«Իրականում Նիկոլ Փաշինյանի՝ վերջին գրեթե բոլոր հայտարարություններն ինքնախոստովանանքի տարրեր են պարունակում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ լրատվական դաշտի ու դրա ներկայացուցիչների վերաբերյալ Դիլիջան քաղաքում հնչեցրած հայտարարություններին։
Սաթիկ Սեյրանյանը դժվարանում է ասել, նման հայտարարությունները նրա մոտ գիտակցաբա՞ր են ստացվում, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ պնդում է՝ Փաշինյանը բոլոր երևույթների վերաբերյալ ներկայացնում է իր աշխարհընկալումն ու պատկերացումները։
«Մամուլի մասին նրա այդ հայտարարությունները հենց այդ շարքից են․ նա մամուլի մասին դատում է այն կաղապարներով, որով ժամանակին ինքն է առաջնորդվել, սկզբում՝ որպես լրագրող, ապա՝ որպես խմբագիր։ Հայաստանյան լրատվական դաշտը, այո, ունի բազմաթիվ խնդիրներ, գուցե նաև արատներ, վատ դրսևորումներ։ Բայց եթե դա այդպես է, ապա դրանում ամենամեծ ներդրումն ունեցողներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը, հենց Նիկոլ Փաշինյանն է, ով իր լրագրողական կարիերան, ապա՝ խմբագրական աշխատանքը կառուցել է հենց իր ասած քիլլերության սկզբունքով՝ «ֆա՛ս»-ի կոճակով գործադրելով իր լրատվամիջոցը։
Նա եղել է Հայաստանի մամուլի համար առաջին, տարբեր ժամանակներում՝ գուցե ամենապահանջված լրատվական քիլլերը, որն ունեցել է տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր զոհեր, և ում օգտագործել են գրեթե բոլորը՝ իրենց խնդիրների լուծման ճանապարհին։ Այնպես որ, ամեն ինչում նախկիններին մեղադրող Նիկոլ Փաշինյանը մամուլի հարցում որևէ դատողություն անելիս պարտավոր է հիշել, որ լրատվական դաշտի ամենակարկառուն նախկինը ինքն է, մարդ, ով կարող է հավակնել մամուլում արատավոր երևույթների ու ավանդույթների ներմուծման ոչ պատվաբեր դափնիներին»,-ընդգծեց Ժուռնալիստների միության նախագահը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության այն հատվածին, թե լրատվական դաշտի օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, ապա Սաթիկ Սեյրանյանն արձանագրում է՝ այո, դրանց կարիքն իսկապես կա, մանավանդ հիմա։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամ արդեն իսկ ընդունել է, կամ պատրաստվում է ընդունել օրենքներ, որոնք ամբոջությամբ ուղղված են մամուլի ու խոսքի ազատության սահմանափակմանը և մամուլի վերահսկելիության բարձրացմանը։ Այդ առումով օրենսդրական կարգավորումների կարիք կա և պետք է վերացնել մամուլի դեմ ուղղված կամ նախապատրաստվող բոլոր օրենսդրական ակտերը, որոնք նրանք այս ընթացքում հաջողացրել են առանց լրատվական դաշտի մասնագետների կարծիքը հաշվի առնելու, այս կամ այն նպատակի իրագործման համար սղղացնել ու անցկացնել Ազգային Ժողով։
Կրկնում եմ, լրատվական դաշտում իսկապես կան խնդիրներ, կան լրագրողական էթիկան խախտող որոշ լրագրողներ, ինչն անընդունելի է։ Բայց Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը մամուլի նկատմամբ, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ հենց այդպիսի լրագրողները, անընդունելի ու դատապարտելի վարքագծով թիրախավորում են իրեն ու իր իշխանությանը՝ ճիշտ այն մեթոդներով, որոնցով կարիերա է կերտել Նիկոլը։ Նրան թվում է, որ ինչ կարելի էր իրեն, անթույլատրելի է մյուսներին։ Բայց բոլորիս հիշողությունը տեղում է, ոչինչ չենք մոռացել»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ դատապարտելով էթիկայի կանոնները խախտող լրագրողներին՝ միաժամանակ դատապարտելի է առանձին դեպքերը պրոեկտել ամբողջ լրատվական դաշտի վրա ու այն կոչել աղբանոց։
«Դատապարտելով էթիկայի կանոնները խախտող լրագրողների գործունեությունը, միևնույն ժամանակ դատապարտելի է առանձին դեպքերը պրոյեկտել ամբողջ լրատվական դաշտի վրա՝ այն անվանելով աղբավայր։ Լրատվական դաշտը աղբավայր է անվանում մի մարդ, ով դրա կարկառուն ներկայացուցիչն ու հիմնադիրն է եղել, ով թիրախավորել է առանձին մարդկանց, ով հենց քիլլերություն է արել, ով, ցավոք սրտի, երկիրը հասցրել է կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակին, կործանման եզրին։ Դա նույնն է, որ հետևելով Նիկոլ Փաշինյանի գործողություններին, Հայաստանն անվանել աղբավայր, քանի որ այն, ինչ նա անում է՝ որպես պետության ղեկավար, երևութական առումով չի տարբերվում նրանից, ինչ ոչ բարեխիղճ լրագրողները կամ, նրա բնորոշմամբ՝ քիլլերներն անում են իրենց զոհերի հետ։
Հայաստանում չպետք է լինեն ոչ միայն լրատվական, այլ նաև քաղաքական քիլլերներ։ Իսկ որևէ ոլորտ աղբավայր անվանելուց առաջ Նիկոլ Փաշինյանը թող աչքի անցկացնի այն ավերումները, որոնք Հայաստանում ու Արցախում արձանագրվել են նրա իշխանության ժամանակ ու պատճառով, և այն զոհերի թիվը, որն ամեն օր թաքցվում է իր իշխանության կողմից։ Թաքցվում է, այսօր՝ հենց հիմա քանի՞ փոս է փորվում և լցվում Եռաբլուրում և այլ գերեզմանոցներում, քանի՞ մարդ է փնտրում իր զավակներին, որքան տարածք ենք կորցնում այս պահին, քանի՞ գերի ունենք… Թող այս ամենը հաշվի։ Ավելին, քիլլերների մասին խոսում է մարդ, ով դիպուկահարներով է շրջում, ով գազելներով ու մեքենաներով, որպես դեկորացիա ու գլխաքանակ ապահովող, մարդկանց է տեղափոխում իր քարոզչական հավաքներին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Դիլիջանում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին համեմատել էր քիլլերների հետ: «Էսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է մի, կներեք արտահայտությանս, իսկական աղբանոցի, և մենք տեսնում ենք հետևյալը, ինչպե՞ս կարգավորել այդ դաշտը, մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ, հենց լրագրողական համքարության կողմից ստեղծվեն էթիկայի կանոններ, էդ էթիկայի կանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ, և նաև էդ էթիկայի կանոնները խախտելու համար որոշակի նաև պետք է գոյություն ունենան սահմանափակումներ: Ինչո՞ւ պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ, այո, և՛ պետք է ունենա, և՛ պետք է խստացվեն էդ էթիկայի կանոնները, նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև էսօր լրատվական գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան թե նման են լրագրողի»,- ասել էր նա: