Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի տարեկան հաղորդման և զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցած Մարիա Կարապետյանի ելույթին, անդրադարձավ նաև վերջին շրջանում Հանրային հեռուստաընկերության գործունեությանը՝ նշելով, թե վերջիններս Սյունիքի վերաբերյալ ՄԻՊ հայտարարությունները չեն լուսաբանում:
«Հիմա ես ուզում եմ հատուկ անդրադառնալ Հանրային հեռուստատեսությանը: Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը: Մենք հատուկ մոնիտորինգ ենք արել: Իմ հայտարարություններից Սյունիքի հետ կապված համարյա ոչ մի բան չեն լուսաբանում: Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Ես խիստ զգուշացնում եմ հե՛նց այս պահին այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե՝ ՄԻՊ տեղեկություններն աղավաղող: Նրանք պիտի իրականը տրամադրեն մարդկանց: Առավել ևս մարդիկ դիտում են, չէ՞, սահմաններում Հանրային հեռուստատեսությունը:
Հանրային հեռուստատեսությունը նաև հայտարարել է, որ սկսում է մասնավոր լրատվական մի ալիք, ես ուզում եմ հատուկ ասել՝ ես դա վերցնելու եմ հատուկ մոնիտորինգի տակ՝ մանավանդ որ հանրային ֆինանսներ են հատկացվում, հասկանալու համար՝ ինչ անաչառության աստիճանի է լուսաբանվում: Եվ նորից զգուշացնում եմ, որ չփորձեն աղավաղել Հայաստանի ՄԻՊ-ի հայտարարությունները»,- ելույթում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ