Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեց Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը
Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն եւ ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:
Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:
Նախագծով առաջարկվում էր նաև ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչեւ 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչեւ 5 հազարով, սակայն Ալեն Սիմոնյանն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:
13 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց: