Լրագրող Անի Գևորգյանն անպայման դատական կարգով կպատասխանի Ալեն Սիմոնյանին

14:40 09-06-2021

Երեկ մեր գործընկեր, Tert.am կայքի և «Արմնյուզ» հեռուստաալիքի լրագրող Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր նկատմամբ դատական հայց է ներկայացրել, իսկ այսօր արդեն մանրամասնել էր ներկայացված հայցադիմումի առարկան:

«Ինչպես երեկ հայտնել էի՝ ծանուցվել եմ, որ Ալեն Սիմոնյանն ընդդեմ ինձ դատական հայց է ներկայացրել: Այսօր ծանոթացա նյութերին ու հայցի առարկային, Ալեն Սիմոնյանը հերքում է պահանջում և գումար՝ 2 մլն դրամ, որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում»,- մասնավորապես գրել էր Անի Գևորգյանը:

Հայցը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին: Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ Անի Գևորգյանի՝ «Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի հատուցման» պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Հիշեցնենք, որ օգտատերը ԱՆի Գևորգյանի և նրա երեխայի լուսանկարն էր հրապարակել և գրառումներ արել, ինչից հետո Անի Գևորգյանի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ դա Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, որովհետև հաջորդել է ԱԺ-ում իր հնչեցրած հարցին, թե հազարավոր զոհերից հետո, ինչու են ծափահարում Նիկոլ Փաշինյանին, այդ հարցը տրվել էր նաև Ալեն Սիմոնյանին:

Անի Գևորգյանի ներկայացուցիչ Լիլիա Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միանշանակ է, որ մտնելու են դատարան ու պատասխան ներկայացնեն:

«Դա չի քննարկվում: Մեր մտադրությունն է՝ պատասխանել Ալեն Սիմոնյանին, սակայն այս պահի դրությամբ դեռ մեր գործողությունների մարտավարության վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց Լիլիա Սիմոնյանը՝ հավելելով, հայցադիմումը նոր են ստացել, պատասխանելու համար ունեն 2 շաբաթ ժամանակ:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ