Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ն:
Հայաստանում քննարկումների կենտրոնում են լինելու ընտրական բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, ԶԼՄ-ների վիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա հետևանքները Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա:
ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:
Ակնկալվում են նաև հանդիպումներ դատական համակարգի, դիվանագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: