։ Արդեն քանի տարի է՝ ես տեսնում եմ վտանգավոր երևույթ, որ նաև սոցիալական ցանցերում ուղղորդված կերպով թիրախավորում են ԶԼՄ-ներ, լրագրողներ, որոնք իշխանությանը ոչ հաճո քննադատություններ են հնչեցնում։ Եղել են նույնիսկ բռնության դեպքեր։ Հիմա այնպես է ստացել, որ մամուլն է դարձել Հայաստանում ժողովրդավարության պահպանը, փորձում է վերահսկել իշխանությունների անվերահսկելի գործունեությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախկին իշխանությունների օրոք էլ բարձրաձայնել են օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։
Սեյրանյանը խոստովանեց, չէին սպասում, որ այս իշխանությունը, որի լիդերը լրագրող է, պայքար կհայտարարի ԶԼՄ-ների դեմ։
«Ես չեմ զլանա, նորից կկրկնեմ, որ այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ, ամեն ինչ անում է, որ լռեցնի, օրենսդրական փոփոխություններով ֆինանսական վնասներ հասցնի ԶԼՄ-ներին։ Մենք՝ ներկաներս շատ լավ գիտենք, ինչպես է աշխատել Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցը, ինչպես է ֆինանսավորում հայթայթել, անկախ դրանից, երբ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան է պատահել, մենք կանգնել ենք նրա կողքին, բողոքի ակցիաներ ենք իրականացրել, ասուլիս ենք հրավիրել»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Նա նկատեց, իշխանությունները ներկայացնում են, իբր ազնիվ մղումներով պայքարում են շահումով խաղերի դեմ, բայց պարզվում է, որ դրանք իրենց իրականացրած իշխանափոխության քսակներն են, Աննա ակոբյանի հիմնադրամի հովանովորներն են, տարբեր երկրների իրենց այցերի ծախսերն են հոգում։
«Սա արվում է մամուլի դեմ։ Ցավոք, սրտի մեր երկրում տնտեսությունը չի աշխատում, հիմնված է հանքարդյունաբերության ու շահումով խաղերի վրա։ Տնտեսությունը երբ չի աշխատում, մամուլը չի ունենում գովազդներ։ Ի՞նչ գովազդեն, երբ ոչինչ չի արտադրվում, չկա մրցակցություն»,-ասաց նա։
Սեյրանյանի ներկայացրած վիճակագրության համաձայն, 2019-ի ու 2020-ի ընթացքում ԶԼՄ-ների ու դրա ներկայացուցիչների դեմ 176 հայց է ներկայացվել դատարան, որից 94-ը 2019-ի ընթացքում։
Աղբյուր` Panorama.am