Հանրահայտ իրողություն է, երբ վախկոտ, թույլ մարդը իշխանություն է ստանում, տիրապետում ուժային լծակների, նա դառնում է հասարակության համար վտանգավոր։ Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Նման դեպքերում հասարակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի, հիմնականում իրավական համակարգն է»,– ասաց նա։
«ՍԴ-ի վահեգրիգորյանացումից, դատական համակարգում Գագիկ Ջհանգիրյանից հետո եւ ընթացքում բնական է, որ հաջորդ թիրախը լինելու էր խոսքի, մամուլի ազատությունները: Լրատվամիջոցներն էին դառնալու թիրախ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանության կողմից իրականացվում է մամուլի դեմ արշավ։
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այս իշխանությունը խոսքի ազատությունը ճնշելու երկու ուղղություն է կիրառում. առաջինը արգելել որոշ թեմաներով հրապարակումները, երկրորդ նվազեցնել մամուլի ֆինանսական մուտքերը:
Նա հայտնեց, որ «Հայաստան» դաշինքն իր նախաձեռնությամբ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և շրջանառության մեջ դրել վիրավորանքի քրեականացման օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ՝ հիմնավորելով, որ այս օրենքը և՛ հակասահմանադրական է, և՛ հակասում է Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիային։
Աղվան Վարդանյանն ասաց, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, խոսքի ազատության պաշտպաններ, որոնք տարիներ շարունակ այդ առաքելությամբ են իբր հանդես եկել և ստացել են տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, աջակցություն, այսօր լուռ են։
Նա նաև նկատեց, որ միջազգային կառույցների, Հայաստանում գրանցված կազմակերպությունների արձագանքն այս խնդրին աներևակայելի անամոթ է և դա արձանագրվելու է. «Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է և ցանկացած քայլ կատարվում է մեկ անձի հրահանգով, բայց խորապես համոզված եմ, որ այդ մարդու վզից, զրահաբաճկոնից վերև կախվելու է ժանգոտ կողպեք, նման մի մրցանակ կար ժամանակին, իսկ ճակատին դաջվելու է նաև «մամուլի թշնամի» դրոշմը»,–ասաց նա։